Թունելի վերջում լույս է երեւում ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Թունելի վերջում լույս է երեւում

30 տարի առաջ… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են… Մի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ու… այդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:



Պատմում է Շիրակի մարզի գլխավոր գինեկոլոգ ՖԵԼԻՔՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Անցել է 30 տարի այդ աղետալի օրից… չես ուզում հիշել, չես ուզում խոսել, բայց ամեն անգամ էլի ու էլի բաներ ես հիշում, որ անկախ քեզանից խոսում ես, արտասվում թե՛ աչքերով, թե՛ հոգով… Այդ օրը, առավոտյան ես գնում էի Երևան՝ նախարարություն՝ խորհրդակցության: Ազատան գյուղի մոտ էինք հասել, երբ ինչ-որ տարօրինակ զգացում ունեցանք: Վարորդը ձեռքը սրտին տարավ, թե. «Վրույրիչ, վայթե ես ինֆարկտ տարա»: Ու մեքենան կանգնեցրեց: Ու ի՞նչ տեսանք, մայրուղին, ասես ծովի ալիքներ, տատանվում էր: Իջանք մեքենայից: Ասացի. «Երկրաշարժ է»: Մեքենայից էինք բռնվել, որ չընկնեինք: Նայեցի գյուղի ուղղությամբ, ինչ-որ առանձնահատուկ, ցնցող բան չկար, որն ինձ հուշեր այն արհավիրքի մասին, որի ականատեսը հետո պիտի լինեի: Երբ արդեն Երևան մտանք, 15 կվարտալի շենքերի ժողովուրդը դուրսն էին: Պատմում էին, որ երկրաշարժ է եղել: Նախարարությունում բոլորը խառնված էին, ռադիոն հայտնում էր, որ ատոմակայանին բան չի եղել, ջրամբարները չեն վնասվել… Գյումրու մասին ոչ մի խոսք, միայն, որ էպիկենտրոնը Սպիտակն է… Մի խոսքով, խորհրդակցությանը չմնացի, ետ դարձանք: Ճանապարհին անընդհատ շտապ օգնության մեքենաներ էին անցնում, մեքենաները խուճապային ազդանշաններ էին արձակում, դեպի Երևան էին շարժվում: Էլի մտքովս բան չէր անցնում, մտածում էի, թե Սպիտակից են մարդկանց տեղափոխում: Բայց, երբ մի մեքենայի կանգնեցրինք, հարցրեցի, թե որտեղի՞ց են գալիս: Ասաց՝ Ախալքալակից: Հարցրեցի՝ «Լեննականով անցե՞լ եք»: Պատասխանեց. «Ի՞նչ Լեննական, Լեննական էլ չկա, ավերակ է»:

Լուռ, մի կերպ հասանք քաղաք, բայց առաջ շարժվել չէինք կարող: Իջանք, ոտքով առաջացանք… Արդյո՞ք բառեր կան, որոնցով հնարավոր է նկարագրել այն ամենը, ինչ տեսել է յուրաքանչյուր լենինականցին. հզոր արդյունաբերական քաղաքի տեղը ավերակներ էին: «Ստրոմմաշինա» թաղամասն այլևս չկար, Նժդեհի հրապարակի «կարմիր շենքը» ալիքված, ծամածռված էր, մինչև հասա Արագած փողոցը. հերթով շարքով կանգնած շենքեր կային… Էլ չկային. հերթով շարքով ավերակներ էին: Երբ մեր շենքի ավերակին հասա, ողջ մնացած հարևաններն ասացին, որ տղայիս ու կնոջս աներձագս հանել է, տարել է հիվանդանոց, իսկ մայրս… մայրս մնացել է… Ամբողջ օրը, ինչ հիվանդանոց որ մնացել էր Գյումրիում, ոտքով, խելագարի պես շրջում էի, չէի գտնում նրանց: Վերջը՝ Երկաթգծի հիվանդանոցի բակում, բազմաթիվ վիրավորների, սարսռու տնքոցների ու լուռ ողբի միջից գտա մերոնց: Իրենց տարա քրոջս տուն, բայց… սուգ ու շիվան էր՝ քրոջս աղջիկը դպրոցում էր մնացել, գնացել էին փնտրելու: Տղայիս ցավերն անտանելի էին դառնում, երեխան ցավից գալարվում էր, մի կերպ կարողացա նրան Երևան հասցնել: 1-ին կլինիկական հիվանդանոցում ընկերոջս լուր տվեցին, եկավ, խնդրեցի երեխայիս ու կնոջս տիրություն անի, ես պետք է վերադառնայի՝ մորս գտնելու… Մինչ մորս կգտնեինք, քրոջս աղջկան մահացած գտանք, իսկ 5-րդ օրը մեր շենքից մոտավորապես  30 մետր հեռավորության վրա, փլատակի տակից գտանք մորս. մեր շենքի վերին հարկը ցնցումի ալիքը նետել էր 30 մետր հեռու: Հետո, ընկերս լուր հասցրեց, որ որդիս երիկամների խնդիրներ ունի, բազմաթիվ կոտրվածքներ ուներ. աջ ոտքի սրունքի բաց կոտրվածք, թիակի կոտրվածք, ձեռքի մատերի, երկու կողերի… 9-10 տեղում կոտրվածքներ: Չորս ամիս բուժվեց:

Ես այն ժամանակ աշխատում էի Ախուրյանի ծննդատանը: Այսօրվա պես հիշում եմ. այնտեղ առաջին ծնունդն ընդունեցինք հունվարի 9-ին՝ վրանի մեջ. թեև Ախուրյանի ծննդատան շենքը չէր փլվել, սակայն վթարային էր, և կազմակերպվել էր վրանային ծննդատուն: Աշխատեցինք մինչև աշուն, իսկ աշնանը «Կարմիր խաչի» միջազգային կառույցը ժամանակավոր կառույց սարքեց Ախուրյանում, համեմատաբար տանելի պայմաններ էին: Մինչև 1992 թիվն այնտեղ եմ աշխատել: Իսկ երբ Գյումրու ներկայիս ծննդատան շենքի կառուցումն ավարտին հասցրեցին, տեղափոխվեցի այնտեղ:

Շատերիս մինչև հիմա այն հարցն է տանջում՝ աղետը տեխնածի՞ն էր, թե՞ բնական: Ես մտածում եմ, որ միայն բնությունը, Երկրագունդը կարող էր այդպես ցնցել, իսկ պայթյունի վարկածն, իմ կարծիքով, այնքան էլ հավանական չէ: Բայց իմ քննելու բանը չի: Ու կարևոր էլ չէ, թե ինչն էր երկրաշարժի պատճառը, այլ ամենակարևորը, թե մեկ րոպեում ինչպիսի ահռելի մարդկային կորուստներ ունեցանք… Պոմպեի վերջին օրվան էր նման:

Քաղաքը սկսեց վերականգնվել

Կյանքը սկսեց շարունակվել, երբ ծնվեցին առաջին երեխաները: Ես ու մեծ տղաս այստեղ էինք, իսկ փոքր տղաս, որ վիրավոր էր, կնոջս հետ Երևանում էին: Մեծս 10-րդ դասարանում էր, սկսեց դպրոց հաճախել. նոր 2-րդ ռուսական դպրոցը հիշո՞ւմ եք, որ բացել էին «Էլեկտրոտեխնիկական» գործարանի տարածքի տնակային ավանում: Այնտեղ էլ ավարտեց: Իսկ հին 2-րդը, որը գտնվում էր քաղաքի բանուկ հատվածում, փլուզվել էր, հատկապես նոր կառուցած մասնաշենքը: Եվ ընդհանրապես, քաղաքում առաջինը փլվել էին նորակառույց շենք-շինությունները, իսկ հներն ու չեխական կառույցները մնացել էին: Եթե Գյումրվա հին տների 5-10 տոկոսը մասնակի վթարվեց, ապա նորերի 90 տոկոսը ավիրվեց:

Մենք Ազատանում ունեինք կիսակառույց ամառանոց, կարողացա շատ արագ շինարարությունն ավարտին հասցնել, բնակություն հաստատեցինք այնտեղ: Անկեղծ ասած, այն մութ ու ցուրտ տարիները որ կային, մեր տան պայմանները բարվոք էին. լույս կար, գազաֆիկացված էր, ջուր կար, մեր բոլոր բարեկամները գալիս, լողանում, մնում էին մեր տանը: Մեր տանը բնակվեց նաև գեներալ Տարականովը, որն այստեղ կազմակերպում էր զինվորական փրկարար-օգնականների զորամիավորման աշխատանքները:

Մինչ քաղաքի վերականգնումը խոսելը, նախ մեկ տարի ու ավել տևեց մաքրումը: 90 թվականից նոր միայն սկսվեց պետական շինարարությունը (բացի սեփական շինարարություններից): Նախ սկսեցին Երևանյան խճուղու ասֆալտապատումից, որն անում էին Հայ երկաթուղու Երևանի բաժանմունքը, որպես ԾԻԳ-ի ղեկավար Ֆելիքս Փիրումյանն էր, ով հետագայում դարձավ Շիրակի մարզպետ: 89-ին արդեն 58 թաղամասի շինարարությունը մեծ թափ առավ, մինչ այդ շինարարական արտադրական կորպուսները հիմնեցին: Այդ բավական մեծ թափը կանգ առավ, երբ սկսվեց հայկական հեղափոխությունը, որ հայտարարվեց, թե «մեր տունը կառուցելու ենք մեր ձեռքերով», այսպես ասած, վռնդեցին միութենական այլ պետությունների շինարարներին, տեխնիկան՝ որը տարել էին, որն էլ մնացել էր՝ վաճառեցին, մենք մնացինք կոտրված տաշտակի առաջ: «Մեր տունը կառուցելու ենք մեր ձեռքերով»-ը կառուցապատումը մի քանի տարով ետ գցեց: Իսկ հետագայի ղեկավարության կառավարման շրջանում Լինսի, Հանթսմանի փողերի մի մասը կերան, որը սեփական դղյակներ կառուցեց, որն էլ առավ փողերն ու գնաց:

Եթե անդրադառնանք հետագա կառուցապատմանը, ապա պիտի ասենք, որ ելնելով մեր պետության հնարավորություններից՝ քիչ չի արվել: Ինչ էլ, որ արվել է, միջազգային կառույցների հետ համատեղ են արել: Բնակարանաշինության առյուծի բաժինն ուղղակի գրպանեցին: Վիրավորվում ես, որ նման տականքները մեր ազգի ներկայացուցիչներ են, որ միայն անձի պաշտամունքով են եղել տարված:

Գյումրին ու Լենինականը համեմատելիս

Որպես քաղաք, արդեն քաղաքի նմանվում է Գյումրին, բայց բնակչության մասով նույնն ասել չեմ կարող: Ներկայիս գյումրեցին արդեն աղերս չունի նախկին գյումրեցու հետ: Այն հպարտ, խրոխտ կեցվածքը, ինքնավստահ կերպարը, թասիբով տղեն… անձի դեգրադացիա տեղի ունեցավ: Շատերը գնացին, նրանք էլ, ովքեր մնացին, երևի տրանսֆորմացվեցին, հարմարվեցին, ընդունեցին սոցիալական տիրող վիճակի կերպարը: Չորս կողմդ նայում ես, կռացած են դեռ, ձեռքերը տնկած, մեկը՝ մեկին խաբող, չարչիությամբ յոլա գնացող քաղաքաբնակներ են: Իսկ այն ժամանակ հանրապետության բոլոր վայրերից, այդ թվում՝ մայրաքաղաքից, գալիս էին Լենինական-Գյումրի՝ քաղաքն ու քաղքցիներին տեսնելու, որ իմանային քաղաքն ըդիկ ինչ է, քաղքի տղեն ըդիկ որն է:

Առողջապահության կազմակեպում

Այստեղ առողջապահական կառույցներ թողեցին դանիացիք, գերմանացիք, ավստրիացիք, իտալացիք, լեհերը, ֆրանսիացիք: Շատ հետո, որպես պետական կամ հայկական միակ առողջապահական հիմնարկ, մի քանի տարի առաջ կառուցված Բժշկական կենտրոնն է, որ կա:

Երկրաշարժի 10-րդ տարելիցն էր: Երևանում մեծ սիմպոզիում էր: Այդ առիթով հուշեր հիշվեցին, արտասվեցինք, ողբացինք, հետո, երբ խոսք ասելու հերթն ինձ հասավ, ես ասացի. «Ինձ կարող է չհասկանաք, բայց ես այս լացի մեջ կուզենայի մի զավեշտալի դեպք պատմել. ցուրտ ու մութ տարիներին էր, ձմեռ, Ծննդատան ընդունարանում, որտեղ բժշկուհին տաք ծածկոցների տակ նստած հերթական հղիին է գրանցում, անկետան լրացնում, պարտադիր հարցերից է տալիս. «Պտղաջրերը հոսե՞լ են», հղին չի հասցնում պատասխանել, ամուսինն է պատասխանում. «Բժշկուհի ջան, ես բաց թողեցի, օր ջրերը չսառեին»: Ու դրանից հետո ոչ մի լացելու ելույթ չեղավ: Ասելս ինչ է. դա էլ երևի լեննականցու տոկունության ցուցանիշ է, հումորի բնատուր տաղանդը հաշվի չառած:

Մենք դեռ որքան ենք սպասելու ու ինչի

Եթե մինչև վերջին տարին, եթե մենք թունելի վերջում լույս չէինք տեսնում, հիմա, կարծես թե, թունելի վերջում լույս է երևում: Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչքանով կիրականացնի ժողովրդի հույսերը, բայց այս ընթացքում մինչև այսօր, ինչ որ արվում է կոռուպցիայի, կաշառակերության, հովանավորչության վերացման ուղղությամբ, դա արդեն այնպիսի մեծ ստիմուլ է ժողովրդի համար, որ կիսասոված էլ կդիմանա, միայն թե հասնի այն երկրի մակարդակին, որտեղ մարդիկ ապրում են ապրելու համար, երջանիկ ապագայի համար:

print
754