Խնդիրները պետք է գլոբալ լուծումներով կարգավորել ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Խնդիրները պետք է գլոբալ լուծումներով կարգավորել

Հարցազրույց «Գյումրի կենտրոն» համատիրության նախագահ ՄՈՎՍԵՍ ՋՈՒՀԱՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Ջուհարյան, զրուցենք խնդիրներից, անելիքներից…

— Ունենք գլոբալ, ընթացիկ և անլուծելի խնդիրներ: Օրինակ, անլուծելի են ստորգետնյա ջրերի հեռացման հարցը: Դրենաժային համակարգը լրիվ քանդված է, երբեմն ջրերի մակարդակն այնքան է բարձրանում, որ տների առաջին հարկերն են լցվում: Քարիզների խնդիրն է լուրջ, որոնք խցանված են, շենքերի տակով են անցնում ու լուրջ խցանումներ առաջացնում: Կոյուղագծերի, կոյուղատարների խնդիրն է լուրջ:

— Ջրմուղը պետք է 3-րդ փուլով քաղաքային կոյուղագծերը փոխեր, չէ՞:

— Այնքանը գիտեմ, որ հանդիպումների ժամանակ ասել են, որ Ջրմուղը 3-րդ տրանշն իրականացնելու է 2019թ-ին: Բայց քաղաքացին այսօր է լուրջ խնդրի առաջ կանգնած: Երբ բողոքում է, գնում ենք, տեղում փորում, հազիվ հայտնաբերում վնասված հատվածը, որը մի կերպ վերանորոգում ենք, ընթացքում էլ քարտեզագրում, թե որտեղ, ինչ աշխատանք ենք տարել:

— Այս տարվա համար «Գյումրի կենտրոն» համատիրությանը քաղաքային բյուջեից հատկացվել է 4 միլիոն դրամ: Աշխատանքներ տանելու համար այդ գումարը կբավականացնի՞:

— Ծրագրերով այդքան են հատկացրել: 240 շենք ենք սպասարկում: Մենք մի անգամ հաշվեցինք, որ, եթե բոլոր շենքերի կտուրները նորոգենք, անհրաժեշտ է միանգամից 2 մլրդ դրամ: Սա կտուրների համար, որ մի 15-20 տարի այլևս բողոք չունենանք: Բայց մենք երբեք 2 մլրդ գումար չենք ունենա: Էլ չեմ ասում հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների մասին: Բայց հիմա երևի նաև կհարցնեք՝ բնակչի բնակվարձերի մասին… Ես միանշանակ հայտարարում եմ. մեր ժողովուրդն անվճարունակ է: Բնակարանի յուրաքանչյուր 1քմ-ից 10 դրամ ենք գանձում, եթե համեմատության մեջ դնենք Երևանի ամենահետնյալ թաղամասի վճարների հետ՝ 60-150 դրամ է, նոր կպատկերացնենք, թե որքան աղքատ է Գյումրին: Եթե նույն գործը մայրաքաղաքում պետք է 100 դրամի դիմաց կատարեն, մենք այն պետք է կատարենք 10 դրամով, սա այն պարագայում, երբ մոտ 30 տոկոս բնակիչ իր բնակարանում չէ, դուռը փակ է: Մի 30 տոկոսը մնացել են ծերերը՝ տան պահապաններ, որ թոշակի հույսին են, նույնիսկ իրենց բաղնիսը չեն օգտագործում, գնում են սոցիալական բաղնիսներում են լողանում: Ընդհանուր բաժնեմասային սեփականության գումարները ժողովուրդը պետք է վճարի, որ սպասարկում իրականացնենք: Բայց չի տալիս: Լուրջ խնդիր է նաև հին շենքերի հարցը: Շենք ունենք 1880թ-ի՝ Կազաչի թաղում, 1908թ-ի՝ Շիրակացի դոսերը, մեծամասամբ ահավոր վիճակում են: Էլ չեմ ասում ժողովրդի անխնա «թալանումը»՝ հենասյուները քանդել են, կտուրների մեջ ավիրել են, ինչպես ուզել՝ շենքի հետ վարվել են: Երբ ժողովուրդը իր բնակարանի, շենքի հետ վերաբերվեց որպես իր սեփականության, հոգացավություն դրսևորեց, նոր… Շենքերի կտուրներ կան, որ «դոխբազների» երեսից շիֆերները ջարդուփշուր են եղել: Բնակիչ կա, որ օրական 10 անգամ կտուրին է կանգնում, որ անտենան էս կողմ-էն կողմ դարձնի… Դրա համար մենք որոշեցինք շիֆերները փոխել թիթեղով: Վերջին 3-4 տարվա մեջ 56 շենքի կտուր շատ սուղ միջոցներով վերանորոգել ենք, 20 տարով էլի գոնե կյանքը երկարացրեցինք:

— Համատիրության գործառույթների մեջ ի՞նչ է մտնում:

— Նախ նշեմ, որ երբ շենքը հանձնում են, պետք է ընդունում-հանձնում լինի, պատշաճ որակով պետք է հանձնեն: Երբ թերություններով հանդերձ շենք են հանձնում, ապա հենց առաջին օրից խնդիրները գլուխ են բարձրացնում: Քըրքորյանի ամրացվածները, Գլենդել Հիլզի նորակառույցները… Շենքերը ամրացրել են, դռները չեն դրել, պատուհանները դրել են, փականները չեն դրել, զուգարանակոնքերը դրել են, միացումները չեն տվել, պատրոնները չեն դրել, լամպ չեն կախել, կտուրը փոխել են, էն որակի թիթեղ են դրել, որ քամուց ֆոլգայի նման ճմրթվում են: Խոսելիս բոլորն իրենց «չգիտեմինչագետի» տեղ են դնում. մե՜նք, շինարա՜ր, էսպես-էնպես… Հենց իրենց բնակարանին է հերթը հասնում՝ կույր է, չի տեսնում: Կոյուղագծերը քանդելիս, սկսած կարտոֆիլի կպեճից վերջացրած երեխայի պամպերս ենք հանում, բա դա խի՞ղճ է, շնորհք է՞, բնակիչը նման անհոգություն է դրսևորում՝ սա է մեր հասարակությունը: Ու դեռ մունաթ են գալիս մեր վրա: Ոչ քաղաքացին է իր տեղում, ոչ ղեկավարը, ոչ լրագրողը…  Իրար հետ համակեցության կանոններ չունեն: Մեկն իր տունը վերանորոգում է, իր որոշմամբ փակում է օդատարը՝ մյուսի հաշվին: Մեկն իր տանը 20 կատու է պահում, շենքից գալիս, մեզ են բողոքում: Եթե ամեն մեկն իր տեղում լինի, ամեն բան ճիշտ կլինի: Լրիվ աբսուրդի թատրոն է:

— Ասես հավի ու ձվի ստեղծման պատմությունը լինի. իրենք ասում են՝ ինչ եք արել, որ տանք, դուք ասում եք՝ տվեք, որ անենք:

— Լրիվ: Անգամ շենքի ունևոր բնակիչը բնակվարձ չի տալիս, պրոպագանդում է, որ մյուսներն էլ չվճարեն: Մի բան անում ես, ասում են՝ բա կտուրը, բա նկուղը, բա էսինչը… Բայց այդքան գումար չկա: Մի քանի տարի առաջ մի պարկ ցեմենտը 1800 դրամ էր, այսօր 3.200-3.500 է, բայց վճարման չափը նույնն է: Ինֆլյացիան մի կողմից, նյութերի թանկացումները մյուս կողմից, այս տարի ավելացավ նաև հարկային վճարումները. եթե նախկինում երկրորդական շուկայից գնածի դիմաց 11 տոկոս էինք վճարում, հիմա ասում են՝ 20:

Մենք անպաշտպան օղակ ենք: Մեզ գցել են քաղաքապետարանի, մարզպետարանի ու ժողովրդի արանքը, ու այնպես է ստացվում, որ ժողովուրդն առաջինը մեզ է հայհոյում, ասում է՝ կգնամ, կբողոքեմ, կռվում են մեզ հետ: Մենք էլ ենք ուզում լավն անել, շատն անել: Քաղաքացին պարտավոր չէ ամեն ինչ իմանա՝ մեր հնարավորություններից, բայց միևնույն ժամանակ նա հոգացավ չլինելով՝ պահանջատեր է:

— Իսկ գործընկերային կազմակերպություններից ի՞նչ կասեք, ասենք՝ Ջրմուղի պարտավորություններ:

— Այս հարցով բազմաթիվ անգամ ենք բարձրաձայնել: Իրենք իրենց տեսակետով գտնում են, որ ճիշտ են: Իրենց տարանջատման գոտին նշված է, և իրենք պատասխանատու են այդ հատվածի համար՝ առանց հաշվի առնելու, որ մնացած հատվածի վթարի պատճառով մենք ավելորդ ծախսերի տակ ենք ընկնում: Նրանք մինչև դիտահորն են պատասխանատու:

— Բա, Ջրմուղն իբր քաղաքի դիտահորերը փոխեց, իբր կարգավորեց:

— Ոչ մի բան էլ կարգին չարեցին: Ես հաճախ նախկին տնօրենին տարել, ցույց եմ տվել «վերացված թերությունները»:

— Իսկ մասնագետների հարցը ինչպե՞ս է, որքան գիտեմ, միջին օղակի, սպասարկման ոլորտի լավ մասնագետների խնդիրն առկախ է:

— Լավ մասնագետները գնացել են, արտագաղթել են, արտագնա աշխատանքի են դուրս եկել, մնացել են դիլետանտները: Եթե լավ վարպետ էլ հիմա գտնենք, ուրեմն Ռուսաստանից դեպորտ է եղել…  Թե չէ, ով գալիս է աշխատանքի ընդունվելու, ասում է՝ ամեն ինչ գիտեմ, բայց ոչինչ էլ չգիտի: Իսկ լավ արհեստավորը լավ ֆինանս է պահանջում, որը մենք չունենք:

Ես գտնում եմ, որ երբ հնարավորություն է ստեղծվում, ասենք, բարերարներ են գալիս, պետք է գլոբալ ներդրում առաջարկել ու միանգամից լուծել, ասենք՝ կտուրների հարցը: Կամ մեկ այլ ուղղությամբ գլոբալ խնդիրը լուծեն, որպեսզի ասածիս պես՝ մի 15-20 տարի էլ այդ ուղղություններով խնդիրներ չլինեն: Թե չէ դանդաղ քայլերով, քիչ-քիչ անելով մինչև մի հարցը կարգավորում ես, մյուսն է գլուխ բարձրացնում:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print

139