«Դաբավկա» ուզելու չափ ախորժալի սնունդ` երեխաներին ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դաբավկա» ուզելու չափ ախորժալի սնունդ` երեխաներին

Հայաստանում արդեն 7-րդ տարին է գործում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որն աստիճանաբար փոխանցվում է Հայաստանի կառավարությանը: Արդեն իսկ չորս մարզ անցել են կառավարության ֆինանսավորման ներքո և պետբյուջեի ընդունումից հետո, նախատեսվում է, որ հաջորդ տարվանից ծրագրին կմիանա նաև Շիրակի մարզը, որում ընդգրկված կլինեն բոլոր նախակրթարանները, դպրոցները, որտեղ իրականացվում է տարրական կրթություն:

Շիրակի մարզում արդեն ավարտվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կողմից` «ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի» հետ համագործակցությամբ իրականացվող վերապատրաստումների 6-րդ դասընթացը: Վերապատրաստումները ծառայելու են այն նպատակին, որ տնօրենները և խոհարարներն ավելի բանիմաց լինեն իրենց պարտականությունները կատարելիս:

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանի ներկայացրած տվյալների համաձայն, աշխարհում ընդունված է մեկ դպրոցականին միջին հաշվով 2,5-3 դոլարի սահմաններում սննդածախս: Բյուջեից նախատեսվում է 140 դրամի հատկացում, որից 120 դրամը` սննդի ձեռքբերման, 20 դրամը` կազմակերպչական ծախսերի համար: «Իհարկե, նշված գումարը բավական փոքր է,- նշեց նա,- ծրագրի հաջողության համար պետք է իրենց մեծ ներդրումն ունենան թե՛ ծնողները, թե՛ համայնքը: Հաջողություն ասելով պետք է հասկանալ ոչ թե ֆինանսական, այլ` վստահության ձևավորման առումով: Այս ծրագիրը պարունակում է ոչ միայն տնտեսական բաղադրիչ, այլև` հատկապես երեխաների կրթական կարիքի բավարարմանն է ուղղված, որովհետև սոված երեխան շատ ավելի պակաս ընկալունակ է, առողջապահական բաղկացուցիչն եմ նաև կարևորում: Մենք փորձելու ենք դպրոցական սննդակարգում ներառել առողջ և կալորիական ճաշատեսակներ, երեխաներին զերծ պահելով արհեստական ըմպելիքներից կամ այսպես կոչված «ֆաստ ֆուդից», որն ուղղակի քայքայում է երեխայի առողջությունը»:

Ծնողների կողմից վստահություն ձեռք բերելու համար ծրագրի իրականացնողները փորձելու են առաջին հերթին նրանց ներգրավել որոշումներ կայացնելու գործընթացում, որովհետև ակնհայտ է, որ նրանք են ամենաշահագրգռվածներն այս հարցում: Ծնողների առավելաչափ ներգրավումն է ծրագրի արդյունավետության գրավականը, գտնում են նրանք: Երբ նկատելի է, թե ինչպիսի բարեհոգությամբ է տարվում գործընթացը, դա իր հերթին ծնողների մոտ ներդրումներ կատարելու ցանկություն է առաջացնում. «Մենք հաճախ տեսնում ենք, որ գյուղական դպրոցներում ծնողների ներդրումներն առավել ակտիվ են ու գերազանցում են պետական գումարը: Ծնողական ներդրումներն ավելի հարուստ ու բազմատեսակ են դարձնում սննդակարգը»:

Հատկանշական է, որ Գյումրիում դպրոցներ կան, որտեղ չնայած ծնողն ամեն ամիս 500 դրամ է վճարում, բայց նրանց երեխաներն հրաժարվում են օգտվել դպրոցական սննդից, որովհետև ճաշարանային պայմաններն են տհաճ և սնունդը համեղ չէ, սննդակարգն հիմնականում նույնն է` ոսպ և բրինձ, ճաշի և փլավի տեսքով: Բագրատ Եսայանի հավաստիացմամբ, իրենք շատ դպրոցներ են այցելել, որտեղ բացի նշվածից, այլ կերակրատեսակներ էլ են պատրաստվում: Իսկ այն գումարները, որոնք տալիս են ծնողները, սննդակարգը լայնացնելու ավելի մեծ հնարավորություններ կտան. «Ծնողն ինքը պետք է հետևի, թե այդ գումարն ուր է գնում, նախահաշիվն ինչպե՞ս է կազմվում, ի՞նչ սննդատեսակ է նախատեսվում ձեռք բերել, ինչպե՞ս է կազմակերպվում այդ օրվա սննդակարգը և տրամադրվո՞ւմ է այն երեխային, թե՞ ոչ: Դրա համար բոլոր դպրոցներում, որտեղ անցել ենք ազգային ծրագրին, տնօրենների հետ աշխատում ենք, որպեսզի ծնողների և ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունն ավելի լայն լինի»: Սա, ըստ նրա, թույլ կտա «ձանձրացնող» ճաշատեսակների փոխարեն, ասենք` ջրիկ ճաշ, բանջարեղենով սալաթներ տեսնել երեխաների սեղանին: «Տպագրության է պատրաստվում դպրոցական օրինակելի սննդակարգի մասին ձեռնարկ, որը ցույց է տալու պատրաստել սնունդ նվազագույնը` 120 դրամով, առավելագույնը` 500-600 դրամով: Մինչ այժմ 6 անուն սննդամթերք էր տրամադրվում` ցորենի ալյուր, ոսպ, բրինձ, հնդկաձավար, բուսական յուղ և մակարոն: Հիմա գումարի փոխանցումը դպրոցին, հնարավորություն կտա 20 տեսակի սննդամթերք ունենալ»:

«ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի» Շիրակի պատասխանատու Վահան Առաքելյանի ուրվագծմամբ, եկող ուստարում նախատեսվում է ճաշարանների տեխնիկական վերազինում, մի մասում որոշակի վերանորոգումներ կկատարվեն և կտրամադրվի խոհանոցային տեխնիկա, ինչի շնորհիվ հնարավորություն կլինի ոչ միայն բուլկի կամ թխվածքաբլիթ տալ երեխաներին, այլև` տաք սնունդ: Այս ընթացքում վերապատրաստվել են 149 դպրոցների խոհարարներ:

«ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի» բաժնի պետ Եսայի Նիկոյանի խոսքերով, նոր ուսումնական տարում համապատասխան խոհանոցային սարքավորումներ կտրամադրվեն դպրոցներում, կբարելավվի սանիտարահիգիենիկ վիճակը: Բացի այն, որ ծրագիրը դպրոցական սնունդով կապահովի դպրոցականներին, այն նաև տեղական արտադրողից գնումներ կատարելու հնարավորություն կտա: Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար էլ, գնումներ կատարելուց առաջ, գնահարցումներ կկատարվեն մի քանի մատակարարներից և ընտրությունը ոչ թե մեկ մարդ կկատարի, այլ դրանում ընդգրկված կլինեն նաև ծնողկոմիտեի ներկայացուցիչները:

Ծրագրի պատասխանատուները նշում են, որ խորհրդային տարիներին դպրոցներում այսպիսի ծրագիր գործել է, սակայն նորանկախ Հայաստանում 20 տարի ընդհատվել էր ու արդեն 6 տարի է, ինչ այն շարունակվում է: Նրանց հավաստիացմամբ, որոշ դպրոցներում այս ծրագրի ներդրմամբ, այնքան համեղ սնունդ է այժմ մատուցվում երեխաներին, որ շատ հաճախ նրանք մոտենում են խոհարարներին և, այսպես ասած, «դաբավկա» խնդրում: Մյուս կողմից, ըստ պատասխանատուների գնահատման, սա թույլ է տալիս անապահով ընտանիքների այն երեխաներն, ովքեր օրվա մեջ գոնե մեկ անգամ են սնվում տանը, դպրոցում կարողանան որոշակիորեն բավարարել իրենց քաղցը:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,317