Էդիկ Սարգսյանը մրցանակներ նվաճեց՝ ի հեճուկս մրցավարների ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Էդիկ Սարգսյանը մրցանակներ նվաճեց՝ ի հեճուկս մրցավարների

Հայաստանի Կյոկուշինկայ բուդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 4-րդ դան որակավորում ունեցող գյումրեցի Էդիկ Սարգսյանը հերթական անգամ մասնակցեց այս մարտարվեստի Եվրոպայի առաջնությանը, որը կայացել է Ռումինիայում: Քանի որ նա հանդիսանում էր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնը, հենց նա էր այս մրցումների գլխավոր ֆավորիտը: Սակայն շատերի համար անսպասելի Էդիկ Սարգսյանը կատա և կումիտե մրցաձևերում բավարարվել է արծաթե և բրոնզե մեդալներով: Էդիկ Սարգսյանը գոհ է իր մրցելույթներից, սակայն դժգոհեց մրցավարների տարօրինակ վերաբերմունքից:

— Ռումինիայում կայացավ կյոկուշինկայ բուդո կարատեի Եվրոպայի առաջնությունը: Ես ինչպես միշտ, մասնակցեցի և՛ կումիտե, և՛ կատա ձևերում: Վստահ էի, որ նվաճելու եմ երկու ոսկե մեդալներ, բայց շատ զարմացա մրցավարների անփույթ աշխատանքից և, ի վերջո, կատա ձևում գրավեցի 2-րդ տեղը, իսկ կումիտեում դարձա բրոնզե մեդալակիր: Պայքարը համառ էր, չնայած ես համաձայն չէի մրցավարների հետ, մանավանդ կատա ձևում բացահայտ էր առավելությունս մրցակիցներիս նկատմամբ: Նաև խանգարեց այն հանգամանքը, որ մրցումներն անցկացվում էին Ռումինիայում և չեմպիոն դարձավ հենց ռումինացի մարզիկը:

Վերադառնալով հայրենի քաղաք, նա թիվ 5 դպրոցի ոչ մեծ դահլիճում վերսկսել է մարզումները պատանի սաների հետ: Թե՛ մարզչական, թե՛ խորհրդատվական հարցերում ֆեդերացիայի նախագահին շատ է օգնում փոխնախագահ, Եվրոպայի վետերանների չեմպիոն Արտաշես Պապոյանը:

— Որպես ֆեդերացիայի նախագահ, ինքն իր կազմակերպչական ջիղով ու աշխատանքով շատ բեղմնավոր գործունեություն է իրականացնում: Շատ վարակիչ է նրա աշխատանքը բոլորիս համար: Գոհ ենք բոլորս: Իսկ ես, որպես ֆեդերացիայի փոխնախագահ, իմ ուժերին ներածին չափով կանգնած եմ նրա կողքին, փորձում եմ նեցուկ լինել նրան:

Գյումրու համալիր մարզադպրոցի տնօրեն, կյոկուշինկայ կարատեի 1-ին դան սև գոտի որակավորում ունեցող մասնագետ, կշռաքարի բարձրացման աշխարհի քառակի ռեկորդակիր  Ալեքսանդր Կիակոսյանը կարևորում է նախևառաջ Էդիկ Սարգսյանի մարդկային որակները, առանց որի արևելյան մարտարվեստում ոչնչի չես հասնի:

— Մարդկային առումով՝ ընկերասեր, նպատակասլաց և իր գործին նվիրված մարդ է: Մարդն ու մարզիկը նրա մեջ մի տեսակ միախառնվել են: Չկա գիծ, որ առանձնացնես, Էդիկի մասին ասես՝ այ այսպիսի մարդ է և այսպիսի մարզիկ է: Ընդհանուր առմամբ, նա արժանի է բարձր գնահատականի: 36 տարեկան է ու բոլորդ տեսնում եք նրա ավյունը, եռանդը: Համոզված եմ, որ 50 տարեկան հասակում էլ Էդիկը չի պատրաստվի դառնալ վետերան: Մարզական բարձր մակարդակի վրա է կանգնած, մեծ պոտենցիալ ունի, մենք դեռ Էդիկից կսպասենք մեծ հաջողություններ:

Աշնանը Ինդոնեզիայում կայանալու է այս մարտարվեստի աշխարհի առաջնությունը: Թեև իր արդյունքներով Էդիկ Սարգսյանը նվաճել է մասնակցության ուղեգիրը, սակայն միջազգային ֆեդերացիան՝ ըստ գործող կանոնակարգի, պիտի հաստատի այդ մասնակցությունը:

Ս. ԱՂԱՆՅԱՆ

print
1,081