Ժեշտնջոնց դուքանը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ժեշտնջոնց դուքանը

Վարպետ Մկրտիչ Մելքոնյանը (կանգնած), որդու՝ Հրայրի հետ
Գյումրվա լեզվով՝ ժեշտանջի կսեն, հմի դարձել է թիթեղագործ, բայց, դե ժեշտանջին լավ է, էլի...
Գագիկը պապի և հոր արհեստի եզակի շարունակողներից է
Վարպետ Մկրտչի արհեստանոցը տարիների ընթացքում շատ է փոխվել, սակայն թիթեղագործության ավանդույթներն այստեղ անխախտ են

Հին արհեստանոցի նորացված պատերում անընդհատ լսելի են մուրճի թխկթխկոցները: Ժեշտանջոց դուքանը, երբեք չփակվելու հաստատակամությամբ, գյումրեցիներին քաջ հայտնի «Լաչինի միջանցքում» մեկը մյուսից փայլուն ու տարբեր թիթեղյա վառարանների տեսականի է առաջարկում: Վարպետ Մկրտչի արհեստանոցը տարիների ընթացքում շատ է փոխվել, նորովի է ներկայանում, սակայն թիթեղագործության ավանդույթներն այստեղ անխախտ են՝ սերնդեսերունդ փոխանցվելով հորից որդի:

— Գյումրվա լեզվով՝ ժեշտանջի կսեն, հմի դարձել է թիթեղագործ, բայց, դե ժեշտանջին լավ է, էլի… հնուց ժեշտանջի են ըսել,- ժպիտը դեմքին իրենց արհեստից է սկսում խոսել վարպետ Մկրտչի որդին՝ 66-ամյա Հրայր Մելքոնյանը՝ թիթեղի շփումից փայլող արհեստավորի ձեռքերը իրար սեղմելով:- Մեզի կսեին «ժեշտնջոնց տղեք»: Հորս՝ Մելքոնյան Մկրտչին, ավելի շատ Մկիկ կսեին՝ Մուկուչի փոխարեն: Ինքը Թիֆլիսով, Բաքվով շատ մեծ համբավ է ունեցել, Գյումրիում էլ մեծ շրջապատ է ունեցել: 4 ախպեր են եղել, 4-ն էլ նույն արհեստի մեջ:

Հրայր Մելքոնյանը՝ իր որդու՝ Գագիկի հետ, պապական արհեստի եզակի շարունակողներից է: Ասում է, որ այսօր տեխնոլոգիաները շատ են հեշտացել, եթե տարիներ առաջ արհեստավորն ամեն ինչ ինքն էր անում ձեռքով, հիմա նրա փոխարեն հիմնականում մեքենան է անում, սակայն այսօր էլ թիթեղյա իրերի պահանջարկն է քիչ: «Առաջ մետր գոյություն չուներ, սաղ արշիններով կչափեին, բայց հմի մետրն օր գոյություն ունի, արշինն էլ չի օգտագործվի: Օրինակ՝ 9 համարի տրուբա, օր կսեն, ըդիկ արշիններով չափելուց գուկա: Հմի չափման միավորները փոխվել են, ու ձեռքի գործ էլ համարյա չկա, բայց գործն էլ է քչացել: Հորս ժամանակ՝ կոմունիստների վախտ, շատ լավ էր, հմի ինչքան կաշխատինք, բանի չենք հասնի: Առաջ մի սեզոն, որ աշխատեինք, կարող էինք մի երկու տարի էլ չաշխատեինք, բայց հմի մի սեզոն, որ աշխատինք, հազիվ 2-3 ամիս կգոյատևենք»,- համեմատականներ է անցկացնում վարպետ Հրայրը: Հետո թխկթխկացնելով վառարանի մաս դարձող թիթեղին, ավելացնում է, որ թիթեղագործությունը կորչող արհեստ է, բայց այս տարի գործը մի քիչ լավ է, հա՛մ վառարաններն են շատ վաճառվում, հա՛մ ՝ խողովակները: Գազի ու լույսի թանկացումը անուղղակիորեն ազդել է իրենց հնամյա «բիզնեսի» վրա, բայց վարպետ Հրայրը դրանից չի ուրախանում. «Էսօր, ցավոք սրտի, ետ ենք գնացել, համարյա 10-15 տարի ետ ենք գնացել, էս տարի ժողովրդի վիճակը շատ վատ է, մի երկու-երեք տարի առաջ գործ չկար, էս տարի թանկացման պատճառով ժողովուրդը սկսել է վառարանի տրուբին մոտենալ. դա էլ չքավորությունից գուքա, չեն կարող գազ, լույս վառել, մենք էլ կփորձենք իրանց օգնել՝ տաքացնել, ձմեռը մի կերպ հանեն»:

Իր արհեստավորներով հայտնի Գյումրիում այսօր արհեստները մեռնում են. վարպետը պատճառը փնտրում է արհեստավորի նկատմամբ պետական հոգածության պակասի ու արհեստագործական ուսումնարանների բացակայությամբ: Ասում է. «Մարդիկ հեռանում են, ջահելներին էլ արհեստը չի հետաքրքրում…. Հետո մոմով պտի ման գան, որ արհեստ գտնին: Բայց առանց արհեստի հնարավոր չէ ապրել, եթե էս արհեստները վերացան, դրանից մենակ ժողովուրդը կտուժե: Պետությունը պիտի մի քիչ մտածե, ուսումնարաններ բացեն, բոլոր արհեստների համար տեխնիկումներ բացեն, երեխեքին սորվցնեն»:

Մելքոնյանների պապական դուքանում խնամքով դասավորված են ոչ միայն վառարանները, խողովակները, թիթեղյա զանազան իրերը, այլև վարպետ Հրայրի հոր՝ Մկրտիչ Մելքոնյանի պատրաստած մոմակալներն ու անավարտ մուշուրբան: Ասում է՝ դրանք միշտ արհեստանոցում իրենց պատվավոր տեղն ունեն: Հիշում է՝ տարիներ առաջ տարածքում շատ թիթեղագործներ են եղել, հիմա մի քանիսն են մնացել: Իրենց գերդաստանն էլ ցրվել է աշխարհով մեկ: Գյումրվա արհեստավորների առաջվա աշխուժությունը էլ չկա. «Հայրս երկրաշարժից հետո էլ չաշխատեց, հետո ես սկսեցի, արհեստը հորիցս եմ ժառանգել, հմի էլ տղես գործ կենե: 6 թոռ ունեմ, նրանցից մեկն էլ շատ կսիրե էս արհեստը, դասից գուկա, միշտ կողքս է, թող սորվի, արհեստից վնաս չկա»:

Թիթեղի մի կտորը 5500 դրամ, դրան գումարած աշխատանքն ու լույսի ծախսը, կստացվի 7000, բայց պատրաստի վառարանն 8.000 դրամով են վաճառում: Մի խողովակի վրա ծախսվում է 700-800 դրամ, վաճառվում՝  800-1000-ով: Հաշվարկները վարպետ Հրայրինն են. «Բայց եթե մարդը չքավոր է, գուքա, դեմ կընկնի, կեղնի օր իրա գնով կուդամ: Դե, մարդկանց վիճակի մեջ պտի մտնիս, մարդն ի վիճակի չէ, բայց էդ մարդուն տաքնալ պետք է, չէ՞… Մեկին կարող ես լավություն անել, մյուսին՝ չէ, բայց պտի աշխատիս լավություն էնել, որ սաղի համար լավ էղնի»:

Աշխատանքի դժվարություններից թիթեղագործ վարպետը չի դժգոհում, ապրում է՝ թոռանը իր հմտությունները փոխանցելու ցանկությամբ ու անհետացող արհեստը պահպանելու վճռականությամբ. «Մինչև չմտնիս էս արհեստի առանձնահատկությունների մեջ, չես կողմնորոշվի: Դժվար արհեստ է, ֆիզիկական դժվար աշխատանք է, ուժ պետք է գործադրես: Կարող է ուրիշի համար դժվար թվա, բայց ընձի համար հեշտ է, արդեն քանի տարի՝ էս արհեստի մեջ եմ»:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

print

1,475