«Կատուս դիլխոր է՝ իրա կերն էլ է թանկացել» ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կատուս դիլխոր է՝ իրա կերն էլ է թանկացել»

Վերջին օրերին Հայաստանի բնակչության ուսերին նոր ու տհաճ հոգս ծանրացավ: Մարդկանց կենցաղավարությունը «նշանավորվեց» կարագի ու մսի գների թանկացմամբ: Սրան հետևեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի՝ իրեն հատուկ անորոշ բացատրությունը. «Թանկացումներն ամբողջ աշխարհում էլ լինում են: Թանկացումը կապված է նրա հետ, որ այդ ապրանքից գոյացումը քիչ է, կամ էլ ժամանակն այնպիսին է, որ այդ ապրանքը թանկանում է»: Գալուստ Սահակյանը, այսուհանդերձ, չմոռացավ թվացյալ լավատեսությամբ, հուսադրական երանգ հաղորդել իր տնտեսական մեկնաբանությանը՝ այն է, թե թանկացած ապրանքը հնարավոր է, որ երկու-երեք ամսից էժանանա: Խոսքին կշիռ տալու համար էլ, հավելեց. «Թանկացումները վատ պրոցես են ու կապված են մեր երկրի տնտեսական վիճակի հետ: Մենք պետք է որոշակի մեխանիզմներ ստեղծենք ու հասկանանք, թե թանկացումներն ինչի հետ են կապված: Եթե արգելված թանկացումներ են, բնականաբար, պատիժներ պիտի լինեն»:

Պատիժների հարցը, թերևս, ըմբռնումով թողնենք Գալուստ Սահակյանի անդամակցած հարազատ կուսակցության խղճին, բայց տեսնենք, թե ի՞նչ են մտածում միջին տարիքի գյումրեցիներն այս մասին: Դիտավորյալ հարցերս չեմ ուղղել տարեց մարդկանց, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այսպես, թե այնպես, ամեն ինչից հավերժ դժգոհող հասարակության այս բողոքական հատվածից հենց միայն բացասական վերաբերմունք է հնարավոր ակնկալել: Ուստի զրուցակիցներիս հատուկ ընտրել եմ աշխատունակության տարիքի չափանիշներով:

Աշոտ Մկրտչյանը թանկացումները կապում է Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու հետ. «Այդ ԵՏՄ կոչվածը մեր իշխանությունները փաթաթեցին ժողովրդի վզին, այնինչ դա որոշակի ժամանակ ու օգտակարության տեսակետից՝ հաշվարկ պահանջող գործընթաց պետք է լիներ: Հստակ հաշվարկ, թե այս միավորումին անդամակցելով մենք ի՞նչ ենք շահում և, որ առավել կարևոր է՝ ի՞նչ ենք կորցնում: Եթե այս թանկացումները պայմանավորված են ԵՏՄ անդամակից երկրներում ապրանքների գնագոյացման և մեր ապրանքագների հետ դրանց համապատասխանեցմամբ, ապա այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում սահմանված աշխատավարձերի ու կենսաթոշակի չափերը չեն համապատասխանեցվում, օրինակ, Ռուսաստանում գործող նույն չափորոշիչներին: Հայ թոշակառուի նվազագույն թոշակը հասցրեք ռուսների նվազագույն թոշակին: Այնտեղի նվազագույն աշխատավարձի չափով էլ մերոնց վարձատրեք»:

Աշոտը մի կենցաղային բացահայտում է անում. իր թոշակառու մայրն արդեն չի էլ հիշում, թե մեր կառավարությունը վերջին անգամ թոշակները երբ է բարձրացրել. «Եթե երկիրը չի կարողանում խուսափել պարբերական գնաճի պրոցեսից, ուրեմն՝ ո՞վ պետք է մտածի մարդկանց մի ստվար զանգվածի վիճակի վատացման մասին, եթե ոչ երկրի ղեկավարությունը: Ես վարչապետի պես գումարում-հանումը գուցե լավ չգիտեմ, բայց թող ինքը բացատրի, թե թոշակառուներն ինչպե՞ս ապրեն այս ու սպասվող թանկացումների պայմաններում: Համոզված եմ, թանկացումներ կլինեն նաև հաջորդ տարում, դրանց էլ գումարած կոմունալ վարձերը, որոնք, որպես կանոն, ձմռանը մեծանում են: Եվ թող վարչապետն ասի, թե թոշակառուն ինչպե՞ս իր ծախսերը վերահսկելի դարձնի»:

Վահագն Խաչատրյանը կանխատեսում է, որ թանկացումները շուտով շղթայական ռեակցիայի սկզբունքով կտարածվեն նաև այլ ապրանքների վրա. «Եթե իշխանությունները, ինչպես միշտ, պատճառաբանեն, թե միջազգային շուկայի հետ են կապված այս և հետագա թանկացումները, թող բարի լինեն մարդկանց աշխատավարձերն ու թոշակները բարձրացնեն: Այնպես, ինչպես նման իրավիճակներում արվում է եվրոպական երկրներում: Մեզ մոտ իշխանությունները քաղաքացիների հոգսերին անդրադառնում են՝ «Գնացեք, ոնց ուզում եք՝ ապրեք» սկզբունքով: Ինչը, ըստ էության, ոչ միայն անմարդկային է, այլև՝ անհարիր է իրական իշխանության բնութագրին»:

Վահագնը նաև մատնանշում է մեկ այլ իրողություն. «Գյումրիում գործազրկության ու արտագաղթի ցուցանիշները մեծ չափերի են հասել, իսկ իշխանությունների պետքն էլ չէ: Թանկացումները, համոզված եմ, նոր խթան են հաղորդելու գյումրեցիների արտագաղթին: Մարդկանց շնչահեղձ անելու ավելի լավ միջոց չես էլ հնարի: Մարդիկ հոգնել են ընդվզելուց, թե այսպես ապրել հնարավոր չէ, ուրեմն՝ մնում է գաղթել երկրից»:

Մեկ այլ զրուցակիցս՝ Կարեն Մկրտչյանը, ասում է. «Ելնելով մեր երկրում ավանդույթ դարձած թանկացումների օրինաչափությունից, պետք է վստահորեն արձանագրենք, որ այլևս մթերքների էժանացում չի լինի: Կարագի թանկացումը պատճառաբանում էին Նոր Զելանդիայից ներկրվող կարագի գնի բարձրացմամբ… Լավ, ընդունենք, որ այնտեղ կարագը թանկացել է, բայց հարց է ծագում՝ տեղականն ինչո՞ւ է թանկացել: Այնպես որ՝ խելքին մոտ բացատրություն էս իշխանություններից հնարավոր չէ իմանալ: Կարծում եմ նաև, որ հունվարի 1-ից ԵՏՄ տարածքում ապրանքային ակցիզներ կիրառելուն զուգընթաց, ավելի մեծ «տեսականիով» ապրանքներ կթանկանան»: Կարենը մեր զրույցի ընթացքում իր խոսքերին հավաստիություն տալու համար, կատակով հավելում է. «Կատուս դիլխոր է՝ իրա կերն էլ է թանկացել»:

Այդուհանդերձ, ՀՀ գյուղնախարարն այս թանկացումների հետ կապված, «գաղթի» այլ ճանապարհ է ցույց տալիս: Նա՝ լրջորեն, թե կատակով, հորդորում է քաղաքաբնակներին գնալ գյուղ և սեփական ուժերին վստահելով, ապահովել իրենց օրվա սնունդը:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
2,026