Գումարի բացակայությո՞ւնն է պատճառը, թե՞ ինֆորմացիայի պակասը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գումարի բացակայությո՞ւնն է պատճառը, թե՞ ինֆորմացիայի պակասը

Հարցազրույց Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրեն ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Պարոն Հարությունյան, օգոստոսի 1-ից բարձրանալու է պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը, սա նշանակալի՞ փոփոխություն է:

— Ըստ նախարարի հրապարակածի, այո, մոտ 10-15 տոկոսի չափով բարձրանալու է, դա նշանակում է, որ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունների վճարման չափորոշիչները պետք է փոխվեն: Գոնե այս վերջին երկու տարին, որ ես եմ ղեկավարում, նման փոփոխություններ չեն եղել: Այսինքն՝ ինչ է դա նշանակում. մեր բժիշկներն ու բուժքույրերը վարձատրվում են կցագրված ազգաբնակչության թվաքանակին համապատասխան գործակիցներով:

Ի՞նչ եք կարծում, սա փոփոխություն կմտցնի՞ աշխատելաոճում, այսինքն, մարդիկ ավելի շատ բողոքում են պոլիկլինիկաներում երկար սպասելուց, հերթ կանգնելուց, չնայած, որ հայտնի է, նույն կաբինետի բժշկուհին նաև այլ կառույցում է աշխատում՝ համատեղության կարգով:

— Ինչ վերաբերում է մասնագետների մոտ սպասելուն. գիտե՞ք, որ մարզում նեղ մասնագետների պակաս կա, բայց սա միայն ֆիզիկական անձանց պակասին չի վերաբերում, այլ նաև դրույքներին: Մեր պոլիկլինիկայում մենք նեղ մասնագետների հետ կապված ունենք փոքր դրույքաչափեր, և նեղ մասնագետը չի կարող ամբողջ օրն այստեղ անցկացնել: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի, այն դրույքաչափը, որն ինքը ունի, մոտավորապես օրվա կտրվածքով 2-3 ժամն է, կամ շաբաթը երկու անգամ կարող է գալ և իր դրույքաչափին համապատասխան ժամանակահատվածում սպասարկել քաղաքացիներին:



Նշանակում է, որ նեղ մասնագետի պահանջը չկա ու դրա համար փոքր դրույքաչա՞փ է սահմանված:

— Տեսեք, ըստ կցագրված ազգաբնակչության է ձևավորվում համապատասխան դրույքաչափը: Եթե ազգաբնակչությունը 30 հազար և ավելի է, համապատասխան դրա է ձևավորվում դրույքաչափը: Եթե մեզ մոտ 17 հազար է, ուրեմն նեղ մասնագետի համար ձևավորվում է ավելի փոքր դրույքաչափ, և մենք ստիպված նեղ մասնագետից պահանջում ենք կես դրույքաչափին համապատասխան ժամաքանակ: Աշխատանքային օրենսգրքին համապատասխան, բժիշկը պետք է աշխատի 7,5 ժամ, իսկ կես դրույքաչափի դեպքում արդեն հասկանալի է, չէ՞, որ նեղ մասնագետը ավելի քիչ ժամանակով է զբաղված լինում: Ու դրա համար նա կարող է կամ շաբաթական 2-3 օր 5-6 ժամով աշխատել, համապատասխան իր դրույքաչափի պահանջների, կամ ամեն օր՝ 2-ական ժամով: Կան նաև նեղ մասնագետներ, օրինակ, նյարդաբաններ, որոնց թիվը մարզում քիչ է, ու որի կարիքը շատ կա, մենք ստիպված ենք հարմարվել բժշկի աշխատանքային գրաֆիկի հետ: Այստեղ է, որ կողքից նայողին թվում է, թե հերթ է գոյանում, մարդիկ շատ են սպասում, մինչդեռ պոլիկլինիկայի հաճախորդներն արդեն իսկ տեղեկացված են, եթե չեն մտապահել, ապա մասնագետների կաբինետներին փակցված է աշխատաժամերը, ու աշխատանքը կազմակերպվում է ըստ հերթականության: Բայց մեկ այլ հանգամանք էլ պետք է նշեմ. հիմա, երբ մտցվել է էլեկտրոնային առողջապահական համակարգ, ապա փորձում ենք կարգավորել այնպես, որ մարդիկ տներից նստած հերթագրվեն, ժամ վերցնեն ու այդ ժամին մոտենան իրենց նախընտրած բժշկին…

Սպասեք, ուզում եք ասել, որ, օրինակ տարեցները, համակարգիչներով կամ բջջայիններով կարող են օգտվել էլեկտրոնային առողջապահական համակարգի՞ց, հերթագրվե՞լ

— Սակայն ապագայում դա օպտիմալ տարբերակն է, քանի դեռ հարցն այս մակարդակում է:

Շատ բժիշկների հետ զրույցներում, համարյա բոլորը նշում են՝ երբ մարդը որևէ կլինիկա է իր մոտ հայտնաբերում, փոխանակ դիմի առաջնային օղակին՝ պոլիկլինիկային, այն շրջանցում է, և արդեն հիվանդության բարդացված վիճակում դիմում է հիվանդանոցներին: Սա ի՞նչ է, մարդիկ չե՞ն վստահում համաբուժարաններին: Կամ, միգուցե համաբուժարաններում ժամանակակից բուժսարքավորումների պակա՞սն է, որ վստահության կորստի է բերել:

— Սա ոչ թե մեկ բժշկի, մեկ պոլիկլինիկայի կամ հիվանդի վարվեցողության խնդիր է, այլ այն մեր մեջ մտած է, մեր մենթալիտետն է: Մյուս կողմից էլ, մենք շատ ենք թևավորվում մեր ծանոթ-բարեկամների խորհուրդներով և, ասենք, մեր բարեկամը կենտրոնում մի լավ բժիշկ գիտի, իր ծանոթին ուղեկցում է իր իմացածի մոտ: Ու ստացվում է, որ քաղաքացին առաջնային օղակին չի դիմել: Հետո, իհարկե, պարզվում է, որ ամբուլատոր ծառայություններն այնտեղ վճարովի է, վճարում են, հետո ասում են, թե համաբուժարանից չեն օգտվել, որովհետև կենտրոնում ավելի լավ ծառայություն են մատուցում: Մինչդեռ մեր սպասարկումը բնավ չի զիջում կենտրոնական հիվանդանոցների ծառայությունների մակարդակին: Մեր պոլիկլինիկան հագեցած է լավ սարքավորումներով, ունենք ռենտգեն կաբինետ, որը չի զիջում մյուսներին, ՈւԶԻ, ֆիզոթերապիայի կաբինետ… փորձում ենք դոնորներ գտնել, վերազինվելու համար: Դե տեխնիկան շատ սրընթաց զարգանում է, պետք է հասցնենք թեկուզ մինիմումով ապահովել: Նաև ժամանակակից տեխնիկային համապատասխան մասնագետներ ունենալն էլ է կարևոր: Սա շարունակական պրոցես է:

Էլ չենք ասում, որ համաբուժարանի և կենտրոնի նեղ մասնագետներն էլ հնարավոր է, նույնն են

— Այո, այդպես էլ է լինում: Ուղղակի այս խնդիրը, որ բարձրաձայնեցիք, կարևոր է, սա ուղղակի մեր ժողովրդի մեջ մտած սովորություններից է: Մինչդեռ պետք է սովորեցնել, որ կանխարգելման մասը բաց ենք թողել, անգամ բուժումից հետո այն դեռ պետք է շարունակվի: Աշխարհում կանխարգելումների՝ վակցինաների, պատվաստումների մասով մենք բարձր դիրքերում ենք, իսկ այն հիվանդությունները, որոնք են շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները, և այլն, սրանք են բաց մնացել:

Իսկ միգուցե Առողջապահության նախարարության մեղավորությո՞ւնն էլ կա. պետք է քաղաքացուն տեղեկացնել, թեկուզ գովազդեր առաջնային օղակի՝ համաբուժարանների դերը, որ քաղաքացին իմանա, իր մեջ նստեցնի տեղեկությունը, թե որ հիվանդության, որ ստուգման կամ ինչ ծրագրեր են նախատեսված՝ պետպատվերի շրջանակում:

— Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք քաղաքացուն լայն հնարավորություններ են տալիս՝ անվճար հետազոտություններ անցնելու: Պետք է նախ կապ պահել, հաճախել համաբուժարան:

Դուք ի՞նչն եք պատճառ բերում:

— Ինֆորմացիայի պակասը:

Դե, տեսեք, որ եկաք իմ կարծիքին, նշանակում է, Առողջապահության նախարարությունը պետք է ռազմավարություն մշակած լիներ, որ քաղաքացին հետևի իր առողջությանը: Ես գտնում եմ, որ նախարարությունը և քաղաքացին չեն համագործակցել, անգամ հաշտ չեն եղել. քաղաքացին միշտ վախեցել է ոտք դնել հիվանդանոց, երբ գրպանը փող չի ունեցել, բժիշկն էլ իր ստացած ցածր աշխատավարձի պատճառով ինչոր տեղ իր վստահությունն է կորցրել

— Ես Ձեզ հավատացնում եմ, որ բժիշկների մեծ մասը գիտակցում է, որ իրեն պատիվ չի բերում հիվանդի՝ իր գրպանը խոթած գումարը… Նրան ավելի պատվաբեր կլինի աշխատավարձի օրը ստանալ իր աշխատանքին համարժեք վճար: Համաձայն եմ, որ ամենքս էլ մեր մեղքի բաժինը պետք է ընդունենք: Պետությունը պետք է մեխանիզմ մշակեր, իսկ մենք էլ՝ որպես առողջության կազմակերպիչներ, շարժվեինք մեր հմտություններով:

Ընտանեկան բժիշկների ինստիտուտն ինչպե՞ս է գործում, ինչպե՞ս եք գնահատում ընտանեկան բժիշկհամաբուժարանպացիենտ փոխհարաբերությունները:

— Ընտանեկան բժիշկների ինստիտուտը, համոզված եմ, ավելի լավ է գործում մարզերում, քան մայրաքաղաքում: Մարդիկ իրենց կապը լավ են պահում բժշկի հետ և կանխարգելիչ ու բուժիչ պրոցեսները լավ են իրականացվում:

print
470