Իսկ ես, Նիկոլ, համաձայն չեմ... ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ ես, Նիկոլ, համաձայն չեմ…

ՆԱՄԱԿ

Ձեր ելույթներում բազմիցս հնչել է, որ «այսուհետ չի լինելու միմյանց նկատմամբ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներ, լինելու է իրար լսելու, իրար աջակցելու, միմյանց նկատմամբ սիրո և հարգանքի մթնոլորտ»: Քաջ գիտակցելով այդ խոսքերի արժեքը և կարևորությունը, մեր երկրի առջև ծառացած թե՛ քաղաքական ու թե՛ տնտեսական խնդիրները, թե՛ խորհրդարանական ՀՀԿ խմբակցության բռնած հանուն ՀՀ «զիջողական», այլ ոչ ստիպված կամ պարտադրված դիրքորոշումը, և օգտվելով իմ՝ որպես ՀՀ շարքային քաղաքացու խոսքի իրավունքից, բարձրաձայնում եմ հետևյալը.

— Ես չեմ կարող և չեմ էլ պատրաստվում դեմքիս տալ ժպտացող քաղաքացու արտահայտություն ու սեղմել ՀՀ առաջին նախագահ Լևոնի ձեռքը, քանի դեռ նա ժողովրդի առաջ չի մեղանչել իր և իր կառավարության կողմից իրականացված ժողովրդական ունեցվածքի թալանի ու անարդարության համար:

— Նմանապես՝ ինքս ինձ հարգելով, չեմ սեղմի Ռոբերտ Քոչարյանի ձեռքը, քանի նա չի խոստովանի իր կարողության իրական աղբյուրները և չի ապացուցի, որ դա կասկածելի աղբյուրներ չեն: Իսկ եթե դրանք կասկածելի են, ուրեմն դրանք պետք է 99 տոկոսով վերադառնան ի նպաստ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ժողովրդին:

— Ես Սերժի ձեռքը չեմ էլ ցանկանում սեղմել, քանի որ այս՝ հիմնականում իր գլխին սարքած «կաշից» հետո դեռ չի ըմբռնել կամ ի զորու չէ հաշտվել իրողության հետ ու դեռ շարունակում է իր երեսփոխանների միջոցով ներկուլիսային ինտրիգներ կազմակերպել:

-Ես չեմ սեղմի ՀՀ պաշտպանության նախարար Վիգենի ձեռքը, որովհետև նա դեռ չի հասկացել (կամ ձև է անում, որ չի հասկացել), որ կատարվածը ոչ թե իշխանափոխություն է, այլ բաց ձեռքերի ու խաղաղ ցույցերով իրականացված համազգային հեղափոխություն: Չեմ սեղմի նրա ձեռքը նաև այն պատճառով, որ նա ապացուցել է ուժային նախարար լինելու իրողությունը՝ ակնարկելով, թե իբր վաղը կարող է ավելի մեծ մասսա դուրս գալ փողոց ընդդեմ այս հեղափոխությունն իրականացնողների: Դուրս եկողներն արդեն իսկ դուրս եկած կլինեին ի զորության և հակադարձ քայլեր կձեռնարկեին հանուն ՀՀԿ բացարձակ մեծամասնությունը կազմող խորհրդարանական խմբակցությանը և մեր «անգիտակից ու խելառ» ջահելներին կապացուցեին, որ ձեր իշխանության տարիներին միայն ու միայն մտածել եք ժողովրդին ծառայելու ձեր սուրբ նպատակին, այլ ոչ կարողություն դիզելու ընձեռնված «ֆրսանտից»: Ինչպես դուք էլ տեսաք, բացի մի քանի դիմակավորված լամուկներից, ոչ ոք քար չշպրտեց շարժման մասնակիցների վրա:

— Ես ինձ թույլ կտամ մի բազմանշանակ հայացք նետել Գյումրու ոստիկանության այն կապիտանի ուղղությամբ, որի արած արտահայտությունը չեմ կարող մոռանալ. «ա՜խ, մե թողնեին էլի, թե ոնց եմ սրանց հախից գալիս»: Սա հնչել է Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ հավաքված ցուցարարների հասցեին: Ես չեմ կարող համարել, որ այդ մոլուցքը միայն մի սուբյեկտի մոտ է դրսևորվել: Սա ոստիկանության ողջ համակարգի կոռումպացված վերնախավի ժողովրդի դեմ նոր մարտի 1-եր ձեռնարկելու հուսահատ ու անհեռանկար փորձերի տապալման վառ ապացույցն է: Այն ոստիկանության, որը չի էլ մտածում, թե ում հարկերի ու տուրքերի հաշվին է աշխատավարձ ստանում: Չի մտածում, քանի որ շարքայինից մինչև ոստիկանապետ վարժեցվել են ծառայել միայն ռեժիմին և ձեռքի հետ նաև իրենց հիմնական գործը՝ այն է՝ կանխել կամ բացահայտել քրեական, տնտեսական, հասարակությանը սպառնացող հանցագործությունները:

— Ես չեմ կարող ձեռք սեղմել կամ կեղծավոր ժպիտով բարևել ՀՀԿ խմբակցության ոչ մի երեսփոխանի, քանի նրանք Սահմանադրության այսինչ հոդվածի այսինչ հատվածի մեջբերումներով դեռ պատրանքներ ունեն նորից իշխանության գալ (իհարկե, արդեն լուրջ դասեր քաղած ու ավելի կատարելագործված միջոցներով շարունակելու իրենց քաղաքական բիզնեսը):

— Ես չեմ կարող սեղմել (իսկ տարիներ առաջ պատրաստ էի նույնիսկ համբուրել) արմատական ընդդիմության գաղափարախոս Արտաշես Գեղամյանի ձեռքը, ինչպես նաև ձևական ընդդիմություն բեմադրող Արթուր Բաղդասարյանին փռշտալուց հետո մաղթել առողջություն:

Շարունակե՞մ: Կարծում եմ՝ հարկ չկա: Ինքնըստինքյան պարզ է, որ մի հաստ հատոր կստացվի: Իմ նպատակն այլ է: «Ռեբյատա դավայտե ժիծ դրուժնո» Լեոպոլդ կատվի այս խոսքերն ուղղում եմ ՀՀԿ-ին՝ ընդհանրապես, և նրա խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցությանը՝ մասնավորապես: Իրատես եղեք և ընդունեք, որ դուք ձախողել եք ձեր իսկ ընտրազանգվածի 90 տոկոսի սպասելիքները: Դուք ղեկավարվել եք խորհրդարանում մեծամասնություն ունենալու հնարավորությունից և շարժվել եք միայն ձեր կուսակցության և երկրի ղեկավարի ցուցումներով, որոնք հատուկ են միայն ռոյալիստական ու ավտորիտար պետական կառուցվածքի երկրներին: Ունեցեք պատվախնդրություն՝ մի վերջին անգամ ապացուցելու, որ ընդունում եք ժողովրդի տարած հաղթանակը և վայր դրեք ձեր մանդատները: Դրանով կապացուցեք, որ ձեր կուսակցությունը ճանաչել է ժողովրդի՝ արդար երկրում ապրելու իր իրավունքը: Գնացեք և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մի առաջադրեք որևէ թեկնածություն: Դա միայն ու միայն կվնասի ձեր կուսակցության առանց այն էլ խարխուլ հեղինակությանը: Կլսե՞ք, լսեք: Չե՞ք լսի, վստահ եմ, որ ասելու եք՝ «մեր էշ խելքին ինչ ասենք, որ չլսեցինք էդ «մարգարեին»:

ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Թոշակառու

Գյումրի

print
292