Կոռուպցիայի դեմ պայքար` բարձրախոսով հնչեցնելու համար ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոռուպցիայի դեմ պայքար` բարձրախոսով հնչեցնելու համար

Մայիսի 9-ին, Բիշքեկի անմար կրակի մոտ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Ղրղըզստանի նախագահ Աթամբաևն մի ցնցող հայտարարություն էր արել, թե Ռուսաստանն իր կառավարած երկրի նախահայրենիքն է: Այ, քեզ պատմական գիտակցություն: Ասաց ի երախտագիտություն այն փաստի, որ Պուտինը «սպիսատ» էր արել իր երկրի պարտքը: Երևի Պուտինի այսպիսի բարեհոգությունն արժեր նման պերճ հաճոյախոսության: Ինչ վերաբերում է Ռուսիո Դաշնությանը և անձամբ` մեծապատիվ Պուտինին, մեր ղեկավարներն էլ շողոքորթությամբ չեն զիջում Աթամբաևին: Բայց Պուտինը, միևնույն է, ջոկողություն է դնում. նույնիսկ գլոբուսի վրա տեղանուն չունեցող սև մայրցամաքի ինչ-որ երկրի պարտքը կզիջի, բայց մեզ` ոչ: Դե, երևի ինքը կարծում է, թե մերոնք մտածում են, որ առանց դրա էլ յոլա կգնան: Մեզ համար այս հարցում կարծես կարևորը Ռուսաստանի արտաքուստ պարտնյոր համարվելն է` գրողի ծոցը, թե իրականում հպատակը չենք: Մեր իշխանավորներն համոզված են, որ այդ կարգավիճակում էլ կարող են տարբեր առիթներով Եվրոպայի հետ «ճարպիկ» խաղերի մեջ մտնել ու չբացահայտված մնալ:

Այն, որ ահագին փողեր են գալիս դրսից ու դրանք նպատակին գրեթե չեն ծառայում, բոլորիս է հայտնի: Բացահայտ է նաև այն, թե դրանք ում գրպաններում են «նստում»: Դրանից էլ ենք տեղյակ: Իհարկե, նրանք նույն մարդիկ են, ովքեր կոռուպցիայի դեմ այս էլ քանի տարի «անհանդուրժողական» պայքար են մղում: Ու այդ պայքարի «արդյունավետության» համար էլ չեն խորշում պահանջվող փողի մասին հայտարարել ի լուր աշխարհի: Բայց այնպես է ստացվում է, որ նունիսկ հիասքանչ հնչող «կոռուպցիայի դեմ պայքարն» էլ կոռուպցիայի միջոցի են վերածել:

Այս էլ քանի տարի է մեր կառավարիչներն հայտարարում են, թե կոռուպցիայի դեմ մրցարշավ են ծավալել, բայց բավական է շուրջներս նայենք, դրանից շոշափելի ու թեկուզ հեռավոր տեսանելիությամբ որևէ բան չի հայտնվի աչքներիս առաջ: Այս մարդիկ գուցե էն տեսակ «քրեական պրոֆիների» պես ձեռնոցներո՞վ են գործում, որպեսզի հետք չթողնեն: Կամ, ասենք, ինչպես ռուսական «բլատնոյ» երգում է ասվում՝ «հոպ-ստոպ, մենք գողտուց ձեզ մոտեցանք»: Մեր օրերում Շուրա Բալագանովի և սագագող Պանիկովսկու «գողությո՞ւն, թե՞ կողոպուտ» թեմային առնչվող բանավեճն անգամ այստեղ անտեղի է, այն պարզապես կորցրել է իր հրատապությունը: Տարբերակների առումով`«Որտեղ ոնց պատահի». սա է ներկայիս բարձրաստիճան գողերի ու կողոպտիչների հիմնական դևիզը:

Հետևում ես երկրի անցուդարձին ու հասկանում, որ պոդիումում իրենց ցուցադրելու ինքնահիացական գործունեության է հանգել իշխանությունների երևութականությունը: Հետն էլ իրենց թվում է, թե մեր աչքից վրիպել են դրանում թաքցրած իրենց «ստրիպտիզի» տարրերը: Մեկ-մեկ կասկածում եմ` գուցե և չի՞ թվում: Հակառակ դեպքում` այս ստրիպտիզյորներն ինչպե՞ս եղավ, որ ազգային ժողովարանում բացարձակ մեծամասնություն կազմեցին: Իսկ նման վիճակագրությունը, ակնհայտ է, որ պատահականորեն չի արձանագրվում: Այնպես որ, նրանց ընտրող քաղաքացիներ, մի դժգոհեք ու մոլորյալի կարգավիճակ ձեզ մի վերագրեք, շիտակ դիրք բռնեք: Օրինակ` ձեզ լրիվ կսազեր գառների լռության պահվածքը: Որովհետև դուք էլ ընտրությունից-ընտրություն կոռուպցիոն ռիսկով պայմանավորված վարք եք ապահովում, այսինքն` թիրախավորվում եք: Այսինքն`տեղն եկած ժամանակ, դուք էլ դեմ չեք միառժամանակ այս կոռումպացված համակարգի տարրական մասնիկը դառնալ: Սրա մասին է երևի պետք մտածել:

Ինչ վերաբերում է կոռումպացված համակարգին, եվրոպաներում էլ կույր չեն, նկատել են դա ու այդ մասին արդեն բարձրաձայնում են հենց Հայաստանում, ինչպես դա արեց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, թե ԿԸՀ-ն՝ առանց քաղհասարակության ներգրավման, ռեյտինգային համակարգը` հարստահարողների փողի տոպրակներով բեռնավորված, ու օրենքները խտրականորեն կիրառող իրավական մարմիններն են մեր քաղաքական կոռուպցիայի բուրգը: Ավելորդ է ասել, որ համակարգը ներկայացնողների համար սրանք անդուր ու գեշ բնորոշումներ պատկերացան: Նման բացահայտումների համար մերոնք դյուրամարսության իմունիտետ են մշակել: Նրանք հո կիսով չափ անմեղսունակ չե՞ն, որ հակահարված չտան «սուտի-մուտի» մեղադրանքներին: Իրենք իրենց դեմոկրատիկ գործիչներ են «օծել», ինչո՞ւ են ուրեմն դրսից հանդգնում իրենց պես «օծյալներին» քննադատության համար թիրախավորել: Մի խոսքով, լծվեցին պնդելու, թե հեչ արժանահավատ չեն հրապարակ նետված քննադատությունները: Դե, սրանց էլ կարելի է հասկանալ` միակուսակցական սիստեմում քննադատությունս ո՞րն է: Դա դեռ կոմունիստական ժամանակներում ենք մենք դասի պես սերտել: Իրենք էլ են դա լավ սերտել: Հիմա, որ ուշադիր նայենք, սրանց մեծամասնությունը կոմպարտիայի փախստականներ են` նոմենկլատուրշչիկներ ու կարիերիստներ: Ոմանք` անգամ ազերիական կոմպարտիայի շկոլան անցած:

Վարչապետը, որ անխոնջ խանդավառությամբ ներգրավվել էր հանրապետականների ընտրարշավին, չե՞ք կարծում, որ հոգնած է երևում կամ, ինչպես կասեր խորհրդարանական ընդդիմադիր երևացող պատգամավորը՝ «անհավես, անէքսպանսիվ»: Բայց կարելի է նկատել, որ մեկ-մեկ կարծես կարողանում է  խանդավառության օրինակներ ցուցադրել: Ինչպես եղավ, օրինակ, «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի Հայաստան կատարած այցի ժամանակ: Էս մեր վարչապետը ոնց որ նրան շփոթել էր ՀՀԿ-ի լիդերի հետ` ռևերանսներ էր անում, ասես` Հայաստանը ոչ թե Հայաստանը լիներ, այլ` «Գազպրոմի» մասնաճյուղը: Սա մի կողմից, իսկ մյուս կողմից` նա գլուխն է գցել, թե ներդրումային ծրագիրն աչքի առաջ ունենալով, մայրաքաղաքում պետք է «Հայկական գյուղ» ազգագրական թաղամաս կառուցել: Անշուշտ, փողաբեր նախագիծ է լինելու` «ատկատները» չբացառած: Գյուղը Երևանում դառնում է թանգարանային նմո՞ւշ: Վրաստանի հետ սահմանամերձ Բավրա գյուղում հնդկաձավարի արտադրություն գործարկած Կորյուն Սմբուլյանը, ում նախաձեռնության մասին բազմիցս արդեն գովասանական խոսքեր են հնչել, այդպես չի գտնում: Նա «խելքի աշեցեքի» մոտեցմամբ, նկատում է. «Էս տեսակ մրցակից ես պատկերացնել ագամ չէի կարող: Ես Բավրան եմ ուզում մայրաքաղաք սարքել, սրանք մայրաքաղաքը` գյուղ»:

Բայց ո՞վ կժխտի, որ Գյումրու Ձորի մայլեն` Արագածի փեշերից հեռու, տիպիկ գյուղապատկերներ չի արտացոլում իր էության մեջ: Ինչո՞ւ, ուրեմն, իրենց «երազած» այդ ազգային ծրագիրն այստեղ չիրագործեն` մեր ավանդական մայլի վիճակը բարելավելու համար, մայլեցիների կյանքում էլ գուցե ինչ-որ բան փոխվեր դեպի լավը: Թե՞ իշխանություններն առաջնորդվում են իրենց կյանքի բարելավման սկզբունքով` ներդրումներ կլինեն արտերկրից, ինչո՞ւ ուրեմն փողի «աղբյուրից» հեռու լինեն: Չէ՞ որ Երևանն ավելի գրավիչ է ներդրումների համար: Իսկ թե ցանկություն լինի, փույթ չէ, Գյումրուց էլ մանրակերտ կսարքեն ու որևէ հնագիտական թանգարանի նմուշ կդարձնեն:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print

1,486