ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիվանագիտական ներուժը՝ հանուն մարզերի զարգացման

Օգոստոսի 30-ին առաջին անգամ աննախադեպ թվով դեսպաններ էին այցելել Գյումրի՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ:

Նախ հյուրերը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ, ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ապա ուղղվեցին Գյումրու «Անի» թաղամասում գործող «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն: Այնտեղ տեղի էր ունենալու աշխատանքային մեծ հանդիպում, որի նպատակն էր՝ հնարավորություն տալ ՀՀ մարզպետներին՝  օտար երկրներում Հայաստանը ներկայացնող դիվանագետներին պատմել ու ներկայացնել իրենց մարզի առանձնահատկությունների,  զարգացման հնարավորությունների ու հեռանկարների մասին, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր ներկայացնել:

Ընտրված ձևաչափն այնքանով էր եզակի, որ քաղաքապետն ասաց. «Սա պատմական օր է բոլորիս համար… Երբեք չէր եղել, որ դիվանագետներն ու մարզպետները, նախարարները հավաքվեն մեկտեղ ու քննարկեն այնպիսի ծրագրեր, որոնք անհրաժեշտ են մեր քաղաքների ու մարզերի զարգացման համար: Իհարկե, իմ մտահոգությունը Գյումրու հետ է կապված: Մենք պետք է կարողանանք Ձեզ ներկայացնել, որպեսզի հնարավորություն լինի շատ ծրագրեր իրականացնել ու բերել ներդրումներ: Բարի աշխատանք, նաև հասցրեք վայելել Գյումրին»:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում ասաց. «Եթե չեմ սխալվում՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ նմանատիպ իրադարձություն դեռևս տեղի չի ունեցել, երբ մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հավաքվեն և տարածքային պատասխանատուների հետ լսեն երկրի առջև ծառացած խնդիրներն  ու համատեղ լուծումներ փնտրեն։ Ես պիտի անդրադառնամ տարածքային համաչափ զարգացմանը։ Ի՞նչ ունեք մենք. ունենք մայրաքաղաք, որ 30 տարիների ընթացքում որոշակի զարգացում է ապահովել, որի արդյունքում իր հետևից քաշել է նաև մարզային ռեսուրս։ Խոսքը վերաբերում է և՛ ինտելեկտուալ ռեսուրսին, և՛ հասարակ աշխատուժին, որովհետև որպես տնտեսական լոկոմոտիվ՝ Երևանը բնական կերպով իր վրա վերցրել է Հայաստանի քարշակի դերակատարումը։ Բայց մենք մի փուլի ենք հասել, երբ այդ քարշակի դերակատարմամբ Երևանը խանգարում է մեր երկրի բնականոն զարգացմանը: Մենք տարբեր երկրների հետ ունենք միջմարզային, միջհամայնքային համագործակցություն, որոնք երբեմն զուտ արարողակարգային բնույթ են կրել։ Գուցե դիվանագիտության մեջ արարողակարգը շատ կարևոր դերակատարում ունի, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունն իր հնարավորությունները պիտի օգտագործի հնարավորինս մեծ արդյունք ապահովելու համար։ Այսինքն, ես ենթադրում եմ, որ այսօրվա մեր հավաքից հետո մենք պիտի մեր առջև խնդիր դնենք, որ յուրաքանչյուր ուղղությամբ ունենանք թիրախներ։ Այն է՝ տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչները գոնե մինչև տարեվերջ ներկայացնեն և՛ կառավարությանը, և՛ նաև մեր գործընկեր դիվանագետներին՝ մարզերի զարգացման իրենց տեսլականը, որովհետև ես հստակ հայտարարում եմ՝ չի կարող որևէ մարզ ունենալ ղեկավար, ով չունի իր մարզի զարգացման հստակ տեսլականը։ Մեր գործընկերներն էլ, իրենց հերթին, պիտի փնտրեն այն հնարավոր միջոցները, այն ռեսուրսը, որն առկա է արտերկրում, և դա ներարկեն մեր երկրի տնտեսության մեջ»։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի ներուժ՝ օգտագործելու միջպետական հարաբերություններն ու հարթակները, որոնք անմիջական դերակատարներին կարող են միմյանց առավել մոտեցնել և համագործակցություն ստեղծել: Այս շաբաթվա ընթացքում մենք անցկացնում ենք մեր դիվանագիտական կորպուսի հավաքը և այսօրվա քննարկումները որպես անմիջական գործառույթ մեր ներսում անմիջական երկխոսության հնարավորություն կստեղծի, և դիվանագիտական, և հյուպատոսական ներկայացուցիչներին հնարավորություն կտա ավելի ամրապնդել ունեցած պատկերացումները, թե ինչ է ներքին գերակայությունը: Մեր աշխատանքը վերաբերում է ազգային նպատակներին, որի մեջ մտնում է պետության զարգացումը, և ՀՀ մարզերի զարգացման օրակարգը պետական գերակայություն է: Հիմա մենք անմիջական շփում ենք ապահովել, բոլոր մարզերի մարզպետներն են այստեղ, կներկայացնեն իրենց մարզերին առնչվող ծրագրերը, դեսպաններն էլ կսկսեն տեղայնացնել, թե որ ծրագրերի համար ինչպիսի երկխոսության մեջ են մտնելու մեր գործընկեր պետությունների հետ, և ինչ նոր գաղափարների վրա մենք կարող ենք կառուցել այդպիսի անմիջական ծրագրեր: Եթե նայեք որքան ծավալ է մեծացել այս տարվա ընթացքում՝ շնորհիվ հեղափոխության, շնորհիվ Հայաստանի կառավարության կողմից ծրագրերը հստակեցնելու, թե՛ կոնկրետ ինչ ենք ուզում, թե՛ ընդհանուր զարգացման օրակարգին վերաբերող, և թե՛ պետական ինստիտուտների զարգացմանը»:

Զոհրաբ Մնացականյանը և Սուրեն Պապիկյանը հանդես եկան նաև ճեպազրույցներով։

«Այնպես չէ, որ դեսպաններն ու հյուպատոսությունների ներկայացուցիչներն անտեղյակ են ներկայացվող ծրագրերից, սակայն այս հավաքը հնարավորություն է տալու դրանց մասին անմիջապես լսել իրականացնողներից: Յուրաքանչյուր դեսպան հավաքից կարճ ժամանակ անց ներկայացնելու է այն ծրագիրն ու գաղափարը, որը հնարավոր է համարում, որ իր ներկայացրած երկրի կողմից ընթացք ստանա: Հայաստանի նկատմամբ հետաքրքրություններ ունեն ՌԴ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, եվրոպական մի շարք երկրներ»,- ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ակնկալում ենք, որ այս հանդիպումից հետո ավելի սերտ կապեր են առաջանալու ու ներդրումներն ավելի առարկայական են դառնալու: Ներդրումների առումով հույս ենք կապում արտերկրում կայացած հայ գործարարների հետ,- ասաց Սուրեն Պապիկյանը։- Հնչեցվելու են ուղիղ ծրագրեր, որոնց մեր դիվանագետներն ավելի մեծ ուշադրություն կհատկացնեն և դա կներկայացնեն նաև իրենց գտնվելու վայրում: Չենք ունեցել մենք նախկինում այս կապը, դիվանագետն իրականում բիզնեսով զբաղվելու խնդիր չուներ, հիմա դիվանագետը պիտի ապահովի այդ կապը, այդ կապն ենք փնտրում ու այն պետք է ամրացնենք: Սպասելիքները շատ մեծ են, և կարծում եմ մեր նպատակին կհասնենք: Մենք շեշտը դրեցինք ներդրման վրա, սակայն այս ֆորմատը շատ ավելի ընդգրկուն է: Մենք այստեղ լուծում ենք տարբեր երկրների հետ միջհամայնքային, միջմարզային կապերի, փորձի փոխանակման հնարավորություններ»։

print
174