ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Լավ լուր 18 անօթեւանի համար

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը պայմանագիր ստորագրեցին՝ սոցիալական բնակարանների կառուցման 3-րդ փուլի շարունակման շուրջ: Գյումրու «Անի» թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող կիսակառույց շենքի հաջորդական երկու մուտքերը կվերակառուցվեն, արդյունքում ևս 18 սոցիալական բնակարան կունենանք, որից 14-ը լինելու է մեկ սենյականոց, 4-ը՝ երկու սենյականոց։ Ընդհանուր գումարը կազմում է 157 միլիոն 412 հազար դրամ, որի 15 տոկոսը (29 միլիոն 612 հազար) հատկացվելու է քաղաքապետարանի բյուջեից։ Նախագծային և բարեկարգման աշխատանքները ևս իրականացվելու են քաղաքապետարանի կողմից, 10 միլիոն 119 հազար դրամն օգտագործվելու է այս նպատակով: Ինչպես տեղեկացրեց քաղաքապետը, շինաշխատանքները սկսվում են ստորագրման պահից: Ավարտը խոստացված է Քաղաքի օր տոնակատարության շրջանակում:

«Նախապես շնորհակալություն եմ հայտնում, բոլոր այն բարեգործները, որոնք գտնվում են ԱՄՆ Փասադենայում, ամբողջ քաղաքի անունից շնորհակալություն ենք հայտնում»,- ասաց Ս.Բալասանյանը, ինչին ի պատասխան, Հրահատ Ստեփանյանն ևս շնորհակալություն հայտնեց, որ իրենց աջակցում է, վստահելի գործընկեր է Գյումրու քաղաքային իշխանությունը: «Սա հիմնադրամի ամենահաջողված ծրագրերից է, և եթե չլիներ փոխադարձ վստահություն, կյանքի չէր կոչվի»,- ասաց նա։

Քաղաքապետը խնդրեց, որ այս սոցիալական բնակարանները վիճակահանության կարգով ընտրություն կատարելիս, ընդգրկվեն այն անօթևանները, որոնք նախորդ անգամ դուրս էին մնացել: Բացի այս, որոշ չափորոշիչներ ևս փոխվեցին: Քաղաքապետը նշեց, քանի որ տնակներում միայնակ ծերեր համարյա չեն մնացել, անհրաժեշտություն կա այլ չափորոշիչներ: «Դուք ասացիք, որ շարունակական կլինի,- Հ.Ստեփանյանին դիմեց քաղաքապետը,- մենք նորից կիսակառույց Ձեզ կառաջարկենք, կգտնենք, որ Ձեր պահանջները բավարարվեն: Որովհետև հիմա պետական ծրագրի հետ հույս ունենք, և մինչև հունիսի 30-ը հաշվառում ենք կատարում, պարզ կլինի, կներկայացնենք համապատասխան կոմիտե, կառավարությունը նույնպես ուզում է տնակներում բնակվող շահառուների հետ բնակարանների հարց լուծել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ևս լավ ծրագիր ունի. մի շենք էլ իրենք կվերցնեն ու կկառուցեն, շատ կարևոր ազդակ է, և մենք հնարավորինս կձերբազատվենք տնակներից»:

print
161