Դպրոցներն աչքի չեն ընկնում ստեղծարար նախաձեռնողականությամբ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դպրոցներն աչքի չեն ընկնում ստեղծարար նախաձեռնողականությամբ

Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկումը, որը նվիրված էր կրթության ոլորտին: Ներկա էին կրթական հաստատությունների ղեկավարները, քաղհասարակության ներկայացուցիչներ, և ոլորտով հերտաքրքրվածները: Այն վարեց Շիրակի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Նա նախ ներկայացրեց դպրոցներում որոշ առարկաների դասավանդողների բացակայության խնդիրը: Ապա խոսեց ֆիզկուլտուրայի դահլիճների բացակայությունից, որը շատ դեպքերում մեծ անհարմարություններ է ստեղծում. ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3 դասաժամը չեն կարողանում իրականացնել, որպեսզի դպրոցականը կարողանա ֆիզիկական զարգացման կրթական ծրագրով առաջ գնալ, անգամ ասաց. «Չգիտեմ, միգուցե առարկան հանենք կրթական ծրագրերից»: «Շրջապատը» հարցրեց, թե մի՞թե լուծման ճանապարհներ չկան, և ի՞նչ է նշանակում՝ «…միգուցե հանենք կրթական ծրագրերից»: Հրայր Կարապետյանն արդարացավ, որ ուղղակի խոսքի բերումով է ասել:

Հ.Կարապետյանը խոսեց ձեռքբերումների ու բացթողումների մասին, ինչպես նաև տեղեկատվություն տվեց քաղաքային, մարզային և հանրապետական օլիմպիադայի մասնակիցների, ընդհանուր աշակերտական թվի վերաբերյալ:

Քննարկում, որպես այդպիսին, կարելի է ասել՝ տեղի չունեցավ, որովհետև հարց տվողներ առանձնապես չկային, բացառությամբ 2-3 հոգուց, իսկ մնացած մի քանի հարցերը բարձրաձայնվեցին լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների կողմից:

«Շրջապատի» հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ խոսենք դպրոցականի համազգեստի մասին, Հ.Կարապետյանը պատասխանեց. «Խնդրեմ, դահլիճում մեծ մասը դպրոցի տնօրեններ են, թող այս հարցի շուրջ իրենք արտահայտվեն, թե ժամանա՞կն է, կարո՞ղ ենք խոսել, թող արտահայտվեն»:

Հետաքրքիրն այն էր, որ ներկաները թեպետ դեմ չէին բարձրացված հարցին, սակայն ոչ մեկը չուզեց խոսել, բացառությամբ մեկի, որը արտահայտեց իր դժգոհությունը աշակերտի հագուկապի վերաբերյալ, որ ուսուցիչն ու աշակերտը դպրոցում չեն տարբերվում, երբեմն նույնիսկ ուսուցիչը շատ ավելի համեստ է իր հագուկապում, քան աշակերտը: Այդուամենայնիվ, մնացածը լռեցին:

Շիրակի տնտեսագիտական համալսարանի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանը արտահայտվեց, որ դպրոցները կարող են դպրոցական համազգեստը որպես դպրոցի բրենդ կրել, որը կարող է մրցակցային բնույթ կրել: Եվ կարծիք հայտնեց, որ այն չպետք է, պարտադրանք լինի, բայց հաճելի կարող էր լինել: Բացի այդ, Կարեն Պետրոսյանը քննադատեց, որ մեր դպրոցները գոնե այս վերջին տարում հանդես չեն եկել որևէ ստեղծարարական նախաձեռնությամբ, ինչպես, օրինակ, Բլեյանի հիմնած դպրոցն է: Նաև ուշադրություն հրավիրեց, որպեսզի ուսուցիչները ոչ թե աշակերտների մոտ վախ առաջացնեն, այլ մոտիվացնեն այլ մեթոդներով, որ երեխայի վրա գոռալը, պատժելը և արտահայտություններով պիտակավորելն ու անպատվելը հին ժամանակներում պետք է թողնել: Նաև, որ շատ կարևոր է կրթօջախի ներսում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի վերականգնումը: Կարեն Պետրոսյանն իր կողմից 3 խնդիր առաջ քաշեց. 1. աշակերտների հետ շփման մոտիվացիաների գործիքակազմի փոփոխություն, 2. մանկավարժների և վարչական մասի հարգալից վերաբերմունքի ու շփումների ճշգրտում և 3. դպրոցներում ստեղծարար գործընթացների կազմակերպումը:

print
287