Զրույց ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զրույց

— Հայրիկ, մարդը հոգի ունի՞։

— Հա, բալես։

— Բա որտե՞ղ է այդ հոգին։

— Մարդու ներսում։

— Բա, այդ ո՞նց են հոգին հանում։

— Հոգին հնարավոր չէ հանել, հոգին միայն դուրս է գալիս։

— Բա, պապիկը ինչի՞ է ասում. հոգիս հանեցիր։

— Դե, դու չարություն ես անում, պապն էլ ջղայնանում ու ասում է։

— Հայրիկ, բոլոր մարդիկ էլ հոգի ունե՞ն։

— Հա, ունեն։

— Իսկ կենդանինե՞րը։

— Կենդանիներն էլ։

— Ծառե՞րն էլ։

— Հա, ծառերն էլ։

— Քարե՞րն էլ։

— Քարերն էլ։

— Հայրիկ, այդ բոլորը մտածու՞մ են։

— Հա, մտածում են։

— Իրենք շնչո՞ւմ էլ են։

— Այո, նաև շնչում են։

— Հայրիկ, իսկ ցավ զգո՞ւմ են։

— Հա, բոլորն էլ ցավ զգում են։

— Հայրիկ, իսկ մետաղնե՞րը։

— Մետաղներն էլ և՛ հոգի ունեն, և՛ ցավ են զգում, և՛ մտածում են։

— Իսկ հոգիները չա՞ր են, թե` բարի։

— Հոգիները լինում են և՛ չար, և՛ բարի։

— Բա ո՞նց իմանանք, որ հոգիներն են բարի և որոնք չար։

— Այն հոգիները, որոնք բարի գործ են կատարում` կոչվում են բարի, իսկ նրանք, որոնք չար գործ են կատարում` կոչվում են չար։

— Քարերը ո՞նց կարող են լինել բարի կամ չար։

— Բարի քարերից գեղեցիկ քանդակներ են պատրաստում, շենքեր կառուցում, զարդեր սարքում: Իսկ չար քարերից չար մարդիկ մարդկանց գլուխ են ծակում կամ ջնջխում։ Բարի մետաղներից պատրաստում են նույնպես արձանիկներ, գեղեցիկ սարքեր, իսկ չարերից` կացիններ, զենքեր, սրեր-թրեր և նմանատիպ բաներ։ Ամեն քարից չես կարող տուն կառուցել և ամեն մետաղից չես կարող ստանալ գեղեցիկ արձանիկ կամ սարք։

— Հայրիկ, իսկ արձանը հոգի ունի՞։

— Հա բալես, ունի, նայած ով է պատրաստել արձանը և ինչ հոգի է դրել արձանի մեջ։

— Հայրիկ, իսկ որ անտառը կտրում ու վառում են, մեղք չի՞։

— Եթե անտառը կտրում ու վառում են, որ չմրսեն` մեղք չի, իսկ եթե անտառը վառում են հենց այնպես` ուրեմն մեղք է։

— Հայրիկ, իսկ այս ամենը ո՞վ է ստեղծել։

— Աստված է ստեղծել։

— Բա Աստված չի ասում, որ չի կարելի չար ու վատ բաներ կատարել։

— Ասել է ու էլի ասում է, բայց մարդիկ չեն հասկանում։

— Հայրիկ, իսկ երկրագունդն է՞լ է Աստված ստեղծել։

— Այո։

— Երկրագունդն է՞լ հոգի ունի ու մտածում է։

— Այո, երկրագունդը և՛ հոգի ունի, և՛ մտածում է, և՛ ցավ է զգում։

— Հայրիկ, բա երկրագնդի հոգին որտե՞ղ է։

— Երկրագնդի հոգին երկրագնդից դուրս է և շրջապատում է բոլորիս ու պահպանում:

— Բայց երկրագունդը ո՞նց է ցավ զգում։

— Ջրերի ու գետերի հուն ենք փոխում` երկրագունդը ցավ է զգում: Ծակում, փորում, ճեղքում ենք երկրագնդի կուրծքը` ցավ է զգում: Պատերազմներ ենք մղում, պայթեցումներ կատարում` ցավ է զգում: Արբանյակներ ենք ուղարկում երկինք, օզոնային շերտը ծակում` ցավ է զգում: Անտառներ ենք այրում, կենդանական աշխարհ փչացնում` ցավ է զգում: Անբարո արարքներ ենք կատարում` ցավ է զգում: Ագահություն ենք անում, մարդ ենք սպանում, դեռ աշխարհ չեկած մարդ ենք մորթում` ցավ է զգում։ Ու ամեն անգամ մեզ զգուշացնում է հրաբուխի միջոցով, որոտ ու կայծակի միջոցով, երկրաշարժի, քամիների ու փոթորիկների միջոցով, սակայն մարդիկ չեն հասկանում ու շարունակում են իրենց սև գործը կատարել։ Չեն հասկանում, որովհետև մոռացկոտ են, չեն հասկանում, որովհետև չեն հիշում, թե աշխարհը, երկինքը, երկիրը և մարդկությունը ո՞նց ստեղծվեց և ո՞վ ստեղծեց։ Չեն հասկանում, որովհետև մոռացել են Աստծո պատվիրանները և չեն կատարում, մոռացել են, որ Աստված իր միակ որդուն ուղարկեց երկիր մեր տեսքով, և Աստծո որդին մեր բոլորի մեղքերը վերցրեց իր վրա, որ մարդիկ այլևս մեղք չգործեն, սակայն մարդիկ չհասկացան ու շարունակում են ապրել մեղավոր կյանքով:

— ՞՞՞՞

— Բրուտը կավին է հոգի տալիս, քանդակագործը` մետաղին ու քարին, գյուղացին` հողին ու ծառին, հյուսնը` փայտին, ինժեները` գետերին ու ջրերին, իսկ Աստված` բոլորիս։

— Իսկ, եթե մարդը չի ընդունո՞ւմ Աստծո տվածը։

— Եթե մարդ չի ընդունում Աստծու տված հոգին, ապա նրա մեջ տեղավորվում է սատանան և մարդը սկսում Է չար գործեր կատարել։

— Հայրիկ, իսկ ուրիշ աստվածներ կա՞ն։

— Ոչ, Աստված մեկն է։

— Բա այդ ինչպե՞ս է, որ ուրիշ աստվածներ չկան, բայց ուրիշ կրոններ կան։

— Բոլոր կրոնների համար էլ Աստված մեկն է, և Աստված սիրում է բոլորին հավասարապես։ Աստված չի սիրում, որ մարդը կրոնափոխ է լինում կամ իր ազգային կրոնը թողած, սկսում է Աստծուն պաշտել` մեկ այլ կրոնի միջոցով։

— Հայրիկ, իսկ մարդ կա՞, որ հոգի չունի։

— Այո բալիկս, ով Աստված չունի, նա նաև հոգի չունի։

Մ.Ա.Հ.

print
1,422