Իշխանությունները ստեղծել են իրենց ձեռնտու խառնաշփոթ վիճակ ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները ստեղծել են իրենց ձեռնտու խառնաշփոթ վիճակ

Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

— Պարոն Մանուկյան, խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը ձախողվեց: «Օրինաց երկիր», Հանրապետական և Դաշնակցություն խմբակցություններից ոչ մեկը չմիացավ ստորագրահավաքին:

— Մենք մի քանի անգամ ելույթ ունեցանք և հայտարարեցինք, որ այդ ստորագրահավաքը միայն իրավական է, քաղաքական որևէ հիմք չկա: 8 էջանոց իրավական հիմնավորումներ էինք ներկայացրել, որ ընտրության օրը նշանակելիս 3 դրույթով խախտված է Սահմանադրությունը: Այդ հիմքը ներկայացրել էինք կուսակցություններին, ապա ձևաթուղթ մշակել, որ նրանք ստորագրեին՝ արդյո՞ք հիմնավոր է մեր պահանջը՝ Սահմանադրության խախտումով ընտրության օրը նշանակելու վերաբերյալ: Չստորագրելը իրենց գործն է. կամ իրենք վախենում են ճշմարտությունից, կամ վախենում են իշխանությունից, կամ էլ իշխանությունների հետ բանակցությունների մեջ են: Փաստն այն է, որ դա, կարծես, թեստ էր՝ պարզելու, թե ովքեր են, որ իմանալով հանդերձ սահմանադրական խախտման մասին, աչք են փակում դրա վրա:

— Փաստորեն, ընտրությունների նշանակված օրը՝ ապրիլի 2-ը, մնում է անփոփոխ:

— Մեր այս նախաձեռնությունը դեռևս բաց է, բայց շատ քիչ հավանականություն կա, որ 7-8 պատգամավոր կմիանան և կկարողանանք դիմել Սահմանադրական դատարան: Այս տարբերակով ընտրությունների օրը փոխելու հնարավորությունը փոքրանում է: Բայց դեռ հնարավոր է մի քանի օրով ընտրությունների օրը տեղափոխել, ուղղակի իշխանությունը սպասում է բոլոր ուժերը առաջադրվեն, նոր որոշում կայացնի: Մեզ համար օրենքի խախտումն արձանագրելն էր կարևոր, որ օրենսդիրն ընտրությունների գնում է Սահմանադրության խախտումով:

— Պարոն Մանուկյան, նախընտրական խառնաշփոթ կա դաշինքների ստեղծման գործընթացում: Նոր դաշինքներ են ստեղծվում, մյուսները՝ դեռ չստեղծված, կազմաքանդվում են: Այս իրարանցումն ինչի՞ հետևանք է: Գուցե իշխանություննե՞րն են հրահրում այս ամբողջը՝ նպատակ ունենալով ընտրական ինստիտուտի նկատմամբ ժողովրդի անվստահությունն էլ ավելի խորացնել:

— Դա տարբերակներից մեկն է՝ ստեղծել այնպիսի վիճակ, որ խառնաշփոթի մեջ ժողովուրդն ասի՝ բոլորը նույնն են, միևնույն է՝ ոչինչ չի փոխվի, բոլորն իրենց խնդիրներն են լուծում: Ընդհանուր առմամբ՝ եթե բոլորը հիասթափվեն, չգնան քվեարկելու, իշխանությունը հաղթած կլինի:
Երկրորդ՝ իշխանություններն այս կերպ ստեղծում են «ընդդիմադիրներ», որոնք կեղծ են, ընդդիմադիր են աշխատում, ու նրանք սկսում են սուր քննադատել իրական ընդդիմությանն ու իշխանությանը՝ իրենց թույլտվությամբ: Ու այս իրավիճակում ժողովուրդը մոլորվում է, իսկ ավելի անտեղյակներն ասում են՝ միացեք իրար, հասկանանք՝ ով է ընդդիմությունը, որ գիտենանք, թե ում ձայն տանք: Բայց, քանի որ ընդդիմադիրներն ու ընդդիմադիր աշխատողները չեն կարող իրականում միավորվել, ժողովուրդը շարունակում է մնալ մոլորված ու չգիտի ինչ անել: Սա իշխանության ծրագիրն է: Ու մի քանի ամիս առաջ իշխանության համար կուրծք պատռող պաշտոնյաները հիմա հանկարծ ընդդիմություն են դարձել: Այսինքն՝ իշխանության կողմից գործուղված ընդդիմադիր աշխատողներ են և նպատակ ունեն ընդդիմադիր դաշտի ձայները փոշիացնել:

— Ռեյտինգային և համամասնական ցուցակները ժողովրդի մոտ խառանաշփոթ է առաջացրել, շատերը չեն պատկերացնում, թե ինչպես են կատարելու քվեարկությունը: Բացի այդ, անհասկանալի է նաև ձայների հաշվարկը…

— Իրականում շատ դժվար գործընթաց է, շատ խուճուճ օրենսդրություն է, իսկ վարկանիշային ցուցակներն իսկական խառանաշփոթ են: Ընտրությունների օրն, ընդհանրապես, քաոս է լինելու, որովհետև, ասենք՝ Արաբկիրում, որտեղ ես եմ առաջադրվելու, յուրաքանչյուր կուսակցություն ռեյտինգային ցուցակով 15 հոգու կարող է առաջադրել: Եթե 10 կուսակցություն ու դաշինք՝ ամեն մեկը 10-15 հոգի առաջադրի, կստացվի մոտ 150 հոգի, ու Արաբկիրի բնակիչն այդ 150-ից մեկին պիտի քվեարկի: Սա իսկական գժանոց կլինի, որովհետև քաղաքացին նախ պիտի կուսակցությունն ընտրի, հետո ռեյտինգայինով՝ կուսակցությունից որևէ մեկին: Սա դժվարության մի կողմն է: Երկրորդ կողմը սկսվելու է հաշվարկի ժամանակ: Պատկերացրեք՝ 8 հոգանոց հանձնաժողովը 4 ժամվա ընթացքում նախ պիտի 10 կուսակցությունների ձայները հաշվարկի, հետո անցնի այդ 150 ռեյտինգայինով քվեարկվածների ձայների հաշվարկին:
Մեկ այլ հարցի ևս անդրադառնամ. շատ դժվար է նաև ցուցակներում կանանց ընդգրկելը, որովհետև բոլորի ցուցակներում 4-ից մեկը պարտադիր պիտի կին լինի, իսկ Հայաստանում այդ քաղաքական մշակույթը դեռևս չի ձևավորվել, ու սա էլ իր հերթին լրացուցիչ դժվարություն է հարուցում:

— Փաստորեն, վարկանիշային ցուցակներով ընտրապայքարը դեպի անձնավորում է գնում՝ երբ թաղային հեղինակությունները, օլիգարխները ձայն են հավաքում ոչ միայն կուսակցության, այլև իրենց համար: Իշխանություն-ընդդիմություն պայքարի համատեքստում՝ վարկանիշային ցուցակների վտանգը որտե՞ղ է:

— Վտանգն այն է, որ ցուցակներում ընդգրկվելու են թաղային հեղինակություններ, սոցապ աշխատողներ, մանկավարժներ, ու հետո չարչիի նման իրենք ընկնելու են ձայներ հավաքեն, տանեն նվիրեն Հանրապետական կուսակցությանը: Բայց ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվածներն իրար պիտի կրծեն՝ ցույց տալու համար, թե դա իրենց հավաքած ձայներն են ու ինչքան փող են ծախսել կուսակցության համար: Դա թիմային պայքար չի լինելու, այլ ներքին գզվռտոց, որովհետև արդեն իսկ իրենց աշխատողներին տեղից տեղ են տեղափոխում, գրանցում, որ իրենց ձայներն ավելանան: Իսկ մենք աշխատում ենք թիմային. ով ինչքան շատ ձայն բերի ընդհանուր կաթսա, այդքան կուսակցությունը կշահի. օրինակ, եթե Արաբկիրում առաջադրվում եմ ես, Զոյա Թադևոսյանը, Արման Մուսինյանը, Տիգրան Պասկևիչյանը, Գարիկ Գրիգորյանը, յուրաքանչյուրիս բերած ձայնը Հայ ազգային կոնգրեսի ծրագրի օգտին է: Մենք բարեկամական մրցակցության մեջ ենք, ոչ թե թշնամական, որովհետև ոչ մեկս ո՛չ փող ենք դնում, ոչ՛ էլ փող ենք բաժանում:

— Ինչպես հայտնի է, ընտրախախտումները հիմնականում ընտրատեղամասերից դուրս են կատարվում՝ ընտրակաշառք բաժանելու, մարդկանց ուղղորդելու, ցուցակագրելու տեսքով: Այս ընտրախախտումների դեմ ինչպե՞ս պիտի պայքարել:

— Նախ ասեմ, որ ընտրատեղամասերում 2 խոշոր ընտրակեղծիքի ճանապարհ փակել ենք: Մեկը Եվրամիության աջակցությամբ տեղադրվող բարձր որակի, թանկարժեք խցիկներն են, որոնք ֆիքսելու են ամբողջ ընտրական գործընթացը, այդ թվում՝ հաշվարկը, և լցոնումներ, ծեծկռտոց, արհեստական ուշաթափություններ չեն լինելու: Եվ մյուսը՝ ցուցակների հրապարակումը հույս է տալիս, որ արտասահմանում բնակվող մեր համաքաղաքացիների փոխարեն չեն քվեարկի, որովհետև ընտրությունների հաջորդ օրը հրապարակվելու են մասնակիցների ցուցակները: Սա կեղծիքների դեմ լուրջ խոչընդոտ է, և մոտ 500.000 ձայն չեն կարողանա կեղծել: Իսկ ինչ վերաբերում է դրսի կեղծիքներին ու փող բաժանելուն, մեր խնդրանքն է ընտրողին՝ փող չվերցնեն, որովհետև փող վերցնելով՝ արդեն գործարքի ես գնում: Բայց, եթե չվերցնել չես կարող, որովհետև վախեցնում են, վերցրու, բայց գնա, ընտրիր նրան, ում ուզում ես: Ոչ մեկը չի կարող դա վերահսկել: Իսկ այս անգամ միջազգային վերահսկողությունը շատ խիստ է լինելու՝ և՛ տեխնիկական, և՛ քաղաքական առումով: Միջազգային կառույցները՝ հատկապես Եվրամիությունը, 7 մլն փող է ներդրել ընտրությունների վերահսկման համար: Հուսանք, որ այս անգամ ժողովուրդը 5 րոպե կզոհաբերի իր երկրի համար ու կգնա ընտրության, որովհետև չգնալը լավ չէ: Սա նաև իմ խնդրանքն է գյումրեցիներին:

Զրուցեց՝  ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

print
732