Դուդուկն հնչում է մարդու ձայնով, այն ունի հոգի ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Դուդուկն հնչում է մարդու ձայնով, այն ունի հոգի

Հարցազրույց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի Ժողգործիքների և երգեցողության բաժնի պատասխանատու, դուդուկահար ԿԱՐԱՊԵՏ ՇԱԲՈՅԱՆԻ հետ:

Ուդ, թառ, քամանչա, սազ, բլբուլ, շվի, պարկապզուկԿարապետ, Դուք ի պաշտոնե ժողգործիքների բաժնի պատասխանատու և դասախոս եք: Տարիներ ի վեր բարձրաձայնվում է ժողգործիքների «մահվան» մասինԺամանակակից կյանքն այնպիսի սրընթաց զարգացում է ապրում, որ կարծես շուտով ամեն ինչ դուրս կմղվի ու կմնա միայն ՏՏ ոլորտը: Եզակի նվիրյալների շնորհիվ է, որ պահպանվում է ավանդականը, նույնն էլ ժողովրդական գործիքներին է վերաբերում, բացառությամբ երևի դուդուկի, դհոլի:

— Ձեզ հետ լիովին համամիտ եմ, և այս խնդիրը մշտապես առկա է: Ճիշտ է, պետությունն իր կողմից քայլ արել էր. երաժշտական դպրոցներում ժողգործիքների ուսուցանումն անվճար էր դարձրել, այդկերպ փորձելով փրկել… Բայց, ըստ ցուցանիշների, սաները միայն քանոն ու դուդուկ են նախընտրում:

Ի՞նչ եք կարծում, միգուցե սոցիալական գովազդ է անհրաժեշտ, որպեսզի ուշադրություն սևեռի դեպի այդ գործիքները: Կամ, միգուցե այդ գործիքները համադրելով ընդունելի ոճերի հետ՝ էթնոջազ, ռոք, փոփ, իմպրովիզացիաների միջոցո՞վ հնարավոր լինի կյանքի կոչել:

— Չեմ կարող չընդունել Ձեր ասածները, մանավանդ, Ձեր ասածների մեջ ճշմարտություն կա: Խնդիրը մեկ այլ հարթությունում էլ պետք է դիտարկել. ծնողները երեխաներին այնպիսի գործիքների են տանում սովորելու, որոնք եկամտաբեր կլինեն: Սոցիալական գովազդ… Այո, շատ է անհրաժեշտ: Սակայն սրա մյուս կողմն էլ այն է, որ դա պետք է անեն հեռուստաընկերություններն՝ իրենց ցանկությամբ, որովհետև մեծ գումարներ են պահանջվում տեսահոլովակների, կարճամետրաժ կամ վավերագրական ֆիլմերի պատրաստման ու ցուցադրման համար: Տեսեք, օրինակ բերեմ. Դաբաղյանենք դուդուկի մասին ֆիլմ նկարահանեցին, ինչն ունեցավ իր մեծ դերակատարումը: Բացի այդ, մեր ավանդական ժողգործիքը պատկերավոր ասած՝ պատմության մեջ մնաց նաև այսկերպ. դուդուկը կենցաղից մինչև միջազգային արենա… Աշխարհն իմացավ, թե ինչ ճակատագիր է ունեցել և ունի դուդուկը, հետո նաև գիրք տպագրվեց, և այլն:

Դուք դուդուկն ինչպե՞ս ընկալեցիք, սիրեցիք, թե՞ Ձեր ասածի պես՝ ծնողների նախընտրությամբ է եղել:

— Իմ մոտ գենետիկական է: Իմ երկու պապերը, հայրիկս դուդուկահար են եղել: Պապս Հայրենական մեծ պատերազմ է գնացել ու չի վերադարձել, բայց նա 26 տարեկանում հասցրել էր դառնալ հայտնի դուդուկահար: Այն ժամանակ մեր լեզվով ասած՝ «ռաբիս» չի եղել, չգիտեմ ինչ է եղել, բայց արդեն եղել են անվանի մարդիկ, որոնք հայտնի էին կամ որպես դուդուկահար, կամ որպես կլարնետահար… Եվ այսպիսով, իմ դուդուկահար դառնալը հայրիկիս մեծ երազանքն էր, բայց միայն երազանքը բավարար չէր լինի, եթե ես չունենայի Աստծո կողմից տրված տաղանդ: Մեր ազգը մշակութային ազգ է, և այն ժառանգակաբար փոխանցվում է: Սովորել եմ երաժշտական դպրոցում: Չեմ կարող երախտագիտութամբ չնշել դասատուներիս անունները. Վարդան Բալոյանն է եղել առաջին ուսուցիչս, որը շատ լավ հիմք դրեց: Հետո հաճախել եմ «Պիոներ պալատի» դուդուկահարների խմբակ, որտեղ դասավանդել է Ռաֆիկ Պետրոսյանը: Միաժամանակ ընդունվեցի երաժշտական ուսումնարան, այնտեղ դարձյալ Ռաֆիկ Պետրոսյանն էր դասավանդում: Ընդամենը 2 տարի սովորեցի և տեղափոխվեցի կոնսերվատորիա: Այստեղ արդեն շփվեցի մեծ երաժիշտների հետ, դասատուս Գևորգ Դաբաղյանն էր: Ես գտնում եմ, որ երաժշտության մեջ շատ կարևոր է շփումները, պետք է կարողանաս լսել ու վերցնել, երաժշտության ամենաառաջին ուսուցիչը՝ դա ականջն է: Մեր ժամանակներում չկար ինտերնետ, չկային այն հնարավորությունները, որոնք ունեն ներկայիս սերունդը: Մենք ինֆորմացիայի պակաս ունեինք, իսկ ներկայիս սերունդը մի բան ուզենա, անմիջապես կգտնի համացանցում, և այդկերպ ավելի արագ են սովորում, ընկալում որևէ բան, քան մեր ժամանակներում էր: Բացի այս, այն ժամանակ Գյումրիում չկային կոնսերվատորիա ավարտած դուդուկահարներ, իսկ հիմա շատ կան:

Նկատի ունեք, որ ինքնուսուցներ էին, իսկ ակադեմիական կրթություն ունեցողներ չկային:

— Այո: Տեսեք, երբ երեխան տեղեկություններ ստանալով, արագացված կարող է որևէ բանի տիրապետել, իսկ մեր ժամանակակիցները ժամանակի կորուստներ շատ էին ունենում, տարիներ էին բաց թողնում: Թե այն ժամանակ միայն լսելով պիտի բավարարվեիր, իսկ ներկայում մենք մատ առ մատ, ծամում-լցնում ենք, ու սովորեցնում երեխային: 21-րդ դարում պետք է դիմանաս տեմպին:

Փառատոներ, մրցույթներ, միջազգային ելույթներՁեր կարիերան ինչպե՞ս է ձևավորվել:

— Եղել են և՛ փառատոներ, և՛ միջազգային համերգային շրջագայություններ, և՛ մրցանակներ: 12 տարեկանից հանրապետական փառատոնի եմ մասնակցել, և առաջին հյուրախաղս այդ ժամանակ Փարիզում է եղել: Հետագայում, մոտ 40 երկրներում եմ եղել՝ տարբեր ֆորմատներով. անհատական, խմբակային, իսկ վերջին տարիներին կոնսերվատորիայում իմ կողմից ձևավորվել է դուդուկահարների խումբ, իրենց հետ էլ մի քանի երկիր շրջագայել ենք: Եվ վերջին տարում, որ վերջապես «Պիոներ պալատը» նորովի վերաբացվեց, այնտեղ ևս դուդուկի դասավանդման պատասխանատու գործն ինձ է վստահվել:

Իսկ բեմում այլ հայտնի դուդուկահարի հետ առիթ եղե՞լ է նվագելու:

— Այո, շատ անգամներ: Երկու տարի առաջ Դաբաղյանի հետ Գերմանիայում համերգային շրջագայության էին գնացել, մեր հոգևոր երգերն էինք ներկայացնում, մեզ միացավ նաև Լյուբեկի կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգեհոնահարը, և մենք գերմանացի հանդիսատեսի համար կատարեցինք Կոմիտաս, Եկմալյան, Պահլավունի, Շնորհալի…

Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ, որքան գիտեմ, նոր ծրագիր եք պատրաստել, կբացե՞ք փակագծերը:

— Այո, մի քանի համերգաշարեր ենք ունենալու Հայաստանում ու Եվրոպայում: Դուդուկով մի քանի գործ է, որ մշտապես կատարվում են: Բայց մենք վերցրել ենք նաև մի քանի գործեր, որոնք դուդուկով երբեք չեն հնչել, երգչախմբով է կատարվել: Սրանք այն գործերն են, որոնք քառաձայն են: Տեսնենք, թե ինչպես կստացվի, դրա վրա ենք աշխատում:

Կփորձեի՞ք իմպրովիզացիայով հանդես գալ, կարծես սա բավական լավ է ընդունվում տարբեր ազգերի հանդիսատեսի կողմից:

— Այո, ինչո՞ւ ոչ: Բայց Կոմիտասին շատ լուրջ պետք է մոտենալ: Կոմիտաս նվագելը շատ բարդ է. նրա բարդությունը, հանճարեղությունը պարզության մեջ է: Դուդուկն էլ հասարակ է, բայց բարդ է նվագելը: Երիտասարդները իմպրովիզներ են անում ջազի, ռոքի մեջ, մարդիկ կան, որ չեն ընդունում, բայց շատերն էլ կան, որ հաճույքով ունկնդրում են: Ուղղակի, պետք է կարողանալ պահպանել գործիքի ինքնությունը, որ գործիքն առաջնային լինի, որ չլղոզվի ու կորի, որ խառնաշփոթի չվերածվի:

Վերջերս Գյումրիում ջազային համերգ էր, և ունկնդրեցինք թառը՝ ջազում:

— Այո, Միքայել Ոսկանյանի կատարմամբ թառը ջազում հնչեց: Նա կարողացավ լավ մատուցել, ու հանդիսատեսն ընդունեց: Գիտե՞ք, մի քանի լավ թառահարներ ունենք, որոնց մասին հասարակությունը մոռացել է. Համլետը, Արտեմ Խաչատրյանը… Նրանց պես թառ նվագող չկա: Եվ նորից վերադառնալով իմպրովիզացիային, աշխարհում պրոպագանդելուն, ապա, իհարկե, հո մշտապես հնարավոր չէ «Դլե յաման» մատուցել, պետք է համեմված այլ գործեր ևս մատուցել: Հիմա, տեսեք, Հենրիկ Անասյանը գրել է դուդուկի կոնցերտ, Ռուբեն Ալթունյանը ևս դուդուկի գործեր է գրել, պետք է կարողանաս գործիքը և՛ աշուղական, գուսանական ոճի մեջ ցուցադրես, և՛ տարբեր ժանրերի մեջ: Եթե լավագույն էքսպերիմենտը ստացվի, էլի եմ կրկնվում, պետք է գործիքը առաջին դերում լինի: Ասեմ, որ մեր աշուղական երգերն ավելի բարդ են նվագելը, քան մի ստեղծագործության մեջ ինչ-որ հատվածներ:

Լևոն Մադոյան, Մկրտիչ Մալխասյան, Ժորա Հարությունյան (Չախալ Ժոռա), Չարչօղլյան ԿարոԳյումրիի դուդուկի վարպետները կարծես տարբերվում են մյուսներից:

— Այո, ուսուցիչներ են… Ես էլ եմ նրանց համարում իմ ուսուցիչները, որովհետև նրանց ձայնագրությունների վրա ենք նաև շատ բան սովորել: Նայեք, Լևոն Մադոյանը ոչ ֆորմալ առումով հանդիսանում է Վաչե Հովսեփյանի ուսուցիչը, բայց վերջինս դուդուկի մեջ կատարեց հեղափոխություն, մի դպրոց դրեց, որով մինչև հիմա շարժվում ենք: Ափսոս շուտ հեռացավ կյանքից: Եվ, այո, մեր դաշտավայրի դուդուկի ոճը տարբերվում է այլոցից, չեմ ասում՝ լավ է կամ վատ, բայց տարբերվում է՝ հոգու առումով:

Ինչպե՞ս է ընդունում օտար հանդիսատեսըՉնայած, հայտնի է, որ դուդուկն անտարբեր չի թողնում ոչ մի սիրտ:

— Հիանալի, տպավորված, հուզված: Հետագայում իմ խմբի հետ եվրոպական այլ երկրներում էլ հանդես գալով, նկատում էինք, որ օտար հանդիսատեսը լրիվ այլ կերպ է ընդունում դուդուկը՝ դրական առումով: Մի պահ թվում է, թե դահլիճում մարդ չկա… Բայց՝ ոչ, հուզումնախառն լսում են: Դուդուկը մարդու ձայնով է հնչում: Այն կարծես խոսում է մարդու հետ: Այն ունի անգամ բարբառ: Դուդուկը հոգի ունի, ազգություն ունի՝ դուդուկը հայ է, հայաստանյան հողից ծնված: Ես օրինակներ կարող եմ բերել օտարներից, անգամ օտար հողի վրա ծնված մեր հայերից, որոնք կարող է տեխնիկապես նույնիսկ գերազանցեն նվագելիս, բայց երբեք հոգու այն անտեսանելի էությունը չեն հաղորդում, ինչպես մեր տեղացիները, նրանք կարծես ակցենտով են նվագում, որքան էլ սիրում են ու ուզում են նվագել, բայց այնպես չի ստացվում, ինչպես մերոնց մոտ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
392