«Ես ունեմ երազանք» իրազեկման թատրոնը մեկնարկեց ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ես ունեմ երազանք» իրազեկման թատրոնը մեկնարկեց

Գյումրու դրամատիկական թատրոնի Մ. Մկրտչյան փոքր դահլիճում տեղի ունեցավ «Ես ունեմ երազանք» իրազեկման շրջիկ թատրոնի առաջին ներկայացումը: Ծրագիրն իրականացվում է «ԼոգոՍ» ԻՀԿ-ի կողմից: «Իրազեկման ինտերակտիվ թատրոն» ծրագիրը «ԼոգոՍ» ԻՀԿ-ն իրականացնում է 2018 թվականից: Նպատակն է՝ աջակցել գյուղական համայնքների կանանց շրջանում իրավունքների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը և խթանել որոշումների կայացման գործընթացին վերջիններիս մասնակցությունը:

«Սա թվով երկրորդ ծրագիրն էր, որ իրականացնում ենք: Ասեմ, որ մեր ծրագիրը եզակի էր նրանով. որ մինչ այժմ Հայաստանում որևէ փորձ չէր արվել իրավունքների վերաբերյալ իրազեկում իրականացնել ինտերակտիվ թատրոնի միջոցով»,- ասաց «ԼոգոՍ» ԻՀԿ նախագահ Արա Մելիքջանյանը:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերում:

Ինտերակտիվ թատրոնի սցենարի հեղինակն ու բեմադրիչն է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:  «Մենք ներկայացրել ենք հինգ դրվագ, սյուժե, որոնք շատ կարևոր են, որովհետև կնոջ խոսքի ազատության, ընտրական իրավունքի, աշխատանքի շահագործման և բռնության մասին է խոսքը: Այս հինգ դրվագներում անդրադարձել ենք կնոջ տարբեր իրավիճակներում հայտնվելուն»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Իսկ թե ինչու է ինտերակտիվ և, որ համայնքներում է տեղի ունենալու թատրոնը, մանրամասնեց ծրագրի համակարգող Նաիրա Գրիգորյանը. «Հանդիսատեսը պետք է ակտիվ մասնակցություն ունենա և սյուժեն կարողանա փոփոխել ըստ իր ցանկության, թելադրի իր թեման և փոփոխություններ կատարի»:

Հաջորդ հանդիպումները տեղի կունենան Ազատան, Լուսակերտ, Սարատակ, Ախուրյան, Արևիկ, Այգաբաց, Մայիսյան, Մարմաշեն, Վահրամաբերդ. Նոր կյանք, Փանիկ, Անուշավան, Թորոս, Ցողամարգ, Ամասիա, Արթիկ, Հառիճ, Մարալիկ, Սառնաղբյուր, Սպանդարյան, Մանթաշ, Կամո և Կրաշեն համայնքներում:

print
182