«Ինչխոր 37 թվի ավելի փափուկ տեսակը կկատարվի» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Ինչխոր 37 թվի ավելի փափուկ տեսակը կկատարվի»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիսի էին հրավիրել ազատամարտիկներ Մկրտիչ Բաղդասարյանը, Սամվել Սանամօղլյանը, Աշոտ Շախնազարյանը, Հարություն Կիրակոսյանը և Աշոտ Թադևոսյանը:

Նախ նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց, թե պայքարի ու Արցախյան պատերազմի ազատագրական ինչպիսի ուղի են անցել: Ապա անցնելով բուն թեմային, ներկայացրեցին, որ փորձեր են արվում իրենց վարկաբեկելու, Շիրակի «Կումայրի» ջոկատի հերոսական պայքարի ուղուն կասկածելու:

«Վերջերս մի տեսանյութ են ցուցադրել, որտեղ Երևանից եկած, Կոռնիձորցի Արայիկը, մի կին, անվայել արտահայտվում էին լեննականցի ազատամարտիկների հասցեին, և դա այն դեպքում, երբ մեր ժողովուրդը մեզ շատ լավ գիտի՝ սկսած 1988 թվականից»,- ասաց Աշոտ Թադևոսյանը՝ նշելով, որ մեկ ամիս առաջ դրսից ինչ-որ մարդիկ են եկել և ուզեցել են Երկրապահի նախագահի ընտրությանը խառնվել, հետո դուրս գալով, լրատվամիջոցներից մեկի մոտ շատ վատ են արտահայտվել տեղացիների հասցեին,- մենք չենք ուզում, որ դրսից մարդիկ գան ու իրանց փոփոխությունները մեր վզերին փաթաթեն, մեզ դրսից ուղղորդված մարդիկ պետք չեն, մենք տեղում էլ կարող ենք մեր հարցերը կարգավորել»:

«Հեղափոխություն է, թե պաշտոնափոխություն է, շարժումը, որ տեղի ունեցավ, մենք հույս ունեինք, որ Նիկոլին միանալով, դրական փոփոխություններ կտեսնենք: Բայց էն բուրգը, որի վերևը կանգնածներից փողը վերցնում են, քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց են թողնում, իսկ էն մարդիկ, որ բուրգի ներքևում է՝ ժողովուրդը, կտուժվի,- ասաց Մկրտիչ Բաղդասարյանը,- ես կպատկերացնեմ, ինչխոր 37 թվի ավելի փափուկ տեսակը կկատարվի: Հըլը էն ժամանակ, երբ 90 թվին ՀԱԲ կառույցը ցրեցին, էդ ժամանակ Շիրակի տարածաշրջանը միակն էր, որ միահամուռ մնաց, ըստեղ ՀԱԲ-ՀՀՇ չկար, այլ ազատամարտիկներ էինք, որ թեկուզ ես դաշնակցությունից եմ, բայց կուսակցության հարց չէ ըստեղ, որովհետև մեր խնդիրը երբ արտաքին թշնամուն է վերաբերում, մենք կդառնանք միակ: Ու էն ժամանակ տարաձայնություն չեղավ, բայց հիմա մեզ պառակտում են, ով ասես՝ գալիս է, ասում է՝ ես ազատամարտիկ եմ: Մենք իրավունք չունենք կասկածելու, բայց արդյո՞ք էդ մարդիկ իրավունք ունեն մեր անունից ներկայանան ու մեր տարածաշրջանի մեջ փոփոխություններ կատարեն: Օրինակ՝ Կոռնիձորի Արոն ի՞նչ իրավունքով ըստեղ գուզե փոփոխություն, իսկ կողքին կանգնած կինը, որը լրատվամիջոցների առաջ կնոջն անվայել բառապաշարով կվարկաբեկե մեր գործունեությունը: Մենք էնքան համեստություն ենք ունեցել, որ ըստեղ-ընդեղ գլուխ չենք գովացել, թե ինչ ենք արել, որտեղ ենք արել… Ի՞նչ կնշանակե՝ մենք վախկոտ ենք, փախել ենք… Եթե կինը ձեռքը կվերցնե զենքը ու կերթա հայուհու պատիվ պահելու, էդ կինն իրավունք չունի հայ տղամարդու դեմը հայհոյանք կամ հերյուրանք անելու»: Նա նաև հավելեց, որ վերևում ով՝ ինչ արել է, փոխանակ այնտեղից բռնեն, իջել են ժողովրդի մեջ, ազատամարտիկին կվարկաբեկեն: Մինչդեռ, երբ 2014-ին սահմանին անհանգստություն եղավ, իրենք առանց որևէ մեկին ասելու, կամավոր՝ գնացել են սահման, նույնը 2015-ին, 2016-ին՝ ապրիլյանի ժամանակ: Ու ինչ քաղաքական հայացքներ են ունեցել, մի կողմ են դրել: Բայց հիմա եկել, ուզում են պառակտում մտցնել: «Ո՞վ իրավունք ունի, գա մտնի մեր տան մեջ ու ասի, թե ուզում են այստեղ ղեկավար փոխեն»:

Բանախոսներից մեկն էլ իր առօրյայից օրինակ բերելով, պատմեց, թե իրեն հարցեր են տալիս մարդիկ, թե ինչ աղմուկ է բարձրացել իրենց անվան շուրջ:

ԵԿՄ վարչության պետի ընտրություն տեղի է ունենալու համագումարի ժամանակ, որը դեռ տեղի չի ունեցել: Բանախոսների ողջ մտահոգությունն այն է, որ այս տարիների ընթացքում ամեն ժամանակ փորձել են պառակտել ազատամարտիկներին, ու իրենց ընկերներին սևացնել:

Ազատամարտիկներին հարցրեցինք, թե ինչպիսի՞ փոփոխությունների էին սպասում, և արդյո՞ք որևէ դրական տեղաշաժ կա: Նրանցից մեկը պատմեց, որ մինչև հիմա կարգ տալու համար գումար են ուզում: Մինչև հիմա նրանցից շատերը բնակարան ստանալու հերթի մեջ են, բայց այդպես էլ այդ հերթն առաջ չի գնում. «Ես իմ երեխաներին ի՞նչ եմ ասելու, ի՞նչ եմ թողնելու իմ մահից հետո»,- փիլիսոփայական հարցով եզրափակեց խոսքը Մկրտիչ Բաղդասարյանը:

print
485