«Ըսի-ըսավ»` Ամալյա Թումասյանի հետ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ըսի-ըսավ»` Ամալյա Թումասյանի հետ

— Ո՞վ է Գյումրու «Լոֆթի» Ամալյա Թումասյանը:

— Հասարակական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 15 տարեկանից, երբ Գյումրիում կար «Կովկասյան կենտրոն» ՀԿ-ն, և հայ-թուրք-ադրբեջանական և վրացական դաշտում բավականին շատ նախագծեր էին ընթանում ու մասնակիցներից մեկն էի, որից հետո մոտիվացվելով սկսեցի զարգանալ, լեզուներ սովորել: Հետագայում սկսեցի արդեն Հայաստանը ներկայացնել տարբեր միջազգային հարթակներում: Որոշ ժամանակ անց սկսեցի զբաղվել Եվրամիության տարբեր պրոյեկտներով, որտեղ Եվրոպայում կրկին ներկայացնում էի Հայաստանը: Հետո, ժամանակի ընթացքում, կամաց-կամաց տեղափոխվեցի դեպի միջազգային կազմակերպությունների հարթակ: Հասարակական գործունեությանն ու ակտիվ կյանքին եկավ փոխարինելու պատասխանատու աշխատանքը:

— Ամալյան, որպես Գյումրու «Լոֆթի» գործադիր տնօրեն. ինչո՞ւ հենց Դուք, այլ ոչ մեկ ուրիշը:

— Անհամեստություն թող չթվա, բայց ես այն մարդն էի, ով կարողացավ մշակույթը համատեղել մշակույթի կառավարման հետ, որը շատ հազվադեպ է լինում մեր իրականության մեջ: Մարդիկ կան, ովքեր շատ լավ հասկանում են մշակույթից, և մարդիկ, ովքեր շատ լավ կառավարում են, բայց հազվադեպ է լիում, երբ այս երկուսը համատեղվում է: Երկու տարի առաջ հանդիպել էի հիմնադիրների հետ, հարցազրույց եղավ, ձգձգվեց բացումը, իսկ այդ ընթացքում հասցրեցի ապրել դրսում, աշխատել տարբեր կառույցներում, աշխատել որպես նախագծի մենեջեր, և արդեն եկավ այն պահը, երբ «Լոֆթը» նորից հայտարարեց տնօրենի թափուր պաշտոնի մասին:

— Ձեր առավելությունները:

— Նախագծի մենեջերը պահանջում է լինել «կյանքային մենեջեր» և, իմ կարծիքով, ես այդպիսին են: Ամենակարևորը Գյումրիում լավ հարաբերություններ ստեղծելն է որքան հնարավոր է շատ մարդկանց հետ, իսկ դա մեր քաղաքում լուրջ խնդիր է: Եվ, առհասարակ, այսպես է`որքան քաղաքը փոքր է, այնքան կոնֆլիկտը շատ է մարդկանց միջև:

— Ճանաչելիության և տեղեկացվածության խնդի՞ր է, թե հարցն ավելի խորքային է:

— Իմ կարծիքով՝ այո, ճանաչելիության խնդիր է և առողջ մրցակցություն ստեղծելու խնդիր կա: Խնդիր կա մարդկային փոխհարաբերությունների մեջ, որովհետև շատ հաճախ մարդիկ փորձում են իրենց դատարկը լրացնել ուրիշներին քարկոծելու ու սևացնելու միջոցով: Ես, որպես տնօրեն,  այդ մեթոդները երբեք չեմ ընտրել ու, իմ կարծիքով, ինձ ճանաչողները գիտեն այդ մասին: Գիտեն նաև, որ կարող եմ մարդկանց հետ լինել և՛ շատ անկեղծ, և՛ շատ նեյտրալ:

— Խոսենք Գյումրիում բիզնես ռիսկերից. արդյո՞ք «Լոֆթը» կայացավ լավ աշխատանքի և աշխատակազմի շնորհիվ:

— Ճիշտ նշեցիք, Գյումրիում շատ մեծ խնդիր ունենք բիզնես հիմնելու և այն կառավարելու: Չբնութագրելով ռիսկ, այլ կասկածի տակ լինելով, «Լոֆթն» անցել է այդ ուղին: Ճիշտ աշխատելաոճը կարևոր է այն առումով, որ Գյումրիում շատ բազում օրինակներ ունենք, թե քանի լավ կառույց է բացվել և լույսի արագությամբ փակվել՝ չընկալված, չհասկացված լինելու պատճառով: Այսինքն դա պետք չէ բնութագրել վատ աշխատելաոճով: Եվ՝ չվիրավորելով ոչ մեկին, եկեք ասենք, որ ավելի շատ նորն ընկալելու խնդիր ունենք: Լինելով կոլորիտային և ամենապահպանողական քաղաքներից մեկը, իհարկե, դժվար է համատեղել ժամանակակիցը ավանդականի հետ ու մատուցել:

— Ժամանակից առաջ ընկնելով՝ ինչպե՞ս եք տեսնում հետոն:

— Իմ բնույթով չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել, որովհետև փորձը ցույց է տվել, որ նման մարդիկ շատ բաների չեն հասնում: Ապրում եմ ներկայով և «Լոֆթն» այն իդեալական վայրն է, որը կարող է ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին ես կամ` բազմաբնույթ, տրանսֆորմացող, փոփոխական և, միևնույն ժամանակ, հաստատուն՝ իր հայեցակարգերով ու սկզբունքներով:

— Ի՞նչ է պետք Ամալյա Թումասյանին:

— Սա առաջին անգամ է, երբ ես պետք է խոսեմ ինձանից: Ինձ պետք է հանգստություն: Ես հանգստության ձգտող մարդ եմ և ամեն քայլ բերում է նրան, որ ես հոգեպես ու ֆիզիկապես լինեմ հանգիստ: Հանգստություն ասելով՝ նկատի չունեմ նստել բազմոցին ու ոչ մի բան չանել… Երբ զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով և չեմ մտահոգվում, թե միգուցե չստացվի կամ չլինի այնպես, ինչպես ես եմ ուզում, երբ հանգիստ եմ իմ մտերիմների ապահովության, բարեկեցության համար և, երբ ինձ ճիշտ են հասկանում ու ընկալում: Մենք հասարակության մի մասնիկն ենք, և սուտ է այն, որ մեզ չի հետաքրքրում շրջապատի կարծիքը, բոլորն էլ իրականում ապրում են նրա համար, որ հասարակությունը նրանց ճիշտ ընկալի:




— Երևա՞ն, թե՞ Գյումրի:

— Հայաստանն ինձ համար մի մեծ քաղաք է և գրեթե տարբերություն չկա: Նայած ինչ հարցում, եթե ես ասեմ գյումրեցի երիտասարդ, դա իմ կողմից կլինի տարանջատում, բայց շատ հարցերում երևանաբնակ երիտասարդն օրինակ է ծառայում գյումրեցու համար, նա կարողանում է օրինակ դառնալ նրանց համար, ովքեր տեղափոխվելով Երևան, չգիտեն ինչպես պահել իրենց, ձերբազատվել կարծրատիպերից և ազատ ապրել: Իսկ ինչո՞ւ գյումրեցի երիտասարդ… որովհետև որքան ծանր պայմաններում ես ապրում, այնքան քո մտահորիզոնն ավելի տառապող է: Սա գյումրեցի երիտասարդի առանձնահատկությունն է: Հաճախ, երբ ասում են՝ ինչպես եղավ, որ և՛ մեքենայի անիվ փոխել գիտեմ, և՛ այլ մասնագիտությամբ եմ աշխատում, ես ասում եմ, որ ես գյումրեցի եմ, որովհետև ինձ քաղաքս այդպես է դաստիարակել, որ պետք է ամեն ինչ իմանաս, եթե ուզում ես առաջ գնալ:

— Միշտ փորձել ես…

— Նորություններ…

— Բայց…

— Միշտ չէ, որ փորձածս նորությունը, նորություն է եղել:

— Ասում են, որ…

— Նույն գետը երկու անգամ չեն անցնում:

— Ամեն ինչ անել նրա համար, որ…

— Նպատակներ ունենաս:

— Այսօր…

— Ամենալավ ժամանակն է կերտելու:

— Իսկ վա՞ղը…

— Վայելելու այսօրվա արածը:

— Եվ, այնուամենայնիվ…

— Իմ կյանքը ռոքն-ռոլն է…

— Ամենավառ հիշողությունը…

— Իմ մանկությունն անցել է 58 թաղամասում` բնության գրկում, որտեղ մինչ բարձրահարկ շենքերը, եղել է մեծ տարածություն, դաշտեր, կենդանիներ: Եւ շատ հետաքրքիր է, երբ դու գյուղում չես ապրում, բայց քաղաքի եռուզեռից կտրված ես: Եւ հիմա էլ հասարակական կյանքից, շոու բիզնեսից զատ, երբ գալիս է հանգստության պահը, անպայման դա լինում է բնության գրկում:

ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

print
3,195