Խա՞նդ, թե՞ հիվանդություն ⋆ «Շրջապատ»
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Խա՞նդ, թե՞ հիվանդություն

Կնոջս հետ մինչ ամուսնությունը 2 տարի ընկերություն ենք արել: Դեռ այն ժամանակ զգում էի, որ խանդոտ բնավորություն ունի, ծայրահեղ «սեփականատեր» էր և կարող էր չնչին առիթի դեպքում սկանդալ սարքել: Կարծում էի` ամուսնությունից հետո կփոխի բնավորությունը կամ էլ ես կկարողանամ նրան վերափոխել: Բայց, ինչպես ասում են, կարծրացած բնավորությամբ մարդուն փոխել հնարավոր չէ:

Ամուսնությունից հետո նրա բնավորության այդ գիծն առավել անտանելի դարձավ: Անվերջ զանգում էր աշխատավայր, ճշտում` տեղո՞ւմ եմ, թե` ոչ: Արդեն ինֆարկտի էի հասնում նրա ձայնից, օրը մի քանի անգամ զանգում էր ու հարցնում. «Ո՞ւր ես»: Կամ էլ, երբ աշխատանքից հոգնած տուն էի վերադառնում, վրա էր պրծնում, սկսում բջջայինս «քրքրել», հետո անցնում էր հագուստիս մանրազնին ուսումնասիրությանը. «հոտոտում» էր, գրպաններս ստուգում: Սկզբում փորձում էի հանգիստ վերաբերվել այդ ամենին, նրան բացատրում էի, հասկացնում, որ իմ կյանքում իրենից բացի ոչ մի կին չկա: «Պիտի վստահես, բայց միշտ ստուգես»,- ասում էր նա: Իսկ ես դարձյալ նրան բացատրում էի, որ տղամարդուն չպետք է անվերջ հետևել, ախր, նա դրանից կարող է կորցնել իր ազատությունն ու մի գեղեցիկ օր լքել իր հետևից ընկնող կնոջը: Բայց իմ բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Հակառակը, նա ավելի սանձարձակվեց: Նույնիսկ իրեն իրավունք վերապահեց անսպասելի հայտնվել աշխատանքիս վայր` իբր ինձ հանկարծակիի բերելու: Կատաղությունս հասավ գագաթնակետին, երբ մի օր տղերքով գործից հետո աշխատավայրում նստած խմում էինք, ու հանկարծ կինս սրտապատառ ներս ընկավ: Ի վերջո, այդ ամենն ինձ հոգնեցրեց, ու ես, չգիտես ի հեճուկս նրա, թե` արդեն զզվելով ամեն ինչից, սկսեցի այլ կանանց հետևից ընկնել: Համարյա ամեն օր այսպես ասած` «ձախ» էի գնում: «Դե թող հիմա խանդի, ինչքան ուզում է: Եթե ես նրան հավատարիմ էի, ու նա անվերջ կասկածում էր, այժմ գոնե խիղճս հանգիստ է, արդեն գիտեմ, թե ինչու է հոգիս հանում»,- մտածում էի ես: Բնականաբար, նա, նկատելով ինձ հետ կատարված փոփոխությունը, ավելի ագրեսիվ դարձավ: Սկսվեցին ահավոր վիճաբանություններ, որոնք գրեթե միշտ ավարտվում էին տանից իմ հեռանալով: Ես գնում էի այնտեղ, ուր ոչ ոք ինձ չէր նյարդայնացնում, ինձ հետ քնքուշ էին, սիրալիր: Մինչև որ… իմ կյանքում, այսպես ասած, «մշտական» սիրուհի հայտնվեց: Նրա տանը ես ինձ հանգիստ, սիրված ու լավ էի զգում: Սեփական տունն այլևս չէր ձգում ինձ. արդեն հոգնել էի հարաբերություններ պարզելուց, կնոջս հիսթերիաներից:

Ամեն ինչին վերջակետ դրվեց այն օրը, երբ կինս սպառնաց, թե կվերցնի երեխային, «կթքի վրաս» ու կհեռանա: Ես դուռը բացեցի ու ասացի. «Ազատ ես: Քեզ հետ ապրել այլևս հնարավոր չէ»: Նա հեռացավ` տանելով մեր երեխային:

Քրոջս խնդրեցի գրել իմ պատմությունը, որ մարդիկ կարդան ու հասկանան, որ անտեղի իրար կասկածելով, պրոբլեմներ ստեղծելով, իրար կյանք թունավորելով` հեռուն չեն գնա ու իզուր կդժբախտանան:

Ս.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք:

print
653