«Ես խենթ եմ, ներաշխարհով հարուստ մարդ» ⋆ «Շրջապատ»
Նաիրա
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ես խենթ եմ, ներաշխարհով հարուստ մարդ»

model
model
model
model

Հայկական նորաձևության ներկայացուցիչ Նաիրա Գրիգն այս բնագավառում է 2010 թվականից: Չնայած աշխատում է Երևանում, ճամփորդում Ասիայով և Եվրոպայով, սակայն իր տունը նախկինի պես համարում է Գյումրին: «Գյումրին այն վայրն է, որտեղ ինձ համար միշտ հարազատ ու ընտանեկան մթնոլորտ է: Ինձ համար այդքան երազելի չէ այն, որ ես ճամփորդում եմ և լինում տարբեր երկրներում, այլ այն, որ ես օդում անցկացնում եմ երկար ժամանակ և թռչում: Որքան ճանապարհս երկար է, այդքան ես` երջանիկ: Իմ ամեն օրը մի նոր ձեռքբերում է: Ես բնավորությամբ անհանգիստ, էներգիայով հարուստ անձնավորություն եմ, չեմ սիրում նույն վիճակում երկար ժամանակ գտնվել: Սիրում եմ փոփոխություններ և ինձ փորձում եմ տարբեր բնագավառներում: Ինձ համար անհաղթահարելի ոչինչ չկա, ես տուն եմ վերադառնում ամեն անգամ մի նոր ձեռքբերումով»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Նաիրան:

Չնայած շատ մոդելների մոտ ընդունված է դիետա պահել՝ մարմնի կազմվածքը պահպանելու համար, ինչպես Նաիրան է խոստովանում, ինքը ոչ մի հատուկ դիետայի չի հետևում. «Պարզապես փորձում եմ օգտագործել հնարավորինս քիչ ածխաջուր և ավելի շատ առողջ, ոչ յուղոտ սնունդ»:

Նաիրան նաև խոստովանում է, որ ոչինչ իրեն չի կարող ստիպել հրաժարվել իր նպատակներից և կարիերայից. «Ես պայքարող եմ, թռչում եմ այնտեղ, որտեղ քամին է տանում: Այն, ինչ ինձ ուրախացնում ու ոգեշնչում է, այն, ինչ ինձ համար հաջողություն է և լիակատար երջանկություն, չի կարող ոչինչ և ոչ ոք փշրել: Միակ պատճառը, որ կարող է ինձ ստիպել հանձնվել, մահն է, բայց դրանից հետո այլ աշխարհ կա, որտեղ ես կարող եմ կրկին ազատ ճախրել»:

Կարճ զրույց

— Նաիրա, որո՞նք են երիտասարդ մոդելի նորաձևության չափանիշները:

— Նորաձևություն չկա. այն ստեղծվում է մի քանի հարյուր մարդկանց համար, ովքեր զգում են դրա անհրաժեշտությունը: Ցանկացած գիտակ և խելացի անձ նորաձև է, թեկուզ փոշոտ պարկով: Կարծում եմ՝ պետք չէ փորձել լինել ուրիշին նման: Կյանքում ամենաբարդ խնդիրներից մեկն անհատականությունը պահել կարողանալն է այն աշխարհում, որն ամեն կերպ փորձում է մեզ բոլորի նման դարձնել: Միշտ էլ ինչ¬որ մեկը մեզանից ավելի գեղեցիկ, խելացի կամ երիտասարդ կարող է լինել, բայց նա երբեք նման չի լինի մեզ: Պետք չէ փոխել մեզ՝ այլոց ուրախացնելու կամ սքանչելի թվալու համար: Կինը ինքնին գեղեցկության և սիրո ընկալումն է, իսկ ինչքա՜ն նորաձև է, երբ խելացի է: Ու թող մեզ սիրեն նրանք, ովքեր մեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին կանք:

— Խե՞նթ եք:

— Իհարկե, ես խենթ եմ, ներաշխարհով հարուստ մարդ և ինձ ճանաչողները խենթության իմ սանդղակը չեն գծում… այն անեզր է՝ չընկալվող, բայց նկատելի:

— Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:

— Պետք է ապրել ճշմարիտ և ազնիվ կյանքով, սիրել այն, ինչ անում ես, լինել սկզբունքային ու պայքարող: Աշխատում եմ տարբեր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև կինո: Սա վկայում է նրա մասին, որ հնարավոր է ոչ միայն ստեղծել ու փորձել անել ամեն ինչ, այլև մեծ անկումից ու ձախողումից հասնել կատարելության: Կարող եմ վարակել դիմացինին հզոր էներգիայով ու հավատով առ այն, որ կարողանա անգամ ամենահամարձակ նպատակները դարձնել իրականություն: Համարձակ եմ իմ կարիերայի, անձնական գործունեության մեջ: Գտնում եմ, որ պետք է վերջ տալ մեր պահանջմունքները հետին պլան մղելուն։ Սարսափելի է, երբ կորցնում ես քեզ՝ չափազանց շատ սեր ու հոգատարություն տալով դիմացինին և մոռանալով սեփական անձի կարևորության մասին։

— Ձեր նշանաբանը…

— Իմ նշանաբանն է՝ դադարել վախենալ սխալներ գործելուց: Ինչ¬որ բան անելն ու սխալվելն ամենաքիչը 10 անգամ արդյունավետ զբաղմունք է, քան ոչինչ չանելը: Ցանկացած հաջողություն կրում է իր մեջ նախկին անհաջողությունների հետքերը, և ցանկացած անհաջողություն տանում է մեծ հաջողության:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
3,410