«Թռիչք»՝ 154-րդ թատերաշրջանի վրայով ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Թռիչք»՝ 154-րդ թատերաշրջանի վրայով

Հարցազրույց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Պարոն Հարությունյան, ես կարծում էի, թե թատրոնն արձակուրդում է, բայց, ինչպես նկատեցի, շինարարություն է ընթանում:

— Այո, թատրոնն իր ողջ հանրույթով՝ արձակուրդում է: Բայց, Դուք ճիշտ եք, թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Վերջին 3-4 տարիներին անընդհատ եղել են կոսմետիկ վերանորոգումներ, կտուրի հատվածային նորոգումներ, «Մհեր Մկրտչյանի» անվան փոքր դահլիճի կառուցում… Թատրոնը 2003թ-ին «Լինսի» հիմնադրամի կողմից մեկ անգամ վերանորոգվել է՝ փոխվել էր գորգածածկը, նաև որոշակիորեն թարմացվել էր լույսային տեխնիկան: Բայց 16 տարի անց պետք է փաստեինք, որ այն պատկերն, ինչ ունեինք, սազական չէր մեր թատրոնին: Նպատակ դրեցինք, որ ամբողջովին պիտի փոխենք գորգածածկը: Եվ որպեսզի այն շատ շուտ շարքից դուրս չգա, որոշեցինք ամենաորակյալն ընտրել: Եվ, եթե գորգածածկը պիտի փոխենք, ապա նստատեղերը, որոնք որակապես շատ լավն են ու փոխելու կարիք չկար, ևս պետք էր մաքրել, թարմացնել, վերանորոգել: Նստատեղերը հանել ենք, վերանորոգել, լվացրել-մաքրել ենք: Բացի այդ հետևյալ մտադրությունն ունենք. ելնելով անվտանգության անհրաժեշտությունից, առաջին 8 կարգերից հետո մի շարք նստատեղերը չդնել, հորիզոնական բացվածք, ազատ միջանցք թողնել, այսինքն, կունենանք պարտեր և ամֆիթատրոն, իսկ առաջին շարքը կառավարական նստատեղեր կլինեն: Այս միջանցքը հարմարավետ կդառնա հանդիսատեսի թե՛ մուտքի, թե՛ ելքի համար:

Այսինքն՝ նստատեղեր կպակասեն:

— Եթե մինչ այս թատրոնն ուներ 648 նստատեղ, ապա հիմա կունենա 615, բայց աջ կողմի օթյակում նստատեղերը կավելանան: Սեպտեմբերի 20-ին՝ 154-րդ թատերաշրջանի բացմանը, կունենանք թարմ ու գեղեցկացած թատրոն: Իհարկե, նաև առաջին հարկի ճեմասրահի ապակիները կփոխվեն, փեղկերը կվերանորոգվեն, կլվացվեն, կներկվեն: Ինչպես գիտեք, թատրոնի կենտրոնական մուտքը ահավոր վիճակում է, կփորձենք այն ևս վերանորոգել: Լավ գիտեք, որ թատրոնի դիմացը խաղահրապարակի է վերածվել ու պարզ է, որ մուտքի պատերը «չարաճճիների» կողմից ավերվել է, դրանք էլ կլվանանք, կմաքրենք: Ցավում եմ, որ երկրորդ հարկի ճեմասրահի պատուհաններին ձեռք տալ չենք կարող:

Միայն գորգածածկի արժեքը եթե հաշվենք, ապա բավական լուրջ թիվ կկազմի: Որքա՞ն գումար է պահանջվում:

— Մենք չենք դիմել մշակույթի պատասխանատու նախարարությանը, չենք դիմել և ոչ մեկին, մենք այս ամենն անում ենք մեր իսկ հնարավորություններով, մեր ուժերով, մեր միջոցներով: Նախարարությունից միայն թույլտվություն ենք ստացել՝ օգտագործելու մեր արտաբյուջեն: Միայն գորգածածկի գումարը կազմում է 5մլն 800 հազար դրամ: Մնացած աշխատանքների ծախսերն էլ հընթացս:

Բացի երկրորդ հարկի ճեմասրահից, էլի խնդիրներ դեռ մնո՞ւմ են:

— Այո, իհարկե: Մենք վաղուց կտուրի լուրջ խնդիր ունենք, եղել է նախահաշվարկ, տեսնենք, երբ այն հնարավոր կլինի վերանորոգել: Իսկ երկրորդ հարկի ճեմասրահի հետ կապված ունենք թե՛ ապակիների, թե՛ անվտանգության խնդիրներ… և ամենակարևորը՝ «Սարերում» որմնանկարը, որ դրված է ճեմասրահում, պետք է մեզ աջակցեն, որ անվնաս տեղափոխվի: Բանն այն է, որ երբ այդ որմնանկարը ներս են բերել, պատուհանները հանած են եղել, բայց հիմա պատուհանները վթարային վիճակում են: Ստացվում է, որ ազգային մի արժեքը, այս դեպքում՝ թատրոնը, պահպանելու համար, մենք պիտի մյուս արժեքին վնաս տանք, ինչը հնարավոր չէ: Նկարը, երբ տեղադրել են, նաև սյուներն են վնասել, որոնք նույնպես արժեք են:

Նոր թատերաշրջանում մեզ ի՞նչ անակնկալներ են սպասվում:

— Սեպտեմբերի 20-ին և 22-ին (իսկ 21-ին ողջ Հայաստանն այստեղ է տոնելու Անկախության տոնը) մենք առաջնախաղեր ենք ունենալու՝ ռեժիսորը Նիկոլայ Ծատուրյանն է, ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի մեր դերասանները՝ Սամվել Գրիգորյան, Արսեն Միքայելյան, Տիգրան Գաբոյան և, ավանդույթի համաձայն, մենք դարձյալ հրավիրված դերասան ունենք՝ Անի Խաչիկյանը. Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումն ենք խաղալու: Բավականին անակնկալներ ու հետաքրքիր բաներ են սպասվում հանդիսատեսին: Պատանի հանդիսատեսի համար մեր սիրելի դերասան և ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը պատրաստել է երաժշտական «Բուրատինոն»: Ինչպես տեսնում եք՝ դասականին ենք վերադառնում: Առաջնախաղը հոկտեմբերին կլինի: Թատրոնը դարձյալ իր ավանդույթները շարունակում է. նոր ներկայացում չէ, սակայն նոր դերասանակազմով ենք ներկայացնելու «Երկնագույն շան աչքերը»՝ «Մհեր Մկրտչյանի» անվան փոքր դահլիճում: Բացի այս, մենք ներկայացումները հյուրախաղերով պտտեցնելու ենք Հայաստանի մարզերում: Բացի այս ամենից, եթե հիշում եք, մենք Լիբանանի «Գասպար Իբեկյանի» անվան թատրոնի հետ համագործակցում էինք, մենք էինք գնացել, իրենք էին եկել, հիմա էլ ռեժիսորն է գալու, որ նոր ներկայացում ստեղծենք փոքր բեմում: Տարեվերջին էլ, ինչպես միշտ, նոր ներկայացմամբ կեզրափակենք տարին:

Հաշվարկներ արե՞լ եք, քանի ներկայացում ու քանի անգամ է խաղացվել:

— Հաշվի առնելով այն, որ մենք հյուրախաղերով շատ էինք դրսերում, 75-ից ավել ներկայացում ենք խաղացել առաջին կիսամյակում: Երկրորդում կարծում եմ նույն ընթացքով կշարունակենք: Ես միշտ ասում եմ՝ չնայած լավագույն ներկայացումը չէ, այլ լավագույններից մեկը՝ «Հարսանիք թիկունքում»-ը 62 անգամ է բեմել. 20-ից ավել մայրաքաղաքի բեմում, 4 անգամ Ամերիկայում, 5 անգամ Լիբանանում, մնացածը Հայաստանում: Սա մեր լավագույններից մեկն է, որովհետև մենք նույն բարձր պահանջարկով խաղացել ենք «Լիր Արքա», «Խաթաբալա», խաղացանկում ունենք ներկայացում, որ արդեն 20 տարի խաղում ենք: Մենք պետք է գրավիչ ներկայացումներով հանդես գանք, որ ոչ մեկն անմասն չմնա թատրոնից: Եվ, թատրոնը, ինչպես միշտ, երիտասարդներին է տեղ տալիս, հնարավորություն տալիս՝ բեմելու, նրանց մուտքը մեզ համար մշտապես ողջունելի է: Թատրոնի հաջողությունը միայն ռեժիսորի, գեղղեկավարի կամ դերասանի շնորհքը չէ, այլ նաև բեմի աշխատակցի, կահույքագործի, դիմահարդարի, տեխնիկի ու մնացածի շնորհիվ է, որ մի ամբողջական ու ապրող օրգան է դառնում. «Մեկը բոլորի, բոլորը մեկի սկզբունքով» է մեր թատրոնն ապրում:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
2,272