ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Լույսը…

Այսօր էլ ոչինչ չստացվեց, գործ չգտավ, փող չգտավ, օրը մթնեցրեց մտամոլոր, փողոցներում թրև գալով ու քայլերն ուղղեց դեպի տուն։ Չէ, այդպես չի լինում, այդպես չի կարող, կռանալ չի կարող, մուրալ չի կարող, քծնել չի կարող ու ոչինչ չի ստացվում։ Երեխաներին է խղճում, կնոջն է խղճում ու… ու իրեն է խղճում։ Ոչինչ անել չի կարող։ Դեռ ուսանող ամուսնացավ, ու ավարտելուց հետո միանգամից հայտնվեց Ղարաբաղում։ Ոչ մասնագիտությամբ կարողացավ աշխատել, ոչ էլ արհեստ գիտի։

Տուն մտավ գլխիկոր ու նստեց կիսամաշ բազմոցի անկյունում։ Տան մռայլ պատերից աղքատության հոտ էր գալիս, և ինքը միացել էր այդ աղքատների հզոր բանակին։ Ուղեղը մթագնեց իր հայտնագործած աղքատների հզոր բանակ մտքից ու կուչ եկավ։ Ուտել չի ուզում, ախորժակ չունի, եթե ունենա էլ` որտեղի՞ց, երբ ինքը պետք է ուտելիք բերեր ու կերակրեր իր ընտանիքին։ Իսկ ինքը չի բերել, էլ ո՞ւմից ուտելիք պահանջի։ Մտքերը թռչում են աջ ու ձախ, հայացքը ծամածռվել է անզորությունից ու հոգին ճչում է, հոգին փախչում է, հոգին պայթում է.

— Տեր Աստված ո՞ր մեղքիս համար,- ու ամաչեց իր պայթյունի համար ու կուչ եկավ.

— Մեղա Տեր Աստված`

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի,

Հաղթանակած զինվորը վատ է ապրում, մթագնած է ապրում, խռոված է ապրում, հոգսաշատ է ապրում, չի ապրում, այլ մտածում է, մտածում է ու չի կարողանում հասկանալ մի բան, թե այդ ինչպե՞ս է լինում, որ հայրենյաց կանչով գնում են քչերը, որոնց մեջ ինքը կա, կենդանի են մնում քչերը պատահականորեն, որոնց մեջ ինքը կա, լավ են ապրում մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն այս պատերազմի հետ, այս հողի հետ, հայրենիքի հետ և անգամ այդ ծանր, մութ, ցուրտ, սոված տարիներին այստեղ չէին, ու չի կարողանում հասկանալ ու խեղճանում է, կուչ է գալիս ու հետո նայում է որդու աչքերին ու նորից կուչ է գալիս։

Ակամա գլուխը քաշում է ուսերի մեջ, ձեռքերը մտցնում գրպանները, վախեցած ետ քաշում գրպանների ծակ ու դատարկ լինելուց ու գլուխն առնում ափերի մեջ, կուչ է գալիս։

Խեղճանում, խղճում ինքն իրեն, ու չի կարողանում հասկանալ` պատերազմում զոհվելն է լավ, թե չզոհվելը։

Մատների արանքից նկատում է կնոջ հանդիմանող հայացքը ու կուչ է գալիս, փախցնում է աչքերը ու նայում աղջկա կողմը, տեսնում է խունացած հագուստ` մարմնի վրա ձգված, պատրաստ պայթելու, ու ամաչում է իր իսկ հայացքից, որ աղջկան արդեն սեռահասուն է տեսնում, ախր դեռ երեկ էր, երբ Շուշիից եկավ, ու իմացավ, որ աղջիկ է ունեցել, անունն էլ Շուշանիկ դրեց` Շուշիի պատվին, ու մտքով գնաց Շուշի, ապրեց հաղթանակի բերկրանքը, ժպտաց, անգամ քմծիծաղ գծագրվեց դեմքին, հետո հիշեց զոհված ընկերներին ու կուչ եկավ, կոպերը գոցեց ու պատանվեց ինքն իր մեջ, մտավ հոգու խորքերը ու սկսեց պրպտել այն բոլոր անկյունները, որտեղ արդեն հազար անգամ եղել էր, ու դատարկ էր ամեն տեղ, ու կուչ եկավ իր դատարկությունից, իր անբանությունից, իր անգործությունից, իր խեղճությունից ու փախա՜վ, փախավ տղերքի մոտ, փախավ գտնելու իր նմանակին, իր հոգու ընկերոջը, իր բախտակցին ու դեմ առ դեմ հանդիպեց Վազգենին, թերթ վաճառող Վազգենին, իր հեծանվով, իր մորուքով, իր դժգոհ դեմքով, իր թերթերով, իր բողոքով, իր հացը հազիվ վաստակող Վազգենին, խեղճության ու աղքատության պատանը իր վրա քաշած Վազգենին`

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի,

Հաղթանակած զինվոր Վազգենին ու փախավ ինքն իրենից ու Վազգենից, ու հադիպեց Աշոտին, կոշտացած ձեռքերով բետոն ծեծող Աշոտին, երկաթ ծեծող Աշոտին, հող շուռ տվող Աշոտին, մետաղների կտորտանքների համար աղբանոցներում քուջուջ անող Աշոտին, արևը, քամին, անձրևը և ժամանակը ծեծած Աշոտին`

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի,

Հաղթանակած զինվոր Աշոտին ու փախա՜վ, փախա՜վ, փախա՜վ ու դեմ առ դեմ հանդիպեց իրենց Հրաչին, իրենց շտաբի Հրաչին, իրենց սնունդ ուղարկող Հրաչին, իրենց պատերազմի դաշտը չտեսած, վառոդի հոտ չառած, իրենց սնունդը, եղածն ու չեղածը միշտ գողացող Հրաչին ու ժպտաց, ու հրճվեց մի անմիտ ժպիտով իրենց Հրաչի գնդապետի ուսադիրներով, իրենց Հրաչի ձիգ կեցվածքով, իրենց Հրաչի ծառայական մեքենայով ու սառեց անտեր բարևը, անպատասխան մնաց օդում, շրխկաց մեքենայի դուռը ու ճռռոցով անհետացավ N զորամասի հրամանատար, իրենց Հրաչը` փակված դարպասների ետևում`

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի,

Հաղթանակից հետո տեղը գտած իրենց Հրաչը, շտաբի կռիս Հրաչը, զինվորի բաժին գողացող Հրաչը, գնդապետ և իրեն ապագա գեներալ կարծող Հրաչը ու փախա՜վ, փախա՜վ-վայ և հանդիպեց Սամոյին, իրենց Սամոյին, բրուտ Սամոյին, հեզ, բարի, ոսկեձեռիկ Սամոյին, գլուխը սեղանին դրած ու կողքին շշեր Սամոյին, հարբեցող Սամոյին, կորած Սամոյին, տակը միզած և տնից վռնդված Սամոյին, սրանից նրանից մեկ բաժակ գինու փող ուզող Սամոյին, Օմար Խայամ ու Սայաթ-Նովա գովերգող Սամոյին, անվերջ կորած ու միայն անկապ բառեր բարբաջող Սամոյին`

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի,

Հաղթանակած զինվոր Սամոյին ու փախա՜վ, փախա՜վ, որ գտնի իրեն, բայց հանդիպեց իր զոհված ընկերոջ, Արթուրի կնոջը` Աստղիկին, իրենց Արթուրի կին Աստղիկին, իրենց Աստղիկին, իրենց հարսիկ Աստղիկին, իրենց քույր Աստղիկին, որին իրենք այնքան շատ էին սիրում, որն իրենց առաջ այնքան հաց էր դրել, որն այնքան նվիրված էր թվում, որ ապշում էին, ապշում էին, ու ապշեցին, ապշեցին Արթուրի մահով, ապշեցին Աստղիկի վարմունքով, որ մեկ տարեկան երեխային թողեց Արթուրի ծնողների մոտ ու հեռացավ, հեռացավ ու սկսեց անառակությամբ զբաղվել, հեռացավ իրենցից, աշխարհից ու արդեն երկու տարի է ինչ ապրում է մի պարսիկի հետ ու երեխա ունի պարսիկից, մոռացած Արթուրից ծնած երեխային, իր Արթուրին, մեռած Արթուրին և գերեզմանում հազար ու հազար անգամ շուռ եկած Արթուրին, խեղճ Արթուրին ու փախա՜վ, փախա՜վ Արթուրի ունեցած ու չունեցած կին Աստղիկից, աստվածուհի Աստղիկից, պարսիկի հարճ դարձած Աստղիկից ու փախա՜վ, փախա՜վ ու հանդիպեց Արմանին, իրենց Ասկյար Արմանին, իրենց ոգի Արմանին, իրենց կրակ Արմանին։ Ասկյար, որովհետև Բաքվից էր եկել ու միացել իրենց, Ասկյար, որովհետև թուրքերեն թուրքից լավ գիտեր, Ասկյար, որովհետև կռիվ մտնելուց առաջ գոռում էր.

— Ասկյա՜ր դիմացիր, գալիս եմ։ Ոգի և կրակ, որովհետև ոգի էր ջոկատի համար ու կրակ։ Ոգի ու կրակ, որովհետև կռիվ էր մտնում աչքն առանց ճպացնելու։ Հիմա ճպռոտել են Ասկյար Արմանի աչքերը, ակնախոռոչներում պտտվել, անաշայի ու խաբուսիկ օղու թմբիր կա դեմքին ու անորոշ հայացք, կորցրած ու չգտած ինչ-որ երջանկություն։

Ու փախավ Ասկյարից, իր շատ սիրելի Արման Ասկյարից, փախավ ու ինքն էլ հայտնվեց թմբիրի մեջ, մթության մեջ ու մեկնվեց, թե՞ կիսաթեք ընկավ բազմոցին ու, ու փախավ այդ մթությունից ու հայտնվեց լույսի մեջ, դրսում արդեն լույս էր, տանը լույս էր, վերևում լույս էր ու ինքը վերևից նայում էր իրեն, իր ծկլթացող ու մազերը փետող կնոջը, իր խունացած ու մաշված շորերով երեխաներին, որ արթնացել ու լալիս էին, արագ-արագ ներս ու դուրս անող, շվարած հարևաններին ու իրեն, իր մարմնին, իր սառած ու մաշված բազմոցին մեկնված մարմնին, բերանի անկյուններում ծվարած ժպիտ ու արհամարհանք աշխարհին, ու իրեն, ու փախավ, չէ-չէ սլացա՜վ, սլացա՜վ տղաներին ընդառաջ, իրեն ընդառաջ եկող ընկերներին ընդառաջ, Վարդանին, Անդոյին, Բասմաչին, Գևորգին, Մոնթեին, Արշակին, Կարենին, Աղվանին ընդառաջ`

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի,

Հաղթանակած զորքին ընդառաջ։

Հա՜, հա՜, հա՜, հա՜ , հա՜, հա՜։

Մ.Ա.Հ.

print
1,596