Խելամիտ կլինի աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելը ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խելամիտ կլինի աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելը

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Պարոն Մանուկյան, արդեն արձանագրված իրողություն է, որ վերջապես հաջողվեց ազատվել այն իշխանություններից, որի դեմ տարիների պայքար էր մղվում: Հիմա այն ժամանակահատվածն է, որ պետք է, այսպես ասած, դանդաղ շտապել. հեղափոխությունը հասցնելով տրամաբանական ավարտին՝ արտահերթ ընտրությունների:

— Նախ անդրադառնամ Ձեր խոսքի առաջին հատվածին. 2-3 ամիս առաջ որևէ մեկի երևակայությունը թույլ չէր տա ասելու, որ այսքան արագ իշխանափոխություն էր լինելու: Որովհետև նախկին իշխանություններն այնքան էին արմատակալել, այնքան էին մետաստազի նման տարածվել Հայաստանի բոլոր բնագավառներում, որ ժողովրդի մեջ տարածված ասացվածքով. «Սրանցից ազատվել չկա, սրանցից միայն գյուլլելով կարելի է ազատվել»… Այս էր հոգեբանությունը՝ շատ ապատիկ, անտարբեր, հուսահատ ու հուսախաբ վիճակ էր: Փաստորեն, ստացվեց համաժողովրդական շարժում, որի արդյունքում արմատակալած ուժերը, հանձինս Սերժ Սարգսյանի՝ ընկրկեցին: Դա պատմական հաջողություն է, ժողովրդի մեծագույն հաղթանակ: Ժողովրդի ամբարված ատելությունը դուրս թափվեց, ատելությունը միավորեց, բայց նաև անցած 20 տարիների պայքարի տրամաբանական շարունակությունն էր, ոչ թե մի պահ էր, որ ժողովուրդը դուրս եկավ, որ ազատվի Սերժից, այլ սա այն ժողովուրդն է նաև, որ պայքարել է, փորձել է, տառապել է, Մարտի 1 է տեսել, Հոկտեմբերի 27… Մաղձը հավաքվեց, եռաց-եռաց, դուրս թափվեց:

Հիմա՝ Ձեր հարցին պատասխանեմ. պետք է արձանագրենք, որ այս պահին կատարված է գործի կեսը և, եթե հանկարծ երկրորդ կեսը չհաջողվի, ապա առաջին կեսն էլ կփոշիանա և կստացվի ավելի վատ, քան 2-3 ամիս առաջ էր: Եվ նույն այդ ուժը կամ ուժերը սպասում են, որ հարմար առիթ լինի, որ ռևերս անեն, և նրանք կլինեն ավելի դաժան, ավելի թշնամաբար: Այսօրվա խնդիր է մնում շարունակել հեղափոխությունը՝ այն հասցնելով ավարտին: Որովհետև այս պահին սահմանադրորեն իշխանությունը Հանրապետական կուսակցության ձեռքին է, քանզի պառլամենտում նրանք ունեն մեծամասնություն՝ թեպետ հոգնած, թեպետ ջարդված, կիսված, բայց որպես կոճակ ունեն 55 ձայն, որը մեծամասնություն է: Նաև այնպես չէ, որ մնացածներն անվերապահորեն գաղափարական առումով կանգնած են: Վտանգները դեռևս առջևում են, իսկ այդ ուժերի հետևում չերևացող ականջներն են, դերակատարները թեպետ ինտերվյու չեն տալիս, սուս են, բայց տակից խաղեր անում են… հակահեղափոխությունը գործում է: Այս վիճակից ելնելու համար անհրաժեշտ է շարունակել պայքարային գործընթացը, որովհետև ցանկացած օր, ցանկացած ուշացում, ցանկացած սայթաքում կարող է անդառնալի լինել: Որքան էլ ճիշտ նշանակումներ լինեն, գործընթացներ լինեն, տեղաշարժն այս պահին դեռ երևելի չի ու դա կաշխատի ի նպաստ հակահեղափոխության, միավորներ կկուտակի ու կարող է հակահարված տալ: Դրա համար եմ կարևորում, որ քանի դեռ ժողովրդի ոգևորությունը պիկի վրա է, էյֆորիա է, կարելի է օգտագործել՝ ՀՀԿ-ին վերջնական հարված հասցնելու, որջը քանդելու համար: Նրանք քաղաքական որջ լինեին, վաղուց հանձնված կլինեին, այնտեղ ուրիշ արժեքներ են՝ փող, սեփականություն:




Դե, ժողովուրդն իրենց այդպիսին էլ պատկերացնում է՝ ոչ քաղաքական կուսակցություն, այլ քրեաօլիգարխիկ մուտանտ:

— Իհարկե, եթե գաղափարական լինեին, մեջները հայրենասիրություն կլիներ, ակցիա կանեին: Այսօրվա գործադիրի խնդիրն է՝ շատ արագ, օրինականության սահմանում օգտագործելով լծակները, օրենքի կիրառմամբ միայն հասնել խորհրդարանի այն քվեարկությանը, որը պետք է որոշի արտահերթ ընտրությունները: Միայն արտահերթ ընտրություններով է, որ կարող է վերջնական փուլ համարվել, հեղափոխության հաջողության ավարտական փուլ: Ուստի հարկավոր է այդ պրոցեսներն արագացնել:

Պարոն Մանուկյան, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն էր տարածել՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ընդունման մասին։

— Այո, ՀԱԿ-ը պատրաստ է և անում է ամեն ինչ՝ այդ պրոցեսն արագացնելու համար: Մասնավորապես, արտահերթ ընտրությունների համար մի ամբողջ փաթեթ ենք կազմել՝ ելնելով տարիների մեր փորձից, կառավարությանն ենք առաջարկելու, որը կօգնի արագ կազմակերպել արդար, ազնիվ ընտրություններ:

Իսկ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը դա ԱԺ-ն չպե՞տք է հաստատի…

— Ես հասկանում եմ Ձեր հարցադրման մտավախությունը: Այո, բայց կառավարությունն ունի շատ կարճ ժամանակ, նա ունի լծակներ, և օրենքի սահմանում կարող է դրան հասնել: Մենք այսօր համոզվեցինք, որ շատ ճիշտ էլ աշխատում են: Այսօր ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք չպետք է այնտեղ լինեին՝ կրիմինալ են կամ նման անցյալ ունեն, բիզնեսմեններ են: Օրինական լծակներ բանեցնելով նրանց հնարավոր է խելքի բերել և թույլ չտալ, որ իրենք որևէ կերպ կասեցնեն հեղափոխական գործընթացը: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը հենց դա էր ասում. Նիկոլ Փաշինյանը ոչ թե այս պահին ժողովրդի օգնությանը պիտի դիմի, այլ օրենքի ուժով լծակներ կիրառի, որպեսզի խորհրդարանում նոր Ընտրական օրենսգիրքն անցնի, նույն  լծակներով նաև որպեսզի աշնանը կայանան արտահերթ ընտրություններ: Մեր հաշվարկներով, իմ կարծիքով՝ արդյունավետ աշխատանք իրականացնելով, հնարավոր է նոյեմբերին արտահերթ ընտրություններ կազմակերպել:

Բայց անգամ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խոսքի մեջ ասաց մեկ տարի…

— Իրենք այդ արտահայտությունն անում են զգուշավորությունից ելնելով, գիտակցում են, որ որքան ուշ, այնքան շատ ավելի դժվար է լինելու, որովհետև հակահեղափոխության այսուայնկողմ թափթփված ուժերը կարող են համախմբվել, դրա համար պետք է նրանց այդ հնարավորությունից զրկել: Պետք է անել արագ, ոչ ուշացած:

Իսկ ի՞նչ եք կարծում, ԱԺ մյուս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կուզենա՞ն, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

— Այո, նրանք հայտարարություններ արել են:

Գիտեմ, բայց մի բան է հայտարարություն անելը, այլ բան ներքին ցանկությունները:

— Ոչ մի խելոք քաղաքական ուժ չի գնա ժողովրդական հոսանքին հակառակ, դա նրա համար կլինի ջախջախում, հակառակը՝ կօգնեն: Ես կասեի՝ անգամ Հանրապետականի այն հատվածը, որը գիտուն է, նրանք ևս պետք է սա գիտակցեն:

Արտահերթ ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է:

— Հայաստանում ես ավելի քաղաքական, ավելի փորձված, սոլիդ, իմաստուն քաղաքական ուժ չգիտեմ: Այսպիսի մի ասացվածք կա. «Հաղթում է ոչ թե նա, ով կանգնում է, այլ նա, ով կանգնած է մնում»: Այս տարիների ընթացքում մենք միշտ կանգուն ենք մնացել, մեր որդեգրած արժեքներին հավատարիմ, անփոփոխ, և դա քաղաքական արժեք է: Լինելով այդ արժեքների կրողը, ես վստահ եմ, որ մենք կարող ենք լուրջ դերակատարում ունենալ առաջիկա խորհրդարանում:

Բայց հարց է առաջանում. Դուք որպես ընդդիմադի՞ր ուժ եք հանդես գալու:

— Այս պահին կա հակահեղափոխությանը խեղճացնելու անհրաժեշտություն, այս պահին Հայ Ազգային Կոնգրեսը պարտավոր է լինել ժողովրդի կողքին: Իսկ երբ հակահեղափոխության ռևանշի վտանգն անցած կլինի, երբ այդ ճգնաժամն հաղթահարված կլինի, մենք կներկայացնենք մեր ծրագիրը, մեր մոտեցումները, որոշողն արդեն ժողովուրդն է:

print
1,064