Խողովակների անհայտ ճակատագիրը ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Խողովակների անհայտ ճակատագիրը

Գյումրու Ռուսթավելի փողոցում, «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում նախատեսված շինարարական աշխատանքների շրջանակներում նորացվում են փողոցի խողովակաշարերը: Դրանց հաջորդելու են փողոցում գտնվող շենքերի և շինությունների հիմնանորոգումը: Փողոցի ընդգետնյա ինժեներական կոմունիկացիաների աշխատանքների թարմացումն (գազի, էլեկտրականության, ջրի, կապի) իրականացնում են համապատասխան կազմակերպությունները:

Մեր տեղեկություններով՝ ապամոնտաժվող հին խողովակները մոտ 50-60 տարվա պատմություն ունեն: Բետոնե, մետաղական խողովակները փոխարինվում են այլ նյութերից կազմված խողովակներով:

Այցելելով Ռուսթավելի փողոց, մեր ուշադրությունը գրավեց այն փաստը, որ ապամոնտաժված մետաղյա խողովակները կռունկի օգնությամբ բեռնատարի վրա էին բարձել, որպեսզի տեղափոխեն այլ վայր: Թե ինչ է լինելու ապամոնտաժված խողովակների ճակատագիրը, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել ո՛չ տեղում աշխատող բանվորներից, ո՛չ էլ քաղաքապետարանից: Մեզ տեղեկացրեցին, որ վերը նշված փողոցում շինաշխատանքներն իրականացնում է «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը, իսկ քաղաքապետարանն այդ աշխատանքները չի վերահսկում: Չնայած ապամոնտաժված խողովակները հին էին, սակայն արտաքին տեսքից բավական լավ էին պահպանված:

Հ.Գ. Տարիներ առաջ Չերքեզի ձորի վերևի մասում գտնվող չուգունից, մեծ տրամաչափի ջրախողովակներ ապամոնտաժվեցին և տեղափոխվեցին, բայց թե ուր մինչ օրս հայտնի չէ: Դա այն ժամանակներն էր, երբ ամբողջ հանրապետությունը վարակվել էր ջրախողովակների ապամոնտաժման տենդով:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print
1,072