«Ինձ ե՞րբ եք հրավիրելու ձեր հիասքանչ երկիր» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ինձ ե՞րբ եք հրավիրելու ձեր հիասքանչ երկիր»

«Արմենիա» հեռուստաալիքով ցուցադրվում է «Ինչ կոչել այս սերը-2» սերիալը, որի գլխավոր հերոսուհու՝ Աստհաի դերակատարն է Շրենու Փարիկհը: «Շրջապատը» տեսազրույց է ունեցել դերասանուհու հետ: Շրենուն ծնվել է 1989թ. նոյեմբերի 11-ին՝ Հնդկաստանի Հուջարաթ նահանգի Վադոդար քաղաքում: Մասնագիտությամբ դեղագործ է, սակայն երազանքը մոդել և դրասանուհի դառնալն էր:

Շրենու, քեզ ճանաչում բերեց «Ինչ կոչել այս սերը-2» սերիալը: Քո մարմնավորած կերպարի՝ Աստհայի, ու քո միջև կա՞ նմանություն:

— Իրական կյանքում ես շատ նման եմ Աստհաին. նրա բնավորությունը, կերպարն ասես ինձանից էր վերցված: Աստհան ինձ, իրոք, հայտնի դարձրեց և ես պարտական եմ նրան:

Իսկ մտավախություն չունեի՞ր՝ նույնանուն սերիալիԻնչ կոչել այս սերը») հետ մրցակցությունից, որտեղ գլխավոր դերակատարներն էին Բարուն Սոբտին և Սանայա Իրանին, ովքեր կարողացան գրավել հեռուստադիտողների սրտերը:

— Ոչ մի մտավախություն չունեի, միայն կարող եմ ասել, որ կար որոշակի պատասխանատվություն, քանի որ «Ինչ կոչել այս սերը» շատ մեծ ռեյտինգ ուներ: Այն արդեն 2 տարի է, ինչ Հնդկաստանում չի ցուցադրվում, սակայն տեղյակ եմ, որ Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Ինդոնեզիայում այն ցուցադրում են: Ես ուրախ եմ, որ այն Հնդկաստանի սահմաններից դուրս է տարածվում:

Հնդկական սերիալներն արտացոլո՞ւմ են իրական կյանքը:

— Հեռուստատեսությունը բարձրաձայնում է կրոնական խնդիրներ, ավանդույթներ, կին-տղամարդ իրավունքներ ու հավասարություններ, տնտեսական, կենցաղային հարցեր և այլն: Կարծում եմ, այն փորձում է հնարավորինս արտացոլել մեր իրական կյանքը:

Հնդկաստանը հայտնի է կինոարտադրությամբ և, բնականաբար, մեծ թվով դերասաններ են հայտնվում ասպարեզում. արդյո՞ք նրանք մշտապես ապահովված են աշխատանքով:

— Կարծում եմ՝ տաղանդավոր դերասանները պարտադիր աշխատանք կգտնեն:

Իսկ դերասանները բավարար գումարներ վաստակո՞ւմ են, աշխատավարձերից չե՞ն բողոքում:

— Որքան հանրաճանաչ, այնքան մեծ փողեր… այս դեպքում ամենքը պետք է հասկանան, որ վաստակում են իրենց տաղանդի սահմաններում: Ես, օրինակ՝ դժգոհ չեմ, բացի այդ, քչով բավարարվող եմ, ինձ համար ֆինանսականն այնքան էլ նշանակալի դեր չունի:

Սեր, փող, թե՞ լավ թիկունք

— Կարծում եմ երեքն էլ անհրաժեշտ բաղադրյալներ են. առանց սիրո մարդն անկյանք մարմին է, առանց հաջողության՝ ինչպե՞ս կյանքով առաջ շարժվես, առանց փողի չես կարող գոյատևել, իսկ առանց ընտանիքի ու ընկերների աջակցության՝ միայնակ մարդ ես:

Քեզ Հնդկաստանում ամենուրեք ճանաչո՞ւմ են

— Այո, շատերը մոտենում են՝ սելֆի խնդրում, բայց պետք է մի հետաքրքիր բան փաստեմ. ինձ Հնդկաստանի սահմաններից դուրս երևի ավելի լավ են ճանաչում, ասենք՝ Հայաստանում:

Ինչպիսի՞ն են քո երկրպագուները:

— Գիտեմ, որ նրանք մեծ թիվ են կազմում, շատ զգացմունքային են, այնպիսի անակնկալներ են մատուցում, որ ուրախություն ես ապրում: Երբեմն սերիալի սցենարներից այնպիսի մանրամասներ են հիշեցնում, որ անգամ ես եմ մոռացել: Երկրպագուների սերը դերասանի համար անչափ կարևոր է:

Պահպանվե՞լ են սերիալի խաղընկերների հետ հարաբերությունները, օրինակ՝ Ավինաշի և Շալմալիի հետ:

— Ցավոք, ոչ այնքան… Երբ սերիալի նկարահանումներն ավարտվեցին, ես անմիջապես այլ նախագծում ներգրավվեցի, որտեղ խաղընկերս Բարունն էր… Բայց, իհարկե, ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք:

Ներկայում ինչո՞վ ես զբաղված, որևէ նախագծում ներգրավվա՞ծ ես:

— Star Plus-ի «Իշքբազ» հեռուստաշոուի մեջ եմ, այնտեղ են նաև Բարուն Սոբտին, Ավինաշ-Շլոկը…

Ձեր անձնական կյանքից կարո՞ղ ենք հետաքրքրվել:

— Ամուսնացած չեմ, միայնակ եմ, ոչ մեկի հետ չեմ հանդիպում:

Հայերի, Հայաստանի մասին որևէ բան գիտե՞ս:

— Երբ իմացա, որ Հայաստանում ցուցադրում են «Ինչ կոչել այս սերը-2» սերիալը, ես ինտերնետում փնտրեցի Հայաստանը, ուսումնասիրեցի ու պիտի ասեմ, որ հիանալի երկիր է: Ինձ շատ հետաքրքիր է… Ի դեպ, ինձ ե՞րբ եք հրավիրելու ձեր հիասքանչ երկիր…

Շնորհակալություն հարցազրույցի համար՝ Շրենու: Ասեմ, որ շուտով մեր կողմից հրավեր կստանաք՝ այցելելու Հայաստան:

— Օ՜, ես էլ եմ շնորհակալ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
4,080