Զգացումների երանգը` հոգու եւ ձայնի միջով ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Զգացումների երանգը` հոգու եւ ձայնի միջով

Գյումրու Սբ.Աստվածածնա եկեղեցու հոգևոր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սաթիկ Վարդանյանն արդեն 36 տարի է, ինչ իր ծառայությունն է մատուցում եկեղեցուն: Այդ տարիների նրա վաստակը մշտապես գնահատանքի է արժանացել նաև մարզային ու քաղաքային իշխանությունների կողմից` շնորհվել են պատվոգրեր:

Բազում համերգային շրջագայություններ է ունեցել սփյուռքահայ համայնքներում, իսկ համերգների մասին հիացական արձագանքներն ամփոփվել են հայկական հայտնի պարբերականներում: Գովասանքի խոսքեր հնչեցնելուց զատ, լրատվամիջոցներն արվեստագետից ցանկացել են իմանալ, թե հայրենիքում ինչպես են ապրում մարդիկ, ի՞նչն է հուզում նրանց, ի՞նչ խնդիրներ են առկա: «Ինձ առանձնապես չէր զարմացնում այդ հանգամանքը, ես այդ տարիներին հասկացա, որ կարևոր չէ, թե նրանք հեռու են մեզնից, միևնույն է, նրանք ապրում են մեր կյանքով: Տարիներ առաջ Լիբանանում հայկական ռադիոյի հյուրն էի: Հաղորդավարը հուզմունքով հարցեր էր տալիս ետերկրաշարժյան մեր ապրումների, վիճակի մասին, իսկ հետո, երբ ես նրան համոզիչ կերպով բացատրեցի, որ մեզ` որպես իրական քրիստոնյաների, հաջողվեց վերագտնել մեր ոգու ամրությունը, զարթոնք ապրել, դրանից հետո` պետք էր տեսնել նրա ոգևորության աստիճանը»,- ասում է Սաթիկ Վարդանյանը:

Նշում է, թե մեծագույն հաճույքով է ականատեսը եղել այն իրողությանը, որ իր եղած հայկական գաղթօջախներում ամենայն հնարավորն արվում է նոր սերնդի հայեցի կրթվելու ու դաստիարակվելու համար. «Այնպես, որպեսզի հայ գիրը, կրոնը, մշակույթն ամեն հայորդու ինքնության պարունակը լինի: Սփյուռքում շատ է կարևորվում հայրենիքի մշակութային գործիչների հետ կապը, շփումները»: Ըստ նրա, այժմ մի շարժ է առկա` Սփյուռքից վերադարձ է նկատվում հայրենիք, հատկապես` Սիրիայից:

Դիտարկումս եմ հայտնում այս առնչությամբ, թե՝ բայց չէ՞ որ Սիրիայում ընթացող պատերազմը կարող էր դրա դրդապատճառը լինել, ուրեմն` վստահաբար չի կարելի ասել, թե հայրենադարձության զանգվածային երևույթ է առկա: Պատասխանում է. «Բայց նրանք կարող էին, չէ՞, գերադասել մեկ այլ, ասենք` արևմտյան չափանիշներով այլ բարեկեցիկ երկրում հաստատվել, այնինչ նախընտրեցին հայրենիք գալ: Իհարկե, դժվար է սիրիահայերին իրենց ծննդավայրից, հարազատ կենցաղից կտրվել, բայց գալիս են: Ճիշտ է, մեզ համար էլ այստեղ երբեմն հեշտ չէ, բայց կարծում եմ, որ պետք է ձգտել հաղթահարել բոլոր տեսակի ճգնաժամերը և մնալ սեփական հողի վրա»:

Հարցնում եմ, թե հոգևոր երգի ելևէջումները սեփական ներզգայական աշխարհով անցկացնելիս, ինչպիսի՞ն է իրեն թվում դրա ազդեցությունն ունկնդրի վրա: «Նախ ասեմ, որ Աստծո մեծ պարգև եմ համարում իմ ձայնը: Եվ այս աստվածահաճո պարգևն ուզում եմ մատուցել նրանց, ովքեր աղոթքի մեջ են, ովքեր ուզում են մեղա գալ Աստծո առաջ, իրենց խոնարհումը բերել նրան: Իսկ հայկական հոգևոր մեղեդին, հոգևոր շարականը` դա, իմ խորին համոզմամբ, բժշկություն է: Եթե իսկապես խորն աղոթելով նվիրվես երգին, անկախ նրանից, թե քո ձայնի ելևէջները որքանով են հասանելի յուրաքանչյուր անձի, միևնույն է, ընկալելի կլինեն, որովհետև, այնուհանդերձ, աղոթքն առ Աստված հասանելի է բոլորին»:

Իսկ խոսելով երգի մասին, Սաթիկ Վարդանյանն ասում է, թե դեռ մանկուց իրենք անբաժան սիրով են կապվել միմյանց հետ. «Եթե ինձ հաջողվի երգի միջոցով մարդուն սիրո հետ հաղորդակից դարձնել և երջանկություն սփռել մարդկանց շուրջը, ես ինքս էլ երջանիկ կզգամ: Իմ կյանքի բերկրալի պահերը երեքն են եղել, առաջինը` իմ անուշիկ աղջկաս` Արևիկիս ծնունդն էր, երկրորդը` երբ ես թոռնիկ ունեցա և երրորդն այն է, որ ինձ հաջողվել է Տաճար մտնել ու անսահմանորեն սիրել հայ եկեղեցին ու հոգևոր երգը»:

Կոնսերվատորիայում ուսումնառության տարիներից հիշում է իրեն դասավանդած անվանի պրոՖեսորներին` Գոհար Գասպարյանին, Տաթևիկ Սազանդարյանին, Սվետլանա Կալասարյանին. «Մեզ սովորեցնում էին, թե հանդիսատեսը երբեք չպիտի իմանա, որ թախծում ես: Դու ժպտա, որպեսզի նրանք էլ ժպտան, եթե դու տխուր ես երգում, որքան էլ կատարումդ լավը լինի, նրանք կձանձրանան: Պետք է թախիծը թողնել կուլիսներում: Թռվռուն երիտասարդական տարիներից հետո, փորձությունների միջով անցնելով, բնականաբար, շատ բան ես սովորում: Մարդն ամբողջ կյանքում ամբարող է, տգետներն են միայն ասում, թե իրենք ամեն ինչ գիտեն: Ետահայաց մտորումներին տրվելով, զգում եմ, որ դեռ պակաս գործեր կան, որոնք չեմ հասցրել անել»:

Սաթիկ Վարդանյանը բեմական գործունեությունն սկսել է 20 տարեկանից: Նրա դուստրը` Արևիկ Թանաշէանն էլ, տակավին նույն տարիքում մեծ բեմ բարձրանալով, հասցրել է 6 միջազգային փառատոների «Գրան պրիների» արժանանալ: Մայրիկից հետաքրքրվում եմ. «Ձեզ ինչպե՞ս է թվում, Արևիկին այդ շնորհը ժառանգաբա՞ր է փոխանցվել»: Պատասխանում է. «Մանուկ հասակից հաճախել է Գեղագիտական կենտրոն, դրամատիկական թատրոնում դերերգերով մասնակցել է ներկայացումներին, երբ Խորեն Աբրահամյանն էր գեղարվեստական ղեկավարը: Տանը շարունակ երաժշտական մթնոլորտ էր, երաժիշտներ, մեր երգչախմբի անդամներն էին գալիս: Էն մութ ու խավար տարիներին երգում էինք: Այդպես` մշտապես երաժշտությանն ականջալուր, հունցվելով մեծացավ: Նա դպրոցում գերազանց էր սովորում, ուսուցիչները կանխորոշել էին համալսարանական կրթություն, ես էլ էի կարծում, որ այդպես կստացվի, բայց նախընտրեց երաժշտությունը: Ես հայտնվեցի մի շեմի վրա, որտեղ արդեն «ոչ» ասել նրան չէի կարող»:

Այժմ Արևիկը, իր մանկավարժական գործունեությանը զուգընթաց, երգում է մոր ղեկավարած երգչախմբում` մյուսների հետ հավասար կարգավիճակում: Մայրը կարծում է, որ այժմ դստերն հաջողվել է հասնել արտիստի համար նշանակալի նպատակներից մեկին` արժանանալ հանդիսատեսի սիրուն. «Ես նրան այնպես եմ դաստիարակել, որ մարդկանց սիրի, անկախ նրանց խառնվածքից, դավանանքից կամ այլ հատկանիշներից և, որ ինչքան էլ վեր բարձրանա, պետք է գտնվի ներքևում` մարդկանց կողքին»:

Սաթիկ Վարդանյանը նախկինում հոգևոր երաժշտություն է դասավանդել Հառիճավանքի ճեմարանում, Գյումրու հոգևոր ընծայարանում, որտեղի շրջանավարտներից շատերն այժմ Սփյուռքում՝ որպես աբեղաներ և վարդապետներ, իրենց ծառայությունն են մատուցում Հայ Առաքելական եկեղեցուն: Ներկայում էլ չի հեռացել մանկավարժական գործունեությունից, վոկալի դասեր է պարապում Գյումրու թիվ 31 դպրոցի երեխաների հետ:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,527