«Թոշակակառու դառնալն օր լավ բան էղներ, Սերժը մինչեւ հմի «տյոմնի» չէր խաղա» ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Թոշակակառու դառնալն օր լավ բան էղներ, Սերժը մինչեւ հմի «տյոմնի» չէր խաղա»

Երբեմն կենսաթոշակառուների հետ շփվելիս, իրենց ապրելակերպի մասին զրուցելիս, ցանկություն է ծնվում ասել. «Դուք էս կյանքին չէ, որ պիտի արժանանայիք»: Ժամանակին նրանցից «ստախանովյան» աշխատանքային սխրանքներ էին պահանջում, հավաստիացնելով, թե դա է ուղիղ ճանապարհը վաստակած ու փառավոր հանգստի անցնելու համար: Հիմա, երբ երկրում վիճակ է փոխվել` թոշակառուներից շատերը ստիպված են ոչ թե վաստակած հանգիստը վայելելու բերկրանքին արժանանալ, այլ` գոյատևման, կենցաղային պայմանների դիմագրավման համար «հորատողի» ծանր մասնագիտությանն ընտելանալ:

Ազատ, անկախ կենսավիճակի ընտրություն: Անվերջ բարեփոխումների երկրի ընթացքին բա պե՞տք է անկախորեն «վերամասնագիտանալու» ջանքերի գնով միանալ: Իսկ լույս կիջնի նրանց աչքերին թոշակի գալստյան օրերին, երբ առավոտից գոյացող հերթերում ամենատկար թոշակառուն անգամ անհավատալիորեն կերպարանափոխվում է` երիտասարդական ավյուն ձեռք բերում:

Թոշակառուների հետ զրույցն  անմիջական է ստացվում, նրանք անգամ անծանոթի հետ են պատրաստ անկեղծ խոսք փոխանակել: Գիտե՞ք, նրանք մեծամասամբ պարզ մարդկային էությամբ օժտված մարդիկ են, ովքեր ժամանակին աշխատել են՝ մտածելով, որ օր ծերության կապրեն տարրական բարեկեցության նիշին համապատասխան, ու ոչ թե բեռ կլինեն իրենց երեխաների ուսերին, այլև` ինչ-որ չափով նաև օգտակար կլինեն նրանց: Ախր նրանք լավն են, լավատես, բայց ծերության շեմը հատելով, հուսալքության սահմանը մտան ու ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Ժամանակին թղթախաղի վարպետությամբ փայլած մի մարդուց այսպիսի բնորոշում լսեցի. «Թոշակառու դառնալն օր լավ բան էղներ, Սերժը միչև հմի «տյոմնի» չէր խաղա: Պրեզիդենտական ժամկետը վերջանագը, իսկ ինքը մինչև հմի չի ուզե ըսե, թե վերջը կերթա՞ հանգստի, թե՞ չի էրթա, թեպետ թոշակառուի ստատուսով էլ իրա հնարավորություններն ո՞վ ունի»:

«Ախր, որ մտածում եմ, թե էրեխեքս ո՞նց են ապրելու ինձնից հետո` հեչ մեռնելս չի գալիս»,- ասում էր Անյա տատը, բայց մահն «անզգուշորեն»  եկավ: Եկավ ու չասաց, թե կյանքի իր ժամանակը սպառվել է: Չէ՛, չասաց` ուղղակի առավ ու տարավ: Իսկ իր` գործազուրկների ընտանիքին պահող տատիկը դեռ հույս ուներ, որ կապրի հանուն նրանց` ընտանիքն ի՞նչ մեղք ունի, որ անհույս գործազրկության վիճակում է ապրում: Բայց նա հո՛ գրագետ կին էր, ժամանակին ինժեներ աշխատած, «մասկվաները կամանդիրովկաներ եղած», չէր ցանկանում մտածել, որ «նորածիլ» հիվանդությունը շուտով տանելու է իրեն հարազատներից: Միայն գիտեր ու պնդում էր, որ բժիշկների կարիքը չի զգում` «Նրանք թոշակառուի կաշին էլ կքերթեն` վերջին գրոշը խլելով, բայց մի օգուտ չեն տա»: Կարծում էր, որ ամեն մարդու վիճակված է ապրել այնքան, որքան վերևից է տրված` ուրեմն ի՞նչ կարիք կա անտեղի հոգսերի ու ծախսերի տակ գցել մտերիմներին:

Հետո, այս իրականությանը զուգահեռ, լսում եմ. «Էս իշխանությունների լկտիությունն ինձ ապշեցնում է»: Ասում է ինքնասիրությունը հարգողի տեսքով մի տարեց կին: Զրուցում ենք, պարզվում է՝ թոշակի անցած ուսուցչուհի է: Նրա խոսքից այս նախադասությունն եմ պարզորոշ մտապահել. «Մեզ արհեստական լավատեսություն էին ներարկում` կապրենք, լավ կլինի… Էս իշխանություններն էլ են նույնը ներարկում` փրկարար շիճուկ են իբր գտել: Էդ շիճուկի ներարկման վնասակար արդյունքը հաշվի չառնելով, մարդկային հոգեբանության վրա, այնուամենայնիվ, կիրառում են այն մեզ վրա»:

Կենսաթոշակառու Սաշիկ պապը պատմում էր, թե հոր վաղաժամ մահվանից հետո իրենց ընտանիքն անհուսալի վիճակում էր հայտնվել, և ինքը ստիպված էր 16 տարեկանից աշխատանքի անցնել «Լենինականի չուլոչնու ֆաբրիկայում»: Իր գիտակցական կյանքում ոչ ցնցված էր խորհրդային իրականությունից, ոչ էլ` հիացած, բայց հիմա առանց հուզմունքի չի կարող չհիշել այն տարիները` «Վա՜խ, մեռնիմ ես էդ կյանքին, ի՜նչ ժամանակներ էին»:

Ռոբերտ Սարգսյանն այդ տարիներին տաքսիստ է աշխատել, հիշում է. «Մեզ այն ժամանակ անվճար ուղեգրեր էին տալիս, այսինքն` մարդն իրեն հասանելիք արձակուրդային հանգիստը կարող էր անվճար վայելեր: Հիմա ինձ ասա` անվճար բան կա՞: Էս ինչքա՞ն էժանացրին մեր կյանքն էսօրվա երկրի տերերը: Հետն էլ, ախր, հիմարացնում են, թե սրանից լա՞վ կյանք, ապրեք` ի՞նչ եք ուզում, «կիսլառոդ» շնչելու հնարավորություն հո՛ տվե՞լ ենք»: Նախկին տաքսիստ Ռոբերտը, ով թաղում հայտնի է նաև իր սուր քաղաքական հայացքներով, հարց է տալիս, թե էդ ո՞ւմ են շնչելու հնարավորություն տվել ու հիշեցնում է գործող նախագահի` դատախազի օրվան նվիրված հեռուստատեսային ռեպորտաժը, որն իր ասելով՝ չափազանց հետաքրքրությամբ է դիտել: Ասում է, ավելի շուտ` վերապատմում Սերժ Սարգսյանի ասածը` «Նրանց երախտագիտության դաս տալու պես, հիշեցրեց, որ իրենք տեղը-տեղին լուծել են դատախազների կենսաթոշակի հարցը: Հա, նրանցը լուծել են, բայց մեզ ցայտնոտի մեջ են գցել, մենակ «խոզռաշչոտով» ապրելու հնար են տվել»:

Ես ինքս էլ ինչ-որ բան հիշեցի դատախազներին ուղղված այդ ելույթից. բոլոր նախադրյալները տրված են նրանց, մի ամբողջ գործիքակազմով ապահովված են, որպեսզի արդարության համար մղվող պատերազմում տանուլ չտան: «Պատերազմ» բառը, եթե ձեզ թվում է, թե ամպագոռգոռ է հնչում, ապա ասեմ, որ ինձ այդպես չի թվում: Երբ հետևում եմ քաղաքական այլախոհների դեմ դատավարություններին, դրանք «ամբաստանյալների» նկատմամբ հայտարարված պատերազմ են հիշեցնում: Այս ելույթում «գործիքակազմ» ասածն էլ ինձ հատկապես հետաքրքիր թվաց, երևի դրա ներքո պետք է հասկանալ «չակուջի» բոլոր տարատեսակներով համալրվածությունը:

«Էս իշխանությունների ինքնասիրահարված ցինիզմն է ինձ ամենից շատ ապշեցնում,- ասում է մյուս զրուցակիցս,- մեզ արհեստական լավատեսություն են են ներշնչում իրենց հռետորական ելույթներով, իսկ իրենք ապրում են հիմնավոր լավատեսությամբ: Դե, իհարկե, այս դեպքում իրենց լավատեսությունը միանգամայն հիմնավորված է: Իրենց կյանքի հետ համատեղելի»:

Հետո նախկին ուսուցչուհին չմոռացավ հիշեցնել, որ Ռուսաստանում հուլիսի մեկից բարձրացվեցին կենսաթոշակները` «Իսկ մեզ մոտ վարչապետը ինչ-որ հնգամյակային պլանում` ծրագրում է, միայն հակիրճ խոստումներով է պահանջում բավարարվել քաղաքացիներին»: Հետո գրագետ կինը հավելեց, թե ինչպես հատուկ է հանրապետականներին, բոլոր միջոցները լավ են, նույնիսկ` կոմունիստական «հնգամյակային պլան» կոչվածը, որոնք ծառայում են սոսկ հանրությանը հուսադրելու համար:

Ս.ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,369