Եթե կարելի է բուժել, ինչո՞ւ սպանել ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Եթե կարելի է բուժել, ինչո՞ւ սպանել

Հարցազրույց Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի Արվեստագիտություն և հումանիտար գիտությունների ֆակուլտետի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ ԱՐԱՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

Տիկին Մարգարյան, մինչ Ամանորը, բարձր մակարդակում խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Հայաստանում նախարարությունների թիվը կրճատվելու է և մատնացույց արվեց, որ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները միավորվելու են մեկ այլ կառույցի ներքո: Կուզենայի լսել Ձեր կարծիքն այս առումով:

— Ես հասկանում եմ, որ նոր իշխանությունները գալով, խնդիր ունեն շատ բաներ փոխելու, վերափոխելու, այդ թվում օրակարգում է դրվել մշակույթի նախարարության ձևաչափի փոխման հարցը: Այս հարցին շատ նուրբ ու զգույշ պետք է մոտենալ: Ինչու՞: Որովհետև, նախ՝ ցանկացած նախարարություն երկրի ցուցիչն է, թե տվյալ երկիրն ինչ դեմք, դիմագիծ ունի, հատկապես դրսից դիտարկելիս, ապա ներսում՝ սերունդների դաստիարակության համար: Մենք չունենք այնպիսի լուրջ բնական պաշարներ, ինչպիսիք են նավթը, գազը, մենք չունենք այն թափով արտադրություն և դրա հետ զուգակցվող արտահանում, չունենք արդեն զարգացած արդյունաբերություն, անգամ գյուղատնտեսության առումով ենք կաղում: Հիմա այս ֆոնին մենք եղել ենք մշակութային ազգ, և հուսով եմ՝ կմնանք մշակութային ազգ: Շատ կարևոր է, որ մեր մշակութային դեմքը պահենք: Իսկ այսօր շատ կնճռոտ իրավիճակ է ստեղծվել. ի վերջո, մշակույթն ի՞նչ ձևով, ի՞նչ կոնտեքստում պետք է ներկայացվի, իհարկե, խոսքն ազգային մշակույթին է վերաբերում: Արդարությունը պահելով, պիտի նշեմ, որ վերջին 4 ամիսների ընթացքում նոր նախարարը մի քանի կարևոր նախագծեր առաջ քաշեց, ինչպես չգնահատեմ այն, որ «Շիրակի երկրագիտական թանգարանի» հարցը բարձրաձայնվեց և շենքային հարցն ի վերջո լուծվեց, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որի անդամ եմ նաև ես, որը նույնպես խոսուն ծրագիր էր, ու շատ սերտ համագործակցություն էր ենթադրում աշակերտության ու արվեստագետների միջև: Բացի այս, ինչպե՞ս չխոսեմ այն փաստի մասին, որ բազմաթիվ անգամներ նախկինում դիմել եմ նախկին մշակույթի նախարարին, և ոչ մի արձագանք չեմ ստացել, իսկ նոր նախարարին դիմելով, նամակիս արձագանք եմ ստացել: Կապված Երկրաշարժի 30-րդ տարելիցի հետ մենք ցուցահանդեսի պատկերագրքի տպագրության ծախսերն հոգալու համար դիմել էինք, և նախարարությունը ֆինանսավորեց: Սրանք դրական տեղաշարժեր էին, որոնք մենք շոշափելի հասցրել էինք զգալ: Եթե ինչ-ինչ խրթինություններ ու «հիվանդություններ» կան, ապա եթե կարելի է բուժել, ապա ինչո՞ւ սպանել, վերացնել:

Բայց խոսքը չի գնում մշակույթ հասկացությունը վերացնելուն, ուղղակի որպես կառույց այն այնպիսին չի լինի, ինչպես եղել է: Ընդունենք Կրթության և գիտության նախարարությանն առընթեր մշակույթի վարչություն կլինի, օպտիմալացումն էլ պայմանավորված է պետական բյուջեի ծախսերի սեղմման հետ: Թե՞, եթե Ձեր ասածը ճիշտ հասկացա, ապա, եթե պետությունը չունի մշակույթի նախարարություն, այդկերպ կվնասի, կաղավաղվի իր ներկայանալի դիմագիծը:

— Այո, այդպես է: Տեսեք, եթե այն միավորեն ԿԳՆ-ի հետ, ապա, վերջինս այնքան շատ գործառույթներ ունի, այնպիսի վիթխարի աշխատանք ունի անելու, մի՞թե այնքան ազատ է, որ մշակույթի պես ծանր բեռը կկարողանա իր ուսերին վերցնել: Սա հարցի մի կողմն է: Իսկ մյուս կողմն այն է, թե ինչո՞ւ է թվում, որ մշակույթն այն ոլորտն է, որ ով ուզենա, ինչպես ուզենա՝ կարող է հետը վարվել, ղեկավարել: Մշակույթի ղեկավարը այնպիսի որակական հատկանիշներ պիտի ունենա, ինչպիսին է խորը գիտելիքներ մշակույթից, արվեստից, կրեատիվություն: Ես եկել եմ այն համոզման, որ եթե մշակույթի նախարարը լիներ այն գիտակ ու պատասխանատու անձը, ապա նա թույլ չէր տա, որ նման հարց բարձրաձայնվեր, կաղմկեր, կպայքարեր: Մենք գործ ունենք ազգի հոգևոր ոլորտի հետ: Ինչ խոսք, համաձայն եմ, որ արժեհամակարգում փոփոխություններ պետք է մտցվեն, ով պիտի դառնա ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, այդ ամենն այնքան շատ էժանացրին, ցածրացրին, խառնաշփոթ վիճակի հասցրեցին, որ բնականաբար, նեգատիվ վերաբերմունք առաջացրեց:

Այդ դեպքում Դուք ի՞նչ կառաջարկեք, ի՞նչ լուծում եք տեսնում:

— Ես գտնում եմ, որ մենք մեծ անհրաժեշտություն ունենք ազգային մշակույթը փնտրելու, գտնելու, վեր հանելու: Ես չգիտեմ՝ արդյո՞ք այսօր այս կառավարության օրակարգում կա նման հարց: Օրինակ բերեմ. երբ Ամերիկա տարան մեր նախնադարյան, միջնադարյան մշակույթը, նույնն էլ Փարիզում՝ Լուվրում, ի՜նչ հաջողություն էր, ինչպիսի՜ պահանջարկ էր վայելում: Այ, այս և այլ օրինակների վրա հիմնվելով եմ շեշտում, որ անհրաժեշտություն ունենք ազգայինը վեր հանելու:

Բանն այն է, որ նախկին իշխանությունների օրոք անգամ մշակույթն այնքան աղավաղեցին կաշառակերության ցեցով, որ այս կառույցի հանդեպ արհամարհական վերաբերմունք առաջացրեցին մարդկանց մոտ:

— Չեմ ժխտում, չեմ արդարացնում, բայց այսօրվա գլոբալացմանը գնալով, համընդհանուր, ժամանակակից մշակույթին ապավինելով, այս ամենի մեջ Հայաստանը կկորցնի իր դեմքը: Եթե մենք արդիին զուգահեռ ավանդականը չպահպանենք, չզարգացնենք, մենք կկորցնենք շատ բան, կկորցնենք մեր տեսակը: Մենք երկար տարիներ բաց թողեցինք այդ տեսական մասը, թե ո՞րն է ազգային մշակույթը: Վարդգես Սուրենյանցը դեռևս 19-րդ դարում տվել է, թե որն է ազգային մշակույթ հասկացությունը, ինչի հիման վրա մենք պիտի առաջ գնանք՝ որպես ազգ: Պետք չէ նոր հեծանիվ հորինել, պարզապես պետք է վեր հանել, ու դրա հիմքերի վրա, զուգահեռ զարգացնել նորը, արդին, ժամանակակիցը: Որո՞նք են ազգը պահող բաղադրիչները. մշակույթը, լեզուն, կրոնը: Ազգերը կկործանվեն, եթե այս բաղադրիչները չպահպանվեն: Եթե սա է խնդիրը, ապա ես ոչինչ չունեմ ասելու, և անզոր եմ ավելին անելու:

print
966