Կարկտահարությունը չի կարող բանջարեղենի ու հացահատիկի գների բարձրացման պատճառ հանդիսանալ ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարկտահարությունը չի կարող բանջարեղենի ու հացահատիկի գների բարձրացման պատճառ հանդիսանալ

Օգոստոսին տեղի ունեցած կարկտահարությունը մեծ վնասներ էր հասցրել Շիրակի մարզի Ազատան, Մարալիկ, Սառնաղբյուր, Լեռնակերտ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Փոքր Մանթաշ համայնքների գյուղացիական տնտեսություններին: Վնասվել էին նաև գյուղացիների տնամերձներում ցանած բանջարաբոստանային կուլտուրաներն ու պտղատու այգիները: Ազատանում ցորենի, կարտոֆիլի և եգիպտացորենի ցանքերը լուրջ վնասներ էին կրել: Ստեղծվել էին աշխատանքային խմբեր՝ վնասը հաշվելու համար:

Հիշեցման կարգով նշենք, որ օգոստոսի 15-ին Շիրակի մարզ էր այցելել գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման աջակցության հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ: Հավաքված գյուղացիները բարձրաձայնել էին իրենց դժգոհություններն ու բողոքները, պահանջելով, որպեսզի պետությունն աջակցի իրենց, իսկ նախարարը բացատրել էր. «Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գյուղնախարարությունը կգնահատի վնասի չափերը և աջակցություն կցուցաբերի, բայց նախարարության տեսակետն այն է, որ մարդը վնաս է կրել՝ փոխհատուցվի կանխիկ դրամի տեսքով, այլ ոչ թե տարբեր պարտավորություններ իր փոխարեն մենք կատարենք»: Նախարարը նաև ասել էր, որ գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիր կիրականացվի 3 մարզերում՝ Արարատում, Արմավիրում և Շիրակում: Առաջին երկու մարզերում կապահովագրվի խաղողն ու պտուղ-բանջարեղենը, Շիրակում՝ հացահատիկն ու կարտոֆիլը։

«Շրջապատը» Շիրակի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսական բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կառավարության կողմից շրջաբերական իջեցվել է՝ գյուղացիների վնասի հատուցման, կամ փոխհատուցման, կամ աջակցության առումով:

— Երբ նախարարն այցելեց մեր մարզ, ասաց, որ հնարավոր է՝ աջակցություն լինի,- ասաց Անդրանիկ Նալբանդյանը:

Դա գիտեմ, նկատի ունեմ, արդեն որևէ քայլ արվե՞լ է:

— Քանի որ միայն Շիրակի մարզը չի կրել վնաս, այլ ողջ հանրապետությունում կարկտահարված համայնքներ եղան, կարծում եմ, ընդհանուր մոտեցում պետք է լիներ, ողջ վնասը հաշվարկվեր, թե ինչ գումարների մասին է խոսքը, թե քանի շահառու են, և որքանով կկարողանան օգնել գյուղացուն:

Արդեն հաշվարկներ կա՞ն, թե քանի համայնք է ընդհանուր վնաս կրել, և ինչ գումարի մասին է խոսքը:

— Շիրակի մարզի 24 համայնքներում շուրջ 3 միլիարդ դրամի վնաս է եղել: Դժվար թե ամբողջությամբ այդ վնասը փակվի: Այս պահի դրությամբ դեռ ոչինչ չունենք ասելու այդ ուղղությամբ:

Խոսենք բերքատվությունից, մանավանդ, ձմեռման համար կարևոր սննդամթերքներից՝ կարտոֆիլի, նաև հացահատիկի

— Հացահատիկի բերքահավաքը գրեթե ավարտին է մոտեցել, մնացել է Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններինը, շուտով սա էլ կավարտեն: Հացահատիկի դարձյալ բարձր բերքատվություն ենք ունեցել. 30-35 ցենտներ: Նախորդ տարի 20-22 ցենտներ էր:

Իսկ կարկտահարությունը չի՞ ազդել բերքատվությանը կամ որակին:

— Չէ, կարտոֆիլի բերքատվությունը պահպանվել է: Իսկ ինչ մնում է կարկտահարված ցանքատարածությունների կարտոֆիլի ձմեռացմանը պիտանի չլինելուն, բնականաբար, դա այդպես է, բայց այդ կարտոֆիլը հնարավոր է աշնան ընթացքում վաճառվի: Մենք միշտ ձմեռման համար բավարար կարտոֆիլի պաշար ապահովել ենք: Կարտոֆիլ մարզում 3500-4000 հեկտար ցանք է կատարվում, միջին բերքը 250-300 ցենտներ է կազմում, մենք միշտ կարտոֆիլի հավելում ենք ունեցել:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարտոֆիլ վաճառողը չի օգտվի առիթից, թե իբր կարկտահարություն է եղել, բերքը քիչ է եղել, և այլն, ու գները բարձրացնի:

— Շուկայական ազատ հարաբերություններ են, բայց մյուս կողմից, մեր կարտոֆիլը հնարավոր է նույնիսկ իրացման խնդիր ունենա, ուր մնաց պահեն, արհեստական բաներ անեն: Նման բան չեմ կարծում լինի: Դեռ ասածիս չափից ավելին ենք սպասում, ներքին սպառման համար լրիվ բավարար է:

Նույնը կարո՞ղ ենք մյուս բանջարաբոստանային կուլտուրաներից խոսել. կաղամբ, գազար, ճակնդեղ

— Մենք տարեկան շուրջ 500 հեկտար կաղամբ ենք ցանում, որի բերքատվությունը 280-300 ցենտներ է, և ոչ մի տարի կաղամբի գների բարձրացում չի արձանագրվել:

Հ.Գ. Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ են նախատեսում բնակլիմայական աղետներից տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցությունը: Նախարարը պատասխանեց. «Անցյալ տարի աջակցություն դեկտեմբերին է տրամադրվել: Հուսամ, որ այս տարի ավելի շուտ կլինի, եթե, իհարկե, մեր որոշ մարզպետարաններ բարեհաճեն մի քիչ արագ շարժվել: Այդ հարցում Շիրակի մարզպետարանը շատ պունկտուալ էր: Բայց չենք կարող այսօր Շիրակի մարզին տալ, վաղը մեկ ուրիշին»:

print
2,149