«Լենինականը ղայդին մարդկանց քաղաք էր» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

«Լենինականը ղայդին մարդկանց քաղաք էր»

30 տարի առաջ… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են… Մի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ու… այդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:



Պատմում է «Գյումրու Շտապ բուժական օգնություն» ՓԲԸ ղեկավար ՌՈԲԵՐՏ ԹՈՐՈՍՅԱՆԸ:

Այդ օրը մենք մեկ կանչ ունեցանք

Երբ սկսվեց, հիմնարկում էի: Անտառավան թաղամասի վերջնամասում գտնվող շենքային հատվածի մի կեսում տեղակայված էր վնասվածքաբանական բաժանունքը, մյուսում՝ «Շտապ բուժական օգնության կայանը»: Ես «Շտապ օգնության կայանի» տնօրենն էի արդեն 6 տարի, իսկ այն ժամանակների համար 26-ամյա երիտասարդ տնօրեն եզակի էր պատահում: Սկսվեց նրանով, որ ահավոր դղրդյուն լսեցինք, ասես հազարավոր տանկեր էին անցնում փողոցով, բոլորս դուրս վազեցինք, շենքը կիսափլվեց, և կանչ հասցրեցինք գրանցել մի քաղաքացուհուց, որը հայտնեց, որ եկեղեցու գմբեթը ընկավ ու մի կին վիրավորվել է… Դրանից հետո անջատվեցին հեռախոսակապը, էլեկտրականությունը: Ես անկախ ինձանից վազեցի դիսպետչերականի կողմը, որովհետև զգացի, որ աղետի մեծ վտանգ կա, ու մտածեցի, թե ատոմակայանն է վթարվել, մեքենայի ռադիոընդունիչը միացրեցի, համոզվելու՝ կապ կա՞… Մեր աչքերի առաջ փլվեց դիմացի «Եռանկյունի» թաղամասը:

Սկսվել էր ահավոր քաոս, սեփական մեքենաներով վնասվածքներով մարդիկ էին բերում: Այդպես իմացանք, որ քաղաքն ավիրվել է: Անմիջապես որոշեցինք բացօթյա օգնություն կազմակերպել. մեր երկու վարորդները և երկու բժիշկ մտան շենք, վնասվածքաբանականի ու Ուռուցքաբանականի երկաթյա մահճակալները, մատրասներն ու վերմակները դուրս նետեցին: Մահճակալներն իրար կողք շարեցինք, երբ վերմակները չէին բավականացնում, մատրասներով էինք ծածկում: Երկուական մահճակալ իրար միացրել էինք, ու հակառակ ուղղությամբ մոտ 10 երեխա էինք պառկեցրել: Երեք ժամվա ընթացքում շուրջ 800-900 վնասվածքներով հիվանդներ արդեն ունեինք: Դեղորայքը չէր բավականացնում, գնացինք Շտապ օգնության նոր հիվանդանոցի փլատակների տակից, «Օնկոից» եղած ողջ դեղորայքն ու ներարկիչները բերեցինք, բժշկական սպիրտ, բինտ, բամբակ… Հետո միջանկյալ դռները պոկեցինք, գետնին շարեցինք, որ անհրաժեշտության դեպքում դրանք ևս որպես մահճակալ օգտագործեինք, բայց… ցավոք, դրանք որպես դագաղներ ծառայեցին, որպեսզի վիրավորների կողքից հեռացնեինք մահացածների աճյունները… Հետո, 3-4-րդ օրը որոշեցինք պառկածների կողքից մահացածներին քաղաքից դուրս՝ Մայիսյանի դաշտավայր տեղափոխել, որտեղ ձյունը հարթեցրինք, ցելոֆաններ փռեցինք, դիերը տեղափոխեցինք, իսկ օրուգիշեր կողքին հերթապահներ մնացին, որպեսզի գայլերը մոտ չգային, մինչև մահացածների տերերը կհայտնվեին…

Երեք օր շարունակ քաղաքով պտտվում էինք, որպեսզի հարմար տեղ գտնեինք, որ հիվանդներին տեղափոխեինք, տեղ չկար: Կաթսաների մեջ լցնում էինք ներարկիչները, կրակի վրա եռացնում, օճառաջրով լվանում, բժշկական սպիրտով հականեխում էինք…

Ճիշտ է, ես ամուսնացած էի, ընտանիք ունեի, բայց, եթե գնայի, բոլորը կգնային, հիվանդներին ո՞ւմ էինք թողնելու: Տեղում 25-30 հոգով մնացել ենք, հերթով գնացել, իրենց հարազատներից տեղեկացել, եկել են: Միայն այն գիտեմ, որ ծանր հիվանդին օգնություն էի ցուցաբերում, մեկն ուսիս թփթփացրեց, տեսա՝ հայրս էր: Ասաց. «Հանգիստ աշխատի, տղաներդ լավ են, մանկապարտեզից վերցրել եմ, մեքենայի մեջ են, ի՞նչ անենք»: Ասացի. «Տար Երևան, որ ես կարողանամ հանգիստ գործս շարունակեմ»: Հայրս՝ մորս, կնոջս ու երեխաներիս տարավ: Նրանց միայն 3 ամիս անց տեսա…

Այն, ինչ մենք՝ բուժաշխատողներս տեսանք, ոչ մի էն ամերիկյան սարսափ ֆիլմերի ռեժիսոր չի կարողանա ֆանտազիա տա. ֆիլմերում լինում էին, չէ՞, որ մարդկանց դեմքերը մի քանի գույնով էր պատված լինում, մեր տեսած մարդկանց դեմքերին տրավմաներից, հոգեկան ծանր ապրումների, ցավերի գույներ էին դաջված: Մի բան էլ խոստովանեմ. թե ով, որտեղ, որ շենքի փլատակին է մնացել, քաղաքում էլ ինչեր են եղել, ես համարյա չեմ տեսել, առաջին 7 օրը քաղաք չեմ ելել, ժամանակ չունեի, 3 ամիս տուն, ընտանիք հասկացությունից զուրկ եմ եղել, բայց պացիենտների հոսքով ու նրանց ստացած վնասվածքներով առանց այդ էլ ամեն ինչ պարզ էր:

Լենինականն ու Գյումրին

Լենինականը ղայդին մարդկանց քաղաք էր: Մեր լեզվով ասած՝ ոչ թե գեղեցիկ, այլ՝ սիրուն քաղաք էր: Ու՝ մի մեծ օջախ էր, բոլորս իրար ճանաչում էինք, և կապ չունի, թե քանի հարյուր հազար բնակիչ ուներ, բոլորը գիտեին, թե մյուսները ով՝ ով է: Տեքստիլի մայլի տղեքը թե գնում էին Բոշի մայլա, հա դե, մի երկու սիլլա էլ կուտեին, հետո իրանց մայլից գուկային Տեքստիլ՝ մի երկու սիլլա էլ նրանք կուտեին, ու քվիթ կեղնեին… Աղջկա հետևից կերթային, հետո ռազբիրատ կենեին… Սա խուլիգանություն չէր, սա ապրելակերպ էր, սա քաղաքի կոլորիտն էր: Ինչպես քաղաքի կոլորիտ էր, օրինակ, Կուժիկը, Խելառ Սարգիսը, Ջղեր Խաչիկը… Ամեն մեկն իր ոլորտում աս էր: Բոլորը մի ուրիշ տեսակի մարդ էին՝ ժպիտով, հումորով: Այսօր մի տեսակ միայն ագրեսիան է, որն անհասկանալի է, թե որտեղից է: Մեր ազգի թշնամին հենց այս ագրեսիան է: Ու օտարազգիները, երբ կանխատեսում էին, թե հետաղետյան շրջանում ինչե՜ր են մեզ սպասվելու, որ մենք հոգեբանների կարիք կունենանք… Բայց, գյումրեցիք հոգեբանի կարիք շատ քիչ ունեցան, գյումրեցիք շաքարային դիաբետով հիվանդ շատ քիչ ունեցան, հոգեկան շեղումներ ունեցողներ չունեցանք այն մասշտաբով, որքանով կանխատեսում էին այլազգիները… Մենք հին ազգ ենք, մենք ամեն ինչ տեսած ենք, ամեն ցավ ապրած ենք, մենք տանջված ազգ ենք, մեր արյան գենում ունենք ու կրում ենք այդ ինֆորմացիան: Մենք մեզ համար ըշտը հոգեբան էինք: Տեսեք, իմ կոլեկտիվի անդամների տներում կարծում եք վիշտ չէ՞ր եղել. բոլորն էլ զոհեր ունեին, գնացին մեկ օրով, բայց ետ եկան, որովհետև հասկանում էին, որ իրենց օգնության կարիքը կա: Մենք 3 ամիս մեքենաների մեջ ենք քնել, հենց կանչ էր լինում, երկու հոգի գնում էր: Բացի այդ, այդ ընթացքում մենք 45 րոպեն մեկ քաղաքով պտույտ էինք կատարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեզ կարողանային իմաց տալ: Բենզինի լուրջ կարիք ունեինք, գնացինք փլատակների տակ մնացած մեքենաների միջից ողջ բենզինը քաշեցինք, որ կարողանայինք շտապ օգնության մեքենաներն աշխատանքային վիճակում պահեինք: Հետո, ի դեպ, Ախալքալակից 2,5 տոննա բենզին մեքենայով նվեր բերեցին: Կողքին շներ կապեցինք, որ չգողանան: Եթե հիշում եք, շտապ օգնության մեքենաները քաղաքացիները՝ գողանալ չասեմ, ուղղակի տարել էին, որ իրենց վնասված բարեկամին կամ մահացած հարազատներին կարողանային տեղափոխել: Այստեղից-այնտեղից մեքենայի բեռնախցիկ բերեցինք, մի հատվածում դիսպետչերական դարձրինք, մի հատվածում բուժքույրերի համար: Մի անիվներով տնակ էլ, արդեն 20-25-րդ օրը բերեցինք, որոնք զուգարան էին, բայց դրանք վերածեցինք դեղերի պահեստի: Մենք տնավարի մտածելակերպով կարողացանք ինքնակարգավորվել, թե չէ դրսից որ գալիս էին, սկզբում կարող է իրենց նորարական մեթոդներով օգնում էին, բայց, երբ սկսում էին խղճալ, դա մեզ խանգարում էր:

Ռուսաստանի առողջապահության փոխնախարարն եկել էր տեսնելու, թե ինչ վիճակում է շտապ օգնության կայանը, հարց-փորձ անելով գտել էր, մտել էր ներս ու տեսել, որ գետնին մի 10-15 հոգի, որը մատրասին, որը գետնին, տելեգրեյկեքով, քնած ենք, բացի, իհարկե, հերթապահ խմբից, ու զարմացել էր, թե այդ վիճակում մենք ոնց ենք դիմանում: Հաջորդ անգամ նա Սկլիֆասովսկու ինստիտուտից պրոֆեսորներ իր հետ բերեց, որպեսզի մեզ հետ աշխատեին, օգնեին: Ավտոբուսի երկու բեռնախցիկ բերեցինք, մեկում այդ պրոֆեսորների մնալու համար տեղ սարքեցինք, մյուսում այն հիվանդների, որոնք սիստեմա պիտի ստանային: Այս բեռնախցիկները տեղափոխում էինք քաղաքի մեկ կամ մյուս հատված, վրան դրոշ էր խփած, որպեսզի մարդիկ տեսնելով՝ կողմնորոշվեին, տեղն իմանային:

Ասում են, թե մենք փրկարարական փորձ չունեինք. ես ասեմ, մենք այն ժամանակ էլ, այսօր էլ, առողջապահական ոլորտում այդքան ետ չենք աշխարհի զարգացած երկրների առողջապահական ներուժերից: Թույլ չէինք, կարող է ժամանակակից սարքեր չունեինք, բայց այն մասշտաբի աղետը, որը մեզ պատուհասավ, ոչ մի երկիր չէր կարողանա հրաշքներ գործել, քանի որ ժամանակ էր պետք: Ուրիշ տեղերում, հակառակը, աղետի վայրից հեռացնում են ներկաներին, իրենք են շարունակում աշխատանքը: Բայց մենք մնացինք տեղերում: Մենք ինչի՞ պակաս ունեինք. մարդասիրությա՞ն, հոգատարությա՞ն… Չէ, մենք ունեինք շատ թվով խելացի մասնագետների, ճանապարհների դժվարություններ, արագընթաց մեքենաների: Թե չէ իմ հավաստմամբ, այն ժամանակ, մոտ 80 տոկոսին մենք կորցրեցինք երկարատև ճնշման համախտանիշի՝ «քրաշ սինդրոմի» (երբ տուժածի մարմնի որևէ մասը մեկ ժամից ավելի մնում է ծանր առարկայի տակ և փափուկ հյուսվածքների վնասվածքը սովորաբար լինում է փլուզումների ժամանակ ու հետևանքով) պատճառով, բայց հիմա էլ մի 20 տոկոս նույն պատճառով կարող ենք մարդկային կորուստ ունենալ, ու ոչ միայն մեր երկրում, այլ ամենազարգացած երկրում: Սա սարսափելի սինդրոմ է:

Մի դեպք պատմեմ. մինչև 12-14-րդ օրը մենք ողջերին հանելու մեծ հույս ունեինք: Հնարավոր էր եղել փլատակի կույտի մեջ հայտնաբերել մի կին ու մի տղամարդ: Փորված անցքով հնարավոր էր եղել սողեսող նրանց մոտ հասնել, բայց, քանի որ պանելը նրանց մարմնի մի հատվածի վրա էր, հնարավոր չէր նրանց դուրս հանելը: Հաց, ջուր էինք հասցնում, խոսում, զրուցում էինք: Տղամարդը նույնիսկ առաջարկեց, թե, եթե ռիսկ չենք անում դա անել, ապա նրան սղոց տանք ու ինքն իր ոտքը կկտրի, միայն թե այդ վիճակից դուրս գա… Ի վերջո, հնարավոր եղավ նրանց հանել, սակայն Երևան չէին հասել, ճանապարհին մահացել էին: Իմ ասած՝ սինդրոմի հետևանքով:

Ասում են՝ աղետից անմիջապես հետո ուղղաթիռներով դեղել են, որ մարդիկ դիմանան: Ես դա չեմ կարող հաստատել, բայց այն փոշին, որ քաղաքն էր ծածկել, ու այնպես էր ծածկել, որ վարորդների հավաստմամբ, համարյա ճանապարհներն անճանաչելի էին դառել, դա գիտեմ:

Մի դեպքի մասին եմ ուզում պատմել. 3-րդ օրն էր: Մի աղջնակ՝ 3-4 տարեկան, երեխաների համար մեր պատրաստած մահճակալներից մեկի վրայից իջել, եկել էր, մեկ էլ փեշիցս քաշեց. «Գիտե՞ս, ես մեռած չեմ, ինչի՞ ես ինձ մեռածների կողքը պառկեցրել»: Կարկամեցի… Հազիվ զսպեցի, որ ձայնով չողբամ: Ձեռքը բռնեցի, գնացի հետը: 12 երեխաներից 4-ը մահացել էին… 7-րդ օրն էր երևի, երբ եկել էին առանց ծնողների երեխաներին տանելու, այդ փոքրիկի մեջքին ֆլոմաստերով գրեցի իմ անունը, հասցեն, տվյալները, նաև՝ «Հայրն եմ, խնդրում եմ, ինձ տեղյակ պահեք, թե ուր եք տարել»: Որոշել էի այդ երեխային որդեգրել: 3 ամսից, երբ Երևան գնացի, որ գտնեմ աղջնակին (երևի հոգուս խորքում մինչև հիմա էլ փնտրում եմ), կինս էլ էր շատ ուզում, որ որդեգրեինք, բայց… Ուր ասես դիմել եմ, որտեղ ասես՝ փնտրել, բայց չգտա: 93-ին մենք աղջիկ ունեցանք:

Անցան ժամանակներ

Քաղաքը կառուցվել է. «Անի» թաղամաս, «Մուշ» թաղամաս, սեփական սեկտորներ… Մեծ մասը բնակարան է ստացել: Ասֆալտապատվել է, ասֆալտապատվելու է: Լուսավորել են, էլի են լուսավորելու: Քաղաքը քաղաքին արդեն նմանվել է, բայց ոչ այն մեր Լենինականին: Սա ուրիշ քաղաք է, որտեղ մենք նորովի ենք ապրում: Ինձ ավելի շատ հուզում ու անհանգստացնում է գյումրեցու բնավորության փոփոխությունը: Այն ժամանակ մենք ուրախ էինք, անհոգ, իրար հանդեպ ուշադիր, բարեկամներով, հարազատներով լի, իրար տուն էինք գնում-գալիս: Բայց հիմա… Իրար նկատմամբ անվստահություն, ագրեսիա: Բայց սա երկրաշարժի մեղքով չէ, որովհետև նման փոփոխություն կրել են թե՛ սիսիանցին, թե՛ երևանցին… Երբեմն փառքի արժանանում են անարժանները, իսկ արժանավորները տարաբախտ պանդուխտների պես՝ թափառական են դարձել: 10-րդ տարելիցին էր, երբ նախարարությունից զանգեցին, թե «Գիտե՞ք, Ձեզ մեդալով ենք պարգևատրելու», ես ասացի, թե հրաժարվում եմ: Ինչո՞ւ: Ասացի՝ «Եթե իմ վարորդին կամ բուժքրոջը մեդալ չտաք, ինձ այն պետք չէ»: Ասացին՝ ուլտիմատո՞ւմ եք դնում, ասացի՝ հա: Երբ եկավ այդ օրը, ու մարզպետարանի դահլիճում հավաքվել էին տնօրեններ, ղեկավարներ, երբ բոլորն իրար ճանաչում են, մեկ էլ հնչում է. «Երկրաշարժին ակտիվ փրկարարական աշխատանքներին մասնակցություն ունենալու… պարգևատրվում են Պետրոս Մարգարյանը (մեր հիմնարկի վարորդ Պոդոսն է), և քույրերից մեկը՝ Լամարա Հարությունյանը, հետո նոր միայն ինձ…: Ի՞նչ է, եթե դիրեկտոր չէին եղել, մեդալ չպիտի՞ ստանային, մինչդեռ 2-3 ամիս, ամեն օր ու գիշեր, առանց փողի, խղճով աշխատել են: Այ, սա եմ նկատի առել, երբ ասում եմ՝ մարդուն գնահատել ըստ արժանիքների:

Մենք պրոֆեսիոնալների պակաս ունենք: Շատ եմ ուրախանում, որ առաջընթաց ունենք, թող մեր թոռներն անհոգ, անցավ, կենսուրախ կյանքով ապրեն: Երբ Հայաստանի անկախությունից առաջ սոցիալական հարցում էին անում, թե համաձայն եք, եթե անգամ մեկ-երկու տարի ցածր աշխատավարձով, վատ պայմաններում ապրեք, բայց Հայաստանն անկախանա, ու հետո արդեն զարգացած երկիր, մեր երազած Հայաստանն ունենանք, բոլորս սրտանց պատասխանել էինք՝ «Այո»: Հիմա էլ, երբ իրավիճակ է փոխվել, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց, ժողովուրդը ելավ պայքարի, ասեց՝ «Այո», մնում է միայն Նիկոլի ուսերին չթողնենք այդ լուծը, այլ միասնաբար, մեր երկիրը, մեր տունը կառուցենք»:

print
2,686