«Դասարանից միայն դուռն էր մնացել կախված» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Դասարանից միայն դուռն էր մնացել կախված»

30 տարի առաջՀիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետոԱյնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմումԱկանջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում ենՄի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ուայդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:



Պատմում է Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Թիվ 20 դպրոցը երկրաշարժից առաջ գտնվում էր Հաղթանակի պողոտայում, հիմա տեղում թիվ 9-րդ դպրոցն է: Մեր դպրոցը միշտ էլ հայտնի է եղել իր ակադեմիական նկարագրով, այդպիսին էր ու այդպիսին էլ կա: Այն ժամանակ շուրջ 900 աշակերտ էր սովորում: Ավերիչ երկրաշարժը մեր ճակատագիրն էլ կիսեց երկու մասի՝ աղետից առաջ ու հետո: Այստեղ երևի տեղին էր օգտագործել՝ սև/սպիտակ, որովհետև կյանքն առաջ լուսավոր էր, պայծառ, անհոգ, ապահով, իսկ աղետից հետո՝ մութ ու խավար, հուսահատություն: Երկու մասնաշենքում էր դպրոցը կազմավորված, երկու կողմից էլ քանդվեց, կորցրեցինք 52 մարդ, չնայած, որոշ մասը տներում զոհվեցին: Մասնաշենքը, որը փլվեց, 60-ականներին էր կառուցվել: Փլվել էր աստիճանների հատվածները. կառույցն այնպիսին էր, որ երկու կողմերից էր վերև բարձրանում-իջնում, ու մեծամասամբ այդ հատվածում զոհեր ունեցանք: Մենք դպրոցում էինք, 4-րդ հարկում… Երբ սկսվեց, արագ-արագ երեխաներին դասարանից դուրս հանեցի, երեխաներից մեկն ասաց, թե ուսուցչուհիներից մեկը՝ Սարգսյան Ռուզաննան, մյուս մասնաշենքի վերջին դասարանում է: Ես ետ դարձա, հասել էի աստիճանների գխին, այն է, պիտի իջնեի, հոսանքի վահանակը պայթեց: Երբ կկոծած աչքերս բացեցի, փոշու ամպ էր, խավար լույսը ներս էր թափանցել: Այն դասարանից, որտեղից նոր էինք դուրս եկել, էլ չկար, մնացել էր միայն դուռը կախված: Դասարանի  պանելներն ընկել էին մի կողմով, և փառք Աստծո, երեխաները դուրս էին եկել ու այդկերպ փրկվեցին: Էդ պանելները մինչև շենքը քանդելն այդպես էլ մնացին:

Առաջին հարկում գետնին էր ընկել ֆիզկուլտուրայի ուսուցչուհին՝ լուսահոգի Անիչկա Սաֆարյանը. երևի քաոսի ու ճնշման տակ՝ հրել էին աստիճաններից, ընկել էր, ապակիներն էին վրան թափվել, ու փակել էր մուտքի դուռը, երեխաներն այդպես վրայից անցել էին, ահագին մարմնական ծանր վնասվածքներ էր ստացել: Մի քանի ուսուցիչներ ևս մնացել էին փլատակների տակ, բայց կարողացանք ողջ հանել, իսկ մի քանիսը զոհվեցին:

Մի բան պատմեմ. երբ այդ առավոտ արթնացանք, կինս չէր պատրաստվում երեխաներին դպրոց տանել: Հարցրեցի, թե ինչու, ասաց, որ վատ երազ է տեսել ու վատ կանխազգացում ունի… Ընդհանրապես, նա ուներ նման հատկություն՝ և ուրախության, և տխրության: Ու երեխաները կնոջս հետ տանը մնացին: Երբ ցնցումներից հետո ուշքի եկա, վազեցի տուն, որը նորակառույց «Եռանկյունի» թաղամասում էր գտնվում: Մեր ընտանիքին բան չէր եղել, երեխաներս փրկվել էին, բայց զոհվեց եղբորս ողջ ընտանիքը. նրանց տունը Սովխոզի վրա էր, ստոմատոլոգիայի շենքը, որը այրվեց… եղբորս ընտանիքն այրվեց…

 

Այն տարիներին

…Ինչպիսին էր կրթական համակարգը, ինչպիսին էին այդ ժամանակները. լուսավոր, ուրախ, սպիտակ, ապագայի մասին որևէ մտահոգություն չունեինք, կայուն վիճակ էր, հնարավոր էր տարիներով պլանավորել, թե ինչ պետք է անես մեկ, երեք, անգամ հինգ տարի հետո ու պատկերացրեք, շատերի մոտ հենց ըստ պլանավորածի էր կյանքը կառուցվում: Դպրոցական ժամանակահատվածում, առավոտյան ասես ամբողջ Լենինականը դասի էր գնում. ողջ քաղաքով մեկ աշակերտներ, աշակերտներ՝ դպրոցական համազգեստներով, աղջիկները սպիտակ գոգնոցներով, տղաները սպիտակ վերնաշապիկներով, ուսանողությունը խումբ-խումբ, ուրախ բացականչություննեով, ծիծաղով… Հետո սկսվել էր Արցախյան շարժումը, որին հետևեց երկրաշարժը, ապա Անկախության տարիները, հետո պատերազմը, ապա մութ ու ցուրտ տարիները… Սակայն անգամ այդ ժամանակ հույսը չէր մեռել, մարդիկ թունելի վերջում լույսի էին սպասում:

Մի անգամ տեսանվագարկչով միացրեցի «Լենինական» վավերագրական ֆիլմը, աղջիկս, որ երկրաշարժին 3 ամսական է եղել, այն դիտելով, զարմացած ասաց. «Հայրիկ, էս ինչքա՞ն ուրախ եք եղել այն ժամանակները»: Այդ ֆիլմում տիպիկ Լենինականն էր, այն, որ մարդկանց դեմքին ժպիտ կար… Հիմա մեր քաղաքը, այս պահին էլ, կիսադեմ է, կիսաժպիտ:

 

Սկսվեց դասապրոցեսը

1989թ. մենք առաջիններից մեկն էինք, որ վրանային դպրոց կազմակերպեցինք՝ Պուշկինի այգում: Առաջինը թիվ 15 դպրոցը կարողացավ վերսկսել դասապրոցեսը, և Պոլիտեխնիկումը՝ նույնպես վրաններում: Դեսպեներ հայթայթեցինք, գետնին փռեցինք, ածուխով վառարաններ բերեցինք: Սկզբում հազիվ մի 80-90 աշակերտ կար: Մեծ մասը տեղափոխվել էր Երևան, իսկ գարնանը, երբ արդեն տեսել էին, որ դպրոցը գործում է, ծնողները երեխաներին վերադարձրեցին: Աբովյանի ոստիկանությունը ամառային արձակուրդներին մեզ նվիրեց 30 հատ տնակ: Դպրոցի կիսափուլ մասնաշենքը մնացել էր մի հենասյան վրա, մի տրակտորի թափով քաշելով՝ փլվեց ամբողջը: Այդ տարածքը մաքրեցինք, և տնակային դպրոց կազմակերպեցինք, և սեպտեմբերից արդեն բավական թվով աշակերտներ հաճախեցին: Այդ տնակները չէր բավականացնում, մի երկու մեծ տնակ էլ ծնողների միջոցներով սարքեցինք, որ 1-ին դասարանցիները տեղավորվեին:

1989թ. փետրվարին վրանների տարածք եկան անգլիացի լրագրողներ: Երեխաների հետ շփվելիս, հարցրել էին, թե ինչ կուզենային ամենաշատը: Երեխաներն ասացին՝ դպրոցի շենք, ոչ խաղալիք, ոչ էլ հագուստ չենք ուզում: Ու, երբ լրագրողները անգլիական պարբերականներում տպագրեցին այս պատմությունը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայկական համայնքի ակտիվ մասնակցությամբ, որոշում էր կայացրել՝ դպրոց կառուցել մեզ համար: 1989թ. գարնանն արդեն եկան տեղանքն ուսումնասիրեցին ու սկսեցին շինաշխատանքները: 1990թ. հունիսի 10-ին դպրոցի բացումն էր: Հիշում եք, Մարգարետ Թետչերն անձամբ այցելեց… Ողջ Մանուշյան փողոցը մարդածովի էր վերածվել: Գորբաչովը չէր երաշխավորել Մարգարետ Թետչերի այցը Գյումրի, որովհետև իրեն ժողովուրդը շատ վատ ընդունեց, բայց Թետչերը դրան ուշադրություն չդարձրեց: Մեր աշակերտներից մեկը, երբ սրտի խոսք փոխանցեց Թետչերին, վերջինս զարմանք հայտնեց՝ ասելով. «Ես կուզենայի, որ անգլիացի երեխաներն այսպես անգլերեն խոսեին»:

Մենք Նոթինգհեմ կոմսության Հոլգեյթ քաղաքի դպրոցի հետ կապեր ունեինք, փոխհամագործակցության մի քանի ծրագրեր ենք իրականացրել, աշակերտների և ուսուցիչների փորձի փոխանակում է եղել, ցավոք, հիմա կապն այնքան էլ սերտ չէ:

Մենք որոշել ենք աշակերտական հիմնադրամ հիմնել, որպեսզի հանգանակությունների շնորհիվ հրավեր և ուղերձ հղենք թագավորական ընտանիքին, Անգլիայի այն բոլոր կազմակերպություններին, որոնք մեզ օգնության ձեռք են մեկնել, նաև հայկական համայնքին, դա էլ մեր երախտագիտության արտահայտումը կլինի, ափսոս 30-րդ տարելիցի առիթով չհասցրեցինք: Բայց նման փորձ ունենք. 2012թ. այդ միջոցով դպրոցում ջեռուցման համակարգ անցկացրեցինք: Հետագայում նաև ուզում ենք արևային էներգիայով սնուցել դպրոցը: Եթե հիշում եք, մեր դպրոցը Հայաստանում առաջինն էր, որ մարտկոցային փոքր էներգոհամակարգ ունեցավ անգլիացիների շնորհիվ:

 

30 տարի անց

Մեր ժողովուրդը կարողություն ունի, բայց չունի հնարավորություն: Մենք լավատեսություն չունենք: Ասում են. «Հույսը վերջինն է մեռնում», իսկ եթե մեռնելու խորհուրդը կա, ուրեմն վերհառնելն էլ կա: Ուրեմն մենք պետք է լավատեսություն ունենանք ու վերածնվել կարողանանք՝ փոխաբերական իմաստով:

Իսկ ինչ վերաբերում է կրթական համակարգին, ապա, սովետական համակարգը շատ բարձր գաղափարախոսության վրա էր դրված, այն երեխային պարտադիր ուսում տալու և դաստիարակելու պարտավորություն էր կրում: Այն ժամանակ երեխան ամեն ինչից գաղափար ուներ, իսկ ներկայիս երեխան որքան էլ ժամանակակից տեխնիկայի լայն հնարավորություններ ունի, նրան դեռ պետք է դրդել, որ որևէ թեմայով հետաքրքրվի, նոր միայն փորձի փնտրել, գտնել: Այն համակարգում դպրոցում պարտուսի շրջանակում կար երկտարեցիներ, սակայն զգալի պակասեցվեց: Երեխան եթե չէր հասցնում, չէր ընկալում, մնում էր նույն դասարանում, որ ավելի լավ յուրացնի: Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունենում. չկա երկտարեցների սիստեմ, ու բոլոր երեխաները պարտադիր պիտի շարունակեն ուսումը գոնե մինչև 9-րդ դասարան: Այն ժամանակ հասարակության պահանջն էր՝ ունենալ գիտակից, ուսումնառած քաղաքացի, և դա մոտիվացնում էր, որպեսզի երեխաները ուսում ստանային: Ծնողները ևս նույն գաղափարների կրողն էին: Իսկ հիմա ծնողներն իրենք են անտարբեր: Չեմ ասում, թե այն ժամանակ ծույլեր չկային, կամ արատավոր բաներ չկային, անգամ հումորով կատակում էին. «Լավ նայեք այսօրվա ծույլերին, որովհետև նրանք մեր ապագա պետերն են»:

Անկախ Հայաստանի կրթահամակարգը մի քանի անգամ փոփոխությունների ենթարկվեց, մինչդեռ եվրոպական դպրոցները փորձում են սովետական համակարգն ընդունել: Իմ կարծիքով, եթե սովետական գաղափարախոսությունը հանեին դասագրքերից, իսկ մնացածը թողնեին նույնը, ապա շատ հիանալի կլիներ, մինչդեռ մենք ամբողջական մերժեցինք:

 

Եթե երկրաշարժը չլիներ

Ճիշտ է, արդյունաբերական մեծ ձեռնարկություններ ունեինք՝ Տեքստիլն էր, Մանվածքայինը, բայց դրանց գործունեությունը չէր կարող շարունակվել, որովհետև Սովետական Միությունը քանդվեց. մի մեծ համակարգ փլուզվեց, և այն չէր կարողանա շարունակվել: Մեր տնտեսությունն, այսպես, թե այնպես, չէր կարողանա նույն թափով զարգանալ: Տեխնոլոգիաներն էլ հնացած էին, եվրոպական երկրների հետ չէին կարողանա ոտք գցել:

 

10, 20 տարի անց

Երկրաշարժից առաջ եթե դպրոցի պատուհանից նայեինք, ապա դիմացը կտեսնեինք 5-հարկանի շենքեր, բանուկ փողոց, մարդահոսք: Երկրաշարժից հետո՝ 10 տարի անց, մենք դպրոցից տեսնում էինք դիմացը մի մեծ տնակային թաղամաս, ածուխի ու փայտի վառարաններից բարձրացող ծուխ, աղքատություն ու թշվառություն: 20 տարի առաջ էլ շատ բան չէր փոխվել, բայց հիմա կարող ենք նկատել, որ տնակները քիչ-քիչ, կամաց-կամաց մաքրվում են, ուրեմն մարդիկ բնակարան են ստանում, տեղափոխվում են, ուրեմն թունելի վերջում արդեն լույսն երևաց:

print
662