Լեւոն Զուրաբյան. «Կարծում եմ, որ պետք է շտապել» ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Զուրաբյան. «Կարծում եմ, որ պետք է շտապել»

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ:

Պարոն Զուրաբյան, Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, իր նախընտրած լրատվամիջոցով հարցազրույց տվեց և հայտարարեց. «Համարեք, ես քաղաքականություն եմ վերադարձել»: Դրանից հետո էլ թե՛ ռուսական NTV-ին, թե՛ այլ ԶԼՄների  ևս հարցազրույցներ է տալիս: Բացի այդ, իրեն սպասարկող լրատվամիջոցներն էլ ամեն կերպ փորձում են «սևացնել» նոր կառավարությանը՝ ջանալով դրական լույսի ներքո ներկայացնել Քոչարյանին: Ըստ Ձեզ, ի՞նչ քաղաքական սցենար են նախագծում քոչարյանական թևը:

— Ճիշտ է, այս հարցին այլ լրատվամիջոցներով ևս անդրադարձել եմ, և նոր բան չեմ ասելու, սակայն… Այո, Ռոբերտ Քոչարյանը հայտնվելով ազատության մեջ, սկսել է բուռն քաղաքական գործունեություն ծավալել՝ այն բանից հետո, երբ նրան առաջադրվել էր մեղադրանք՝ Սահմանադրական կարգը տապալելու և մարտիմեկյան ոճրագործությունների համար: Իր բոլոր պնդումները՝ քաղաքականություն վերադառնալու մասին, ծիծաղելի են: Դրան կարելի էր հավատալ, եթե նա վերադարձած լիներ քաղաքականություն, սկսած լիներ ինչ-որ մի շարժում, և դրանից հետո հետևեր նրա նկատմամբ քրեական հետապնդում: Մինչդեռ հակառակն է. սկսվել է քրեական հետապնդում, և այդ քրեական հետապնդման պատճառով նա որոշել է զբաղվել քաղաքականությամբ: Այսինքն, նրա վարած քաղաքականությունն ընդամենը պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Բայց, քանի որ Մարտի 1-ի հանցագործության մասնակից է, այդ գործով անցնող շատ մարդիկ կան, ավազակապետական թիմի ներկայացուցիչները բավականին շատ են, և նրանք հասկանում են, որ հեղափոխության վերջնական հաջողության դեպքում նրանք ևս կհայտնվեն մեղադրյալի աթոռին, և, բնականաբար, նրանք սկսում են վարվել այնպես, ինչպես Քոչարյանը: Քոչարյանի շուրջ միավորվելը, և նրա հետ մեկտեղ միասնական քաղաքական գործունեություն կազմակերպելը, նրանց համար պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցն է… ահա դա է, ինչ կատարվում է Քոչարյանի շուրջ և նրան աջակցություն հայտնած կուսակցությունների մասով:

Սակայն, թույլ տվեք նկատել. այն կուսակցությունները, որոնք փորձում են միավորվել Քոչարյանի շուրջ՝ ՀՀԿ, ՀՅԴ, և այլն, կարող են միավորվելով ուժ դառնալ, ու հնարավո՞ր իրենց մոտ ինչոր բան ստացվի հակահեղափոխության առումով:

— Կարող են լինել ուժեղ բանդաներ, նրանք բավական ուժեղ բանդա էին տարիներ շարունակ, բնականաբար, իրենք իրենց լծակներն հիմա կորցրել են և մնացել է միայն պառլամենտը և իշխանության որոշ հատվածներ և, իրենք փորձում են այդ ուժերով բանդային գործունեությունը շարունակել: Բնականաբար, հեղափոխության գլխավոր նպատակը պետք է լինի՝ այս էտապին այդ բանդան վնասազերծել և վերջնականապես մեր պետությունն այդ բանդայի ազդեցություններից ազատել:

Ի՞նչ եք կարծում, ժամանակն ի վնաս հեղափոխության չի աշխատում:

— Եթե Դուք նկատի ունեք այսօրվա կառավարության գործողությունների դանդաղ ընթացքը, ապա կարող եմ դրա հետ համաձայնվել: Իմ կարծիքով, ավելի ճիշտ էր թեկուզ վատ պայմաններում, թեկուզ աննպաստ օրենսդրության պայմաններում, ժողովրդի ոգևորության այս ալիքի տակ կազմակերպել ընտրություններ, քան հասցնել մի պահի, երբ կարող է այդ ոգևորությունը պակասած լինի, և ավելի դժվարանա հեղափոխության նպատակների իրագործումը:

Դեռևս դատաիրավական համակարգում, ուժային կառույցներում, անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախկին իշխանության կողմից նշանակվածները կան, և անգամ մանր հարցերում կարող են դիտավորյալ թերանալ, անգործություն ցուցաբերել՝ այդպիսով ստվերել հեղափոխական իշխանությանը, և ժողովրդի մոտ հիասթափության զգացողություններ հրահրել: Այդպե՞ս է:

— Գործող իշխանությունն ունի ավելի լավ տեղեկություններ, իրենց ձեռքին կունենան իրավիճակի զսպապլան: Իսկ ինչ մնում է Հայ Ազգային Կոնգրեսին, ապա մենք կարող ենք օգնել հեղափոխությանը՝ քաղաքական հայտարարություններով, ինչը մենք չենք զլանում անել, պետք եղած իրավիճակներում աջակցություն հայտնել, խորհուրդներ տալ, նշմարել ուղղություններ, ինչը, մեր կարծիքով, ավելի արդյունավետը կլիներ հեղափոխության ընթացքի համար, իսկ որոշ դեպքերում, նաև քննադատել, երբ տեսնում ենք, որ կառավարությունն ինչ-ինչ հարցերում սխալ որոշումներ է կայացնում:

Պարոն Զուրաբյան, վարչապետը Սահմանադրական բարեփոխումներից խոսեց. արդյո՞ք գտնում եք, որ հնարավոր է սեղմ ժամկետներում դա իրականացնել:

— Պետք է օգտվել ժողովրդի ոգևորության այս ալիքից: Հասկանալի է, կա վտանգը, որ Ազգային ժողովը ցրելու նպատակով վարչապետի հրաժարականը կարող է բարենպաստ իրավիճակ ստեղծել հակահեղափոխության համար, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու հնարավորություն ստեղծվի… Նման տարբերակ կա: Հնարավոր է, սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, որոնք թույլ կտային ցրել խորհրդարանը, միևնույն ժամանակ պահպանել հեղափոխական իշխանությունը, վարչապետի պաշտոնի վերահսկողությունը կառավարության նկատմամբ: Բայց իմ կարծիքը հետևյալն է. այնպես չպետք է ստացվի, որ մենք դա իրագործենք այն պահին, երբ վստահության պաշարը բավականին մաշված կլինի և դժվար կլինի ԱԺ ընտրություններով Հայաստանում լրիվ այլ պատկեր ստանալ: Կարծում եմ, որ պետք է շտապել: Միևնույն ժամանակ, չեմ ուզում քննադատել իշխանությանը դրա համար, որովհետև, վերջիվերջո, դա նրանց հաշվարկներն են, և մենք կարող ենք իրենց մաղթել, որ իրենց կողմից նախանշված ժամանակացույցն, ի վերջո, ճիշտ հանգրվանի բերի:

print
13,895