Էմմա Բաղդասարյան. «Որտեղ է սկսվում եւ ավարտվում մերի ու ընդհանուրի սահմանը» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Էմմա Բաղդասարյան. «Որտեղ է սկսվում եւ ավարտվում մերի ու ընդհանուրի սահմանը»

Մեր հասարակության դժբախտությունն իմ սուբյեկտիվ կարծիքով նրանում է, որ մենք պարզապես չգիտենք, որտեղ է սկսվում եւ ավարտվում մերի ու ընդհանուրի սահմանը։

Տոթ, հոգնատանջ օրվա ընթացքում Գյումրու կենտորնական հատվածներում գտնվող 4 ցայտաղբյուրներից եւ ոչ մեկից ջուր խմել չհաջողվեց. ինչու՞….

1. Մի բրուտալ տղամարդ էր, երկար մազերով, երկար մորուքով, մաքուր հայերենով ասված՝ փրչոտ, լվացվում էր ցայտաղբյուրի վրա, քիթ, բերան, մորուք, ուզում էի մոտենալ ասել՝ կսպասես մտնեմ խանութ քեզ շամպույն առնե՞մ, մեկից լողանաս…

2. Վարպետաց փողոցի վերջնամասում, Ռուսթավելու շնարարության բանվորներից էր, նստել էր մայթին ձեռքն էլ դրել էր հոսող ծորակին, որպես հոգու մխիթարանք։ Հոգնատանջ էր, մեղքս տվեց, մտքումս ասացի՝ դե լավ հիմա, մարդ է, ինչ անենք,…. բայց հենց աչքս ընկավ մայթին փռված, նոր լվացրած գուլպաներին, ինչ-որ սատանայական ճիճու ուղեղս սղոցեց, որ դրանք մոտ 3 րոպե առաջ այդ նույն ցայտաղբյուրի մեջն էին…..

3. 50-ին մոտ մի տաքսու վարորդ էր, ամեն օր տեսնում եմ այդ մարդուն, պառկել էր ցայտաղբյուր վրա, մերթընդմերթ մի կում էր անում, հետո վարի շրթունքից մի կաթիլ ճպոցով ընկնում էր նույն ցայտաղբյուրի մեջ։ Իրեն իշխանական կայֆեր էր թույլ տալիս, իսկ կայֆն ավելի էր մեծանում, երբ ծարավ մարդիկ փափագած հայացքով նայում էին իր իշխանության տակ գտնվող ցայտաղբյուրին, իսկ եթե կլինեին այնպիսիք ովքեր այնուամենայնիվ կուզեին խմել, մի տեսակ դժկամությամբ էր տեղը զիջում, կանգնում էր գլխավերեւներում, որ սովորական մահկանացուները մի փոքր արագացնեին….

4.Վերջին ցայտաղբյուրի մոտ մարդ չկար, հեռվից դեռ նշմարեցի, իմ մեջ ուրախացա, ծարավս հագեցրեցի մտովի, բայց մոտենալուն պես տեսա մի ռետինե խողովակ ամրացրած, հատուկ ինչ-որ երկաթներով ձգած։ Ակազետսյա, մեր լավ ախպերն իրենց բակում իր մերսեդեսն էր լվացնում, փնթփնթացի, ի պատասխան իմ փնթփնթոցին մեր լավ ախպոր լավ ախպերը՝ Տիմոտին, ինձ մերսեդեսից ասաց՝ ТЫ ЧЁ ТАКАЯ ДЕРЗКАЯ, А?

Էմմա Բաղդասարյան

print
1,909