Թանգարանը մեծ նշանակություն կունենա ոչ միայն մարզի, այլ՝  երկրի մշակութային կյանքում ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Թանգարանը մեծ նշանակություն կունենա ոչ միայն մարզի, այլ՝  երկրի մշակութային կյանքում

Հարցազրույց «Շիրակի Երկրագիտական թանգարանի» տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ ԱՐՏԱՇԵՍ ԲՈՅԱՋՅԱՆԻ հետ:

Պարոն Բոյաջյան, մեկ ամիս էլ չկա, ինչ «Շիրակի Երկրագիտական թանգարանին» հատկացվեց Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը: Վերջերս էլ հայտարարվեց, որ սեպտեմբերի 1-ից մեկնարկում է թանգարանի վերանորոգման համար նախատեսված դրամահավաք: Սակայն, մինչ այդ, ինչպիսի՞ գործընթացների մեջ եք, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

— Այո, ինչպես և նշեցիք, սեպտեմբերից դրամահավաքի հետ կապված միջոցառումների շարք է նախատեսված, սակայն մանրամասներին ու կոնկերտ օրերի առայժմ չէի ուզենա անդրադառնալ, քանզի աշխատանքային ընթացքում է: Նաև ասեմ, որ այս գործընթացի կազմակերպումն իր ուսերին է վերցրել Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը: Նախնական փուլի համար հաշվարկվել է 50 մլն դրամ՝ նախագծման և այլ աշխատանքների համար: Իսկ նախագծումից հետո հաջորդ քայլը լինելու է շինարարական աշխատանքները, իսկ 3-րդ քայլով արդեն էքսպոզիցիոն աշխատանքներ են կատարվելու: Այս ամենից հետո նոր միայն թանգարանը կկարողանա բացել իր դռները:

Մոտավորապես ի՞նչ ժամկետների մասին է խոսքը:

— Անկեղծ ասած՝ ժամկետ նախանշել հնարավոր չէ: Մոտավոր, ենթադրում եմ, որ մոտ 2 տարի կպահանջվի, եթե, իհարկե, նաև գումարը հնարավոր լինի հայթայթել:

Գիտենք, որ հանրահայտ երաժիշտ Տիգրան Համասյանն առաջինն է ցանկություն հայտնել՝ իր ստեղծագործական մեկ երեկոյի հասույթը նվիրել Երկրագիտական թանգարանին: Համոզված եմ՝ շատերը կմասնակցեն դրամահավաքին: Սակայն հարցս հետևյալն է. այսպես ասած՝  հնագիտական պեղումներով զբաղվողների ասոցիացիա կա՞, որը հնարավոր է, նույնպես կկարողանա աջակցել, օժանդակել:

— Տեսականորեն՝ հնարավոր է, բայց գործնականում՝ դժվար է: Կկազմենք ցանկ, նամակներով կամ բանավոր խոսքով կդիմենք, թե դրա արդյունքն ինչ կլինի, ժամանակը ցույց կտա: Սակայն, մյուս կողմից, պետք է նշեմ, որ հնագիտական պեղումներ իրականացնող կազմակերպությունները հիմնականում իրենք են իրենց համար միջոցներ հայթայթում: Եղել է, որ դիմել ենք… Միայն հայ-գերմանական ներկայիս արշավախումբն է, որին ֆինանսավորում է գերմանական կողմը, այն էլ զուտ հնագիտական պեղումների համար է: Բայց ինչ մնում է՝ թանգարանի տեղակայման, էքսպոզիցիոն աշխատանքների համար, դժվար է: Բայց, ամեն դեպքում, չեմ բացառում:

Թանգարանի ցուցանմուշների թիվը շուրջ 25-26 հազար է կազմում: Ի՞նչ եք կարծում, շենքի 3000քմ մակերեսը կբավականացնի՞:

— Բնականաբար, ամբողջը չի դրվում ցուցադրման: Մանավանդ, ամեն տարի ավելանում է: Ես այսպես եմ պատկերացնում. պետք է բաժանենք ըստ ժամանակաշրջանների, և ամենահետաքրքիր ցուցանմուշները կներկայացնենք: Հնագիտությունն ունի տարբեր ժամանակաշրջաններ՝ վաղ, բրոնզ, երկաթ, անտիկ, միջին և այլն… Շիրակի երկրագիտական թանգարանը հենց սրանով է եզակի, որ բոլոր դարաշրջաններից նմուշներ ունի:

Երբ այլ երկրների հնագիտական աշխատանքներից տեղեկություններ ենք իմանում, ապա զարմանքով նկատում ենք, որ մեծ թվով թանկարժեք իրեր՝ ոսկեղեն, զարդեղեն են հայտնաբերում, կամ թագավորանիստ քաղաքներ են հայտնաբերում, իսկ մեր պարագայում, ասես հայի բախտ՝ կենցաղային սպասքեղեն է, կուժ ու կուլա, մարդկային կմախքներ:

— Սովորական մարդկանց ու հնագետների ընկալումները տարբեր են…

Չէ, ինձ ճիշտ հասկացեք, ես հասկանում եմ, որ հնագետի համար անգամ մեկ մետաղադրամ կամ կենցաղային իր գտնելը մեծ արժեք է: Ուղղակի, մեր մեջ ասած, ներքին պոռթկումն եմ արտահայտում, որ հնագույն ազգ լինելով, հարստության նմուշներ չեն հայտնաբերվում:

— Իհարկե, ցանկալի կլիներ, բայց կա այն՝ ինչ կա: Միշտ էլ, ինչպես հիմա է, մայրաքաղաքները տարբերվել են մյուս բնակավայրերից, կամ թագավորանիստ քաղաքների ու այլ ավանների միջև մեծ տարբերություն են եղել: Տա Աստված, որ գա այն օրը, երբ մենք էլ կգտնենք ընդերքում մի այնպիսի հետաքրքիր գտածո, բնակավայր, որ Ձեր մատնանշած մեծ արժեք կներկայացնի: Բայց գիտե՞ք, որ հնագետի համար ավելի շատ կարևոր է հասկանալը հին ժամանակաշրջանների մարդկանց ապրելակերպը, կենցաղավարությունը ու, եթե հանկարծ որևէ հատվածում գտնում են որևէ ժամանակաշրջանի ապացույց, ապա շատ չեն ընդլայնվում, իմաստ չկա… Բացի այս, Հայաստանում չկա բնակավայրի հնագիտական թանգարանայացման խնդիր, շատ եզակի կան՝ Գառնի, Եղեգնաձոր…

Դուք հայտնաբերված նմուշների մեջ ի՞նչը կամ որն եք համարում եզակիություն:

— Կա հնագիտական բացառիկություն, մեր թանգարանում կան պահպանվող ցուցանմուշներ, որոնք Հայաստանում բացառիկ են: Այնպես որ, սա մեծ ու կարևոր քայլ է, որ թանգարանը վերջապես ունեցավ իր շենքը, կունենա հնարավորություն՝ ի ցույց դնելու այն ամենը, ինչը այս տարիների ընթացքում ծանր աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է: Վերջապես կունենանք այն մեծ հնարավորությունը, որ այլազգիներին, զբոսաշրջիկներին կներկայացնենք մեր մի քանի հազարամյա պատմությունը ապացույցներով: Թանգարանը կրթելու ու դաստիարակելու մեծ դեր ու նշանակություն կունենա ոչ միայն մարզի, այլ երկրի մշակութային կյանքում:

print
1,549