«Դուզ 10-ին» կամ 10-րդը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դուզ 10-ին» կամ 10-րդը

Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր աշխատանքային առաջին օրը ծանոթության նպատակով հանդիպեց մարզպետարանի աշխատակազմի հետ, որից հետո  ճեպազրույց ունեցավ մարզային լրագրողների հետ:

Նարանշանակ մարզպետը պատմեց, որ աշխատակազմին ներկայացրել է իր մոտեցումները, վարչապետի կողմից այն հանձնարարականը, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին. «Հիմնական առաջնահերթությունը, որ վարչապետի կողմից ֆիքսվեց, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունն է: Ներդրումները, աշխատատեղերը, գրավիչ պայմաններ ստեղծելը ավելի շատ սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությանը հասնելու գործիքակազմն են: Վարչապետի կողմից շատ հստակ ասվեց, որ պետական ամբողջ համակարգը մարզերում ամբողջությամբ պետք է սպասարկի այն մարդուն, ով այսօր ի վիճակի է շահույթ գեներացնել էս հողի վրա, ով ի վիճակի է ստեղծել աշխատատեղեր: Իսկ մենք այդ մարդկանց որպես ուղեկցող ընկերներ պետք է նպաստենք, պահպանենք նրանց շահերը, որևէ ավելորդ խոչընդոտներ չառաջացնել»:

Հարցին՝ կադրային փոփոխություններ իրականացնելո՞ւ է, պատասխանեց. «Ընդհանրապես պետական կառավարման համակարգի, նաև նախարարությունների հետ կապված մոտեցում կա, այս փուլում բոլորիդ հայտնի է, որ նաև «օպտիմալացում» բառն է օգտագործվում, նաև մարզպետարաններին է առնչվելու, բայց ծավալների հետ կապված մենք որևէ հանձնարարական չենք ստացել, և գործընթացը քննարկման մեջ է… Օպտիմալացումը վերաբերելու է բոլոր պաշտոններին, հնարավոր է՝ բաժինների միավորումներ»:

Մարզպետը նշեց, որ պատրաստվում է հանդիպումներ ունենալ բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ, գործնական քննարկումներ ունենալ, խոսել ոլորտների տեսլականների, զարգացման ծրագրերի շուրջ՝ այդ թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Այն դիտարկմանը, թե նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրը հայտարարեց, որ պայքարելու է կրթական ոլորտում տարածված կոռուպցիայի դեմ, անգամ դատական գործեր են հարուցվել, մարդիկ ձերբակալվել, արդյո՞ք նոր մարզպետը նույն ձեռագրով կշարունակի, Տիգրան Պետրասյանը արձագանքեց. «Ես ունեմ իմ աշխատանքային ոճը, հստակ լիազորություններ, հստակ գործառույթներ՝ օրենքով սահմանված, եթե այդ լիզորությունների տիրույթում է որևէ գործին իրավական գործընթաց տալը, ապա, իհարկե, պիտի տրվի: Օգտվելու եմ մարզպետին տրված բոլոր լիազորություններից և գործիքակազմից՝ իհարկե ողջամտության սահմաններում»:

Հարց հղվեց, թե որո՞նք կլինեն մարզպետի 3 առաջնահերթ քայլերը: «Մենք խոսել ենք պարոն վարչապետի հետ մարզում անօթևանության և աղքատության հետ կապված խնդիրներից, մենք ունենք դեպքեր, երբ մարդիկ հումանիտար աղետի եզրին են։ Եվ այդ իրավիճակն իր հերթին մարզի զարգացման, առաջ գնալու ֆոնի վրա նեգատիվ է ազդում։ Մեր պարագայում առաջնահերթությունն անօթևանության և աղքատության խնդիրներն են։ Տեսեք, խնդիրները շատ խորացել են, դրանք կոմպլեքս լուծումներ են պահանջում, միայն մարզպետարանը, նույնիսկ պետությունն այս խնդիրներին մոտ գնալու շատ մեծ ռեսուրսներ չունի»:

Երկրորդ գործոն մարզպետը նշեց ներդրումները՝ ոչ միայն դրսից, այլև ներսում արդեն գործունեություն ծավալողների: «Շիրակի մարզը հայտնի է իր մարդկային ռեսուրսով: Ցավոք, մարդկային կապիտալի շատ լուրջ, արժեքավոր մասը Շիրակի մարզից դուրս է: Պետք է այդ մարդկանց որոշակի հարթակի շուրջ միավորել, այդ մարդկանց էներգիան, ուշադրությունը մարզի վրա պահելը պետք է լինի նաև մեր ներդրումային ֆոնի երկրորդ կոմպոնենտը: Երրորդ կոմպոնենտն արդեն օտարերկրյա ներդրումներն են, վարկային, դրամաշնորհային, միջազգային ծրագրերն են: Պետք է ֆիքսենք, այն՝ ինչ ունենք, ֆիքսենք մեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպես անենք, որ որպես կառույց սպասարկենք մեր համայնքին: Մարզպետարանը պետք է խնդիրներ վեր հանի և այդ ուղղությամբ աշխատանքներ տանի»:

Հարց հղվեց, թե մինչ իր անունը շրջանառվում էր՝ որպես մարզպետի թեկնածու, զուգահեռ շրջանառվում էր նաև Ղարիբ Հարությունյանի անունը՝ որպես փոխմարզպետի, մինչդեռ վերջերս «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի կողմից լուրջ մեղադրանքներ հնչեցին Հարությունյանի հասցեին: «Ես կարծում եմ, պետք է սպասենք, որ հիմնադրամն ինքն իր խնդիրները լուծի, նոր համապատասխան գնահատականներ հնչեցվեն, պետք է սպասենք: Իսկ ինչ մնում է մարզպետարանում կադրային հարցերին, ապա այս փուլում դեռ ոչինչ չեմ կարող ասել, դա ինքնանպատակ չէ, եթե փոփոխոթւյունների ենք գնալու, նոր միայն եղած պոտենցիալը կգնահատվի, ավտոմատ որոշումներ կայացնելը ճիշտ չէ»: Մարզպետը հավելեց, որ եթե մարզպետարանում արդեն իսկ կա ձևավորված ուժեղ կառույց, ապա այդ ոլորտում խորհրդականի կամ օգնականի անհրաժեշտություն չի լինի:

Ծառայողական մեքենայո՞վ, թե՞ ոտքով կգա աշխատանքի, մարզպետը ներկայացրեց, որ բավական հեռու է բնակվում (Մսի կոմբինատ թաղամասում), այնպես որ, ստիպված կլինի օգտվել ծառայողական մեքենայից, իսկ լավ եղանակներին միգուցե առողջ ապրելակերպին համահունչ՝ ոտքով կգա: Նաև ներկայացրեց, թե ինչ ունի. նշեց, որ դեռ նախորդ տարի նախատեսել էին հիպոթեքային վարկով տուն գնել, դրա նպատակով ունեն որոշակի կուտակած գումար: Ունի անձնական օգտագործման «Toyota » մակնիշի ավտոմեքենա, որը նոր չէ, շուրջ 10 տարվա է։

«Շրջապատը» հաշվի առնելով մարզպետի՝ էքստրեմալ սպորտաձևերի հանդեպ ունեցած սերը, հարցրեց՝ ինչպիսի՞ էքստրեմալ ցնցումների սպասենք: «Կլինեն էքստրեմալ դրական ցնցումներ: Եթե ուզում ենք փոփոխություններ, պիտի փոխվենք բոլորս՝ թե որպես քաղաքացի, թե որպես հարկատու»,- պատասխանեց մարզպետը:

Հ.Գ. ԱԺ արտահերթ ընտրություններում Շիրակի մարզում Տիգրան Պետրոսյանը ստացել էր 4541 քվե՝ «Իմ քայլը» թիմում գրավելով 4-րդ հորիզոնականը: Որպես պատգամավորության թեկնածու, քվեաթերթիկում լինելով ցուցակի 10-րդ համարը, կարգախոս էին ընտրել՝ «Դուզ 10-ին»… Այնպես որ՝  «Դուզ 10-ը» մարզի 10-րդ մարզպետն է:

Տիգրան Պետրոսյանի ընտանիքը

 

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1979թ. մարտի 11-ին, քաղաք Գյումրի:
1996թ. ավարտել է Գյումրու Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1996-2004թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ:
2005թ. պաշտպանել է գիտական թեզը. տեխնիկական գիտությունների թեկնածու է։
2016-2017թթ. մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1998-2000թթ. ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում համակարգչային կուրսերի դասընթացավար:
2003-2013թթ. Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով):
2002-2017թթ. դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում:
2013-2016թթ. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող:
2014թ.-ից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատու:
2018թ.-ից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։
2019 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Շիրակի մարզպետ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1998թ.-ից «Արամազդ» ինտելեկտուալ ակումբի անդամ։
2002-2005 թթ. «ՀԱՊՀ Ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր նախագահ։
2005թ. ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատվավոր անդամ:
2006-2013թթ. մի շարք տեղական ՀԿ-ներում իրականացրել է տարբեր ծրագրային գործառույթներ։
2012-2014թթ. ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի առցանց դրամաշնորհների համակարգի փորձագետ։
2012թ.-ից «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ։
2014-2015թթ. Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի համակարգող։
2015-2016թթ. «Գյումրին Առանց Տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ:
2016թ.-ից «Տարեցների Պաշտպանության Ցանց»-ի խորհրդի անդամ։
2016թ.-ից «Երեխաների Պաշտպանության Ցանց» ՀԿ-ի խորհրդի անդամ։
2016թ.-ից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։
2016թ.-ից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ։

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Զինապարտ է, չի ծառայել: Անկուսակցական է։

print
559