«Ժամանակակից արվեստում շատացել է շառլատանությունը» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ժամանակակից արվեստում շատացել է շառլատանությունը»

Հարցազրույց նկարիչ ՎԱԼԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Վալերի Խաչատրյանը ծնվել է Սիբիրում` 1956 թվականին, ուր նրա պապերին աքսորել էին դեռևս 1949 թվականին: Հետո ընտանիքը տեղափոխվել է Սիսիանի շրջան ու ապրել Սառնակունք գյուղում: Գյուղերում այն ժամանակ սոցիալական վիճակը ծանր էր, լավ չէին ընդունում «եկվորներին», մյուս կողմից, իրենց գերդաստանի անդամներին պիտակավորել էին` որպես դաշնակների: Այնտեղ Վալերին հաճախել է գիշերօթիկ դպրոց, նկարչական խմբակ:

— Մի առիթով Դուք նկատել եք, թե նկարելը պահանջ է, որին անկախ քեզանից ես մղվում: Կոնկրետ առիթ հիշո՞ւմ եք, երբ ունեցաք այդ պահանջը:

— Կոնկրետ` չէ: Երեխան ե՞րբ է սկսում լացել, հայտնի բան է` չէ՞, երբ սոված է: Այսինքն` լացը նրա ասելիքն է, ուրեմն` պահանջ ունի: Հիշում եմ նույնիսկ իմ առաջին գործերը` արտանկարում էի, բնությունը, մերոնց էի նկարում: Սովորաբար այդ տարիքի երեխաներն ինքնաբուխ են նկարում: Ես խմբակ էի հաճախում, իսկ գիշերօթիկ դպրոցն ավարտելուց հետո, եկա Երևան և ընդունվեցի Թերլեմեզյանի անվան ուսումնարանը: Բայց այն ժամանակ այնքան էլ լրջորեն տրամադրված չէի նկարում: Իներցիայով սովորում էի: Բանակում ծառայեցի, հետո ավարտեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտն ու հասկացա, որ նկարիչ դառնալու համար պետք է բարդ ճանապարհ անցնել: Արվեստը թույլ չի տալիս կյանքում լիարժեք ազատ զգաս, այն կնոջ պես է, որ պահանջում է իրենը լինես, միայն` իրենը: Ուրիշ ոչ մեկինը: Մի կողմ դնենք անգամ լավ կամ վատ նկարելը, ստեղծագործելը, բայց արվեստը` ինքնովի, այդպիսին լինելու պահանջ է ներկայացնում քեզ: Դու պետք է նվիրվես իրեն: Օրինակ` ես չեմ ընդունում այն կարգավիճակը, թե երբ ժամանակ լինի, կնկարեմ, չի լինի` չեմ նկարի: Ո՞նց կլինի այդպես, չէ՞ որ սա ապրելակերպ է:

— Սովորաբար ընդունված է ասել, թե իրական արվեստագետի համար առաջնայինն իր ստեղծագործական մտքի, գաղափարների ազատությունն է: Այդ առումով խորհրդային տարիներին դժվար չի՞ եղել Ձեզ համար նկարել, երբ գաղափարական կաղապարվածություն էր թելադրվում, սոցռեալիզմի հանդեպ` անշեղ հավատարմություն:

— Դա փոքր-ինչ սխալ պատկերացում է: Բոլոր ժամանակներում էլ գաղափարական ճնշումներ եղել են: Սոցռեալիզմը ուղղություն էր` լավն ու վատը չգիտեմ, թողնենք դա պատմության դատին: Այն պետական գաղափարախոսության վրա էր հիմնված, բայց կային այդ ժամանակներում Մինասը, Վրույրը, Դեղձ Աշոտն ու շատերը, ովքեր այդ ուղղությանը չէին պատկանում: Պետությունը պատվիրատու էր ու վճարում էր դրա համար: Իսկ մի՞թե հիմա այդպես չէ: ԱՄՆ-ը ևս իր գաղափարախոսությունն ունի և չի հանդուրժում շեղումներ: Ըստ իս, ԱՄՆ-ը անգամ գաղափարախոսություն չունի, ուղղակի դեմ է բոլոր գաղափարախոսություններին` չունենալով իրենը:

— Բայց որքան գիտեմ` աբստրակցիոնիզմին դեմ չեն այնտեղ: Եվ, առհասարակ, կարծում եմ, որ աբստրակցիոնիզմն ամենուր ընդունելի է:

— Աբստրակցիոնիզմը և այլ ուղղություններ որոշակի երևույթների հետևանք էին, որոնք արվեստի զարգացումից ծնվեցին: Այն դատարկ տեղում չէր կարող ծնվել: Արվեստի պատմության ընթացքում ամենից շուտ ծերանում են գաղափարներն ու մտքերը: Այն գաղափարը, որն ինձ ձգում էր տարիներ առաջ, այժմ չի հուզում: Ուղղությունները խոսելու ձև են, դրանք շարունակաբար փոփոխվում են` ասելիքի նոր ձև պարտադրելով: Սոցռեալիզմի ժամանակ էլ կարելի էր ազնիվ նկարել: Բոլորը, վերջին հաշվով, ուզում են տուն պահել, ուզում են, որ իրենց նկարները վաճառվեն: Բայց ավելի կարևոր է, որ քո վաստակը լինի քո նկարելու հետևանքը, ոչ թե` պատճառը: Այլ բան է այն, որ սոցռեալիզմից հետո առաջացած վակուումը սկզբնական շրջանում լցվեց աղբով: Այն ժամանակ բավականաչափ ինֆորմացիա չկար` ով գլուխը բարձրացնում էր ու ձեռքն ընկած ինչ-որ կատալոգներից օգտվելով, սկսում էր նկարել, ասում էր, թե ինքը նորարար է: Բայց ժամանակի հետ, մարդիկ ծանոթանալով արդի կերպարվեստի տենդենցներին, հասկացան, որ այդպիսիք այնքան էլ ինքնուրույն չեն ստեղծագործել: Այսինքն` դա արդեն իսկ եղել է Եվրոպայում, գուցե վեց տասնամյակ առաջ, այնպես որ, այդ կերպ նկարելով, հեծանիվ չեն հնարել:

— Իսկ անձամբ Դուք, ինչպե՞ս եք ընկալում ժամանակակից արվեստ կոչվածը:

— Մենք հիմա ապրում ենք 2018 թվականում և այս ժամանակի մասն ենք կազմում: Մենք չենք կարող մտածել, ինչպես անցյալ դարի 90-ականներին էին մտածում մարդիկ, որովհետև չկար այն ժամանակ այն ինֆորմացիան, որ կա այսօր: Հնարավոր չէ ապրել Լեոնարդո Դա Վինչիի ժամանակաշրջանում, նրա միջավայրում, մտածել այնպես, ինչպես նա: Այլ բան է, երբ նրանից ինչ-որ բան վերցնես, անցկացնես քո պրիզմայով և քոնը դարձնես: Բայց դրա համար պետք է ինքնատիպ մտածողություն ունենալ, չլինել «շիրպատրեբի»` զանգվածային պահանջարկ վայելող նկարչության տարածողը: Նկարչական տեխնիկային տիրապետելը արվեստի բաղկացուցիչն է, բայց դա բավական չէ արվեստագետ լինելու համար: Աբստրակցիոնիզմը շատ ընդգրկուն գաղափար է, բայց այն ունի իր կուռ գաղափարախոսությունը և հնարավոր չէ առանց ռեալիստական արվեստի գրագիտության, ստեղծել վերացական արվեստ: Այն օդի մեջ չի ծնվում, նրա հիմքում ռեալիստական արվեստն է: Ժամանակակից արվեստում շառլատանությունը շատացել է, որովհետև բոլորը փորձում են խաբել, իբր իրենք այնպես են նկարում, որ բոլորին ընկալելի չի կարող լինել: Ես ուսանողներիս սովորեցնում եմ ազնիվ լինել արվեստում: Եթե ինքս փորձեմ նկարել մեկի պես, ասենք` Վան Գոգի, միևնույն է, ես հո՛ նրանից լավ չե՞մ նկարելու:

— Իսկ դժվարին կենցաղային խնդիրները, որոնք մեր օրերում լիուլի են ամենուր, ինչպիսի՞ ազդեցություն են ունենում արվեստագետի ստեղծագործությունների վրա:

— Այդ խնդիրները չնկարելու արդարացում չեն կարող լինել: Որքան ես գիտեմ, ներկայում արվեստի գործերի նկատմամբ հետաքրքրությունը թուլացել է: Ի վերջո, պետք է ընդունել, որ նկարչությունն ապրանք է, մեկը կարողանում է իր վատ ապրանքը լավ գովազդել ու վաճառել, մյուսին, ով ավելի լավ է նկարում, դա չի հաջողվում: Բայց եկեք չմեղադրենք վաճառողին, որովհետև նա մեղավոր չէ, որ մյուսի մոտ դա չի ստացվում, ուրեմն` այդ մյուսն ինչ-որ բան այնպես չի անում: Ես այլ երկրներում նկարիչ ընկերներ ունեմ, որոնց համար էլ հեշտ չէ, այսինքն` մենակ մեզ մոտ չէ, որ վատ է: Բայց դա առիթ չի տալիս ինձ ասելու, թե այլևս չեմ նկարելու: Ես տարիներ առաջ դոմիկում էի ապրում, այն ժամանակ ինձ այցելեց արվեստաբան Հենրիկ Իգիթյանը ու տեսավ նկարներս, զարմացավ: Իր համար անհավանական էր, որ ես վեցմետրանոց տնակում, ուր չորս հոգով էինք ապրում, կարողանում եմ արդյունավետ աշխատել: Թեև այդ ժամանակ կային մարդիկ, ովքեր, թե՛ լավ տներ, թե՛ արվեստանոցներ ունեին, բայց չէին նկարում: Աստծո սիրուն, եթե չես նկարում, արդարանալու պատճառներ մի փնտրիր: Եթե նկարիչն ասելիք ունի, ուզում է ապրել որպես նկարիչ, ինքը կնկարի: Դա անխուսափելի է: Երբ Նարեկացին գրում էր իր անմահ «Մատյան ողբերգությանը», ինչ-որ պատվեր եղե՞լ էր: Անկեղծ ասած` ես չգիտեմ:

Զրուցեց` ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ

print
1,476