«Դուալ» ուսուցման ծրագիրը շարունակվելու է ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Դուալ» ուսուցման ծրագիրը շարունակվելու է

Գյումրու ՏՏ կենտրոնում ստորագրվեց հուշագիր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), «Բրեյն Ֆորս» ՍՊԸ, «Ինստիգեյթ Դիզայն» ՓԲԸ և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի (ՇՏՊՔ) միջև: Երկկողմանի փոխըմբռնման հուշագիրը՝ «Դուալ» ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ էր: Հուշագրի շրջանակում քոլեջի «Տեխնիկ-ծրագրավորող» որակավորմամբ պատրաստվող ուսանողները տեսական ուսուցմանը զուգահեռ գործնական հմտություններ ձեռք կբերեն վերը նշված ՏՏ ընկերություններում:

«Դուալ» ուսուցման համակարգը նպաստում է կրթական ու մասնավոր հատվածների կայուն համագործակցությանը և սահմանում է երկկողմ գործողությունների իրականացման գործընթաց՝ պատրաստելու և վերապատրաստելու միջին օղակի մասնագետներին նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Այս համակարգը հիմնվել է Գերմանիայում և հետագայում մեծ տարածում գտել եվրոպական երկրներում:

Հիշեցնենք, որ «Դուալ» համակարգը կամ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը  պիլոտային է: Այն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցության շրջանում՝ Հայաստանի 4 քոլեջներում՝ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ: Հայաստանում այս ծրագիրն հիմնականում ուղղված է զբոսաշրջության, գինեգործության և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներին:

Հուշագրի ստորագրման արարողության կապակցությամբ իրենց ողջույնի խոսքն ասացին Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, ԳՏԿ-ի բիզնես ղեկավար Բելլա Հարությունյանը, ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը: Բոլորն էլ իրենց խոսքում բարձր գնահատեցին համակարգի ներդրումը և հույս հայտնեցին, որ այն մեծ հնարավորությունների, զարգացման ու ընդլայնման շրջան է ապահովում:

Ընթացքում եղան նաև «Վեբ տեխնոլոգիաների կիրառում» մրցույթի հաղթողներին վկայականների հանձնում և պարգևատրումներ «Բրեյն Ֆորս», «Ինստիգեյթ Դիզայն» և ԳՏԿ-ի ու ՇՏՊՔ-ի կողմից:

Հուշագրի կողմ հանդիսացող «Բրեյն Ֆորս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գուրգեն Ղարիբյանից հետաքրքրվեցի.

Գուրգեն, կարելի՞ է ենթադրել, որ «Դուալ» ուսուցման պիլոտային ծրագրի առաջին փուլը հաջողությամբ եք իրականացրել և երկկողմ արդյունք է այն ապահովել:

— Այստեղ հարցն այն չէ, որ մենք արդյունքն ենք տեսել, կամ այն մեզ որևէ օգուտ է տվել, կամ արդեն որակյալ մասնագետներ են վերապատրաստվել: Նախ պետք է խոսել համակարգի մասին, որպեսզի դրա էությունն առավել հստակ պատկերացնենք: Սա կարելի է համեմատել վարպետ-աշկերտ հասկացողության հետ, միայն թե այս դեպքում՝ պետական ու գլոբալ մշակված տարբերակով: Իրականում, եթե Հայաստանում դիտարկեք, նման սիստեմներ գործում են, ուղղակի «Դուալի» դեպքում պետական մասշտաբով է կազմակերպված: Այս ծրագիրը պիլոտային է՝ 3 տարի ժամկետով: Սա թեստային շրջան է, և երեք տարի հետո միայն կարելի կլինի խոսել արդյունքների մասին: Մենք անցած 6 ամիսների ընթացքում լուրջ աշխատանքներ ենք տարել, լրիվ նոր ծրագիր է գրվել, ոչ թե ինտեգրել ենք գերմանական օրինակը, այլ վերցնելով հիմնական գաղափարը, մենք այն հարմարեցրել ենք, տեղայնացրել ենք՝ իրական գնահատելով մեր ունեցած հնարավորությունները: Եվ մեծ է հավանականությունը, որ դրական արդյունք կտա: Իմաստն այն է, որ ուսանողները ոչ թե թեորապես են ուսումնասիրում իրենց ընտրած մասնագիտության ոլորտը, այլ գործնականում մեծ ժամանակ կանցկացնեն ֆիրմաներում, փորձառու մասնագետների ուշադրության ներքո, որն, իրոք, մեծ օգուտ է տալիս մասնագիտական որակների բարձրացման համար: Ներկա փուլում, մենք գտնում ենք, որ համակարգն աշխատող է, իր դրական արդյունքն անպայման կունենա: Հույս ունեմ, որ նման համակարգը գլոբալ փոփոխություններ կմտցնի Հայաստանի կրթական համակարգում:

Ուզում ես ասել, որ խնդիրներ, բացթողումներ չկա՞ն:

— Կան որոշակի թերություններ, որոնք, եթե հնարավոր է տեղում լուծել, ընթացքում կարգավորում ենք, բայց կան խնդիրներ էլ, որոնք մեր ուժերից վեր են, օրինակ, տղաների հարցն է. որպես լավ մասնագետ են ավարտում, սակայն բանակ են զորակոչվելու, իսկ 2 տարի հետոն արդեն ապագայի հարց է:

print
1,005