Կոռուպցիոն երեւույթների դեմ` հետեւողական եւ անզիջում պայքար ⋆ «Շրջապատ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոռուպցիոն երեւույթների դեմ` հետեւողական եւ անզիջում պայքար

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հրավիրել էր մամլո ասուլիս, որի  ընթացքում շիրակցի լրագրողներին ներկայացրեց հաշվետվություն՝ իր ղեկավարած կառույցի` 2017 թվականի գործունեության մասին:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է հանցագործությունների 1332 դեպք, որը նախորդ տարվա 1087 դեպքերի համեմատությամբ, խոսում է դրանց աճի մասին: Սպանության քրեական հատկանիշներով գրանցվել է 6 դեպք, որից երկուսը մնում է չբացահայտված: 2017 թվականի հայտնի սպանություններից էր ապրիլ ամսին ռուս զինծառայողին կյանքից զրկելու դեպքը, որի առիթով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել քննչական մարմին: Մարզի տարածքում արձանագրվել է սպանության փորձի 4 դեպք, հարուցվել են քրեական գործեր: Դրանցից մեկը հունիսի 24-ին «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցներին է վերաբերում: Որպես մեղադրյալ ներգրավված են երկու անձ, ովքեր կալանված են: Գործն այժմ գտնվում է դատաքննության փուլում: Քանի որ պարզվել է, որ տուժողի վրա կրակոցներ են արձակել երկու անձ, որոնցից մեկը բացահայտված է, իսկ մյուսը` ոչ, վերջինի ինքնությունը պարզելու համար` քրեական գործից անջատված մասով, նախաքննությունը շարունակվում է:

Սպանության փորձ էր կատարվել «Արթիկ» ՔԿՀ-ում ազատ ռեժիմով դատապարտված Արտակ Դիլանյանի նկատմամբ, երբ վերջինս Գյումրու գիշերային ակումբներից մեկում վիճաբանության մեջ էր մտելՊետրոս Նազարյանի հետ: Այս գործը դատաքննության փուլում է:

Մեկ այլ դեպքում անձը փորձել էր հրկիզել ծնողներին, բայց նրա նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում փաստվել է վերջինիս անմեղսունակությունը:

Նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, բայց առկա է միջին և ծանր վնասվածքներով դեպքերի աճ: Այս ցուցանիշը դատախազին մտահոգել է, և նա համապատասխան միջնորդագիր է ուղարկել ճանապարհային ոստիկանության ստորաբաժանմանը, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեն՝ հետագայում նմանատիպ դեպքերը նվազագույնի հասցնելու և բացահայտելու համար:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճը նույնպես մտահոգության առիթ են տվել մարզի դատախազին: Այս վիճակագրությունում, ըստ նրա, առավել մտահոգիչ են բնակարանային գողությունների և դրանց չբացահայտված լինելու փաստերի աճը: Ուստի հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, հանցագործությունների կատարման նկատմամբ հակում ունեցողներին պահել օպերատիվ տեսադաշտում: Պահանջներ են ներկայացվել Գյումրու, Արթիկի և Մարալիկի համայնքների ղեկավարներին` գործուն քայլեր ձեռնարկել բազմաբնակարան շենքերի տարածքներում տեսախցիկների ապահովման, իսկ շքամուտքերին` հատուկ կոդավոր փականների տեղադրման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում ՇՄ դատախազությունը 43 միջնորդություն է ներկայացրել հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ, որոնց արդյունքում 25 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժերի:

2017-ին պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ: Պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ նախազգուշացվել են 119 անձ, որոնց կողմից կամովին վերականգնվել է 25 միլիոն դրամից ավել գումար: Սրա հետ, շուրջ 19 մլն դրամի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացվել դատարան: Դատախազությունը, ինչպես նշում է  Կ.Գաբրիելյանը, կոռուպցիոն երևույթների դեմ որդեգրել է հետևողական և անզիջում պայքար ու խնդրում է հանրությանը, որպեսզի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների տվյալներ ունենալու դեպքում, անմիջապես արձագանքեն:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ մեկ տարվա ընթացքում դատախազությունը բացահայտել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ: Դեպքերից է` թիվ 38 դպրոցի տնօրենի հաղորդմամբ հարուցված քրեական գործը` նախկին մարզպետի և աշխատակցի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու փաստի վերաբերյալ. «Մենք կատարեցինք բազմածավալ աշխատանքներ, որոնց արդյունքում նշված քրեական գործով վարույթը կարճվեց»: Դատախազությունը հաղորդումներ է ստացել ոստիկանության աշխատակիցների, քննիչների վերաբերյալ, նրանց կողմից ենթադրյալ արարքներ կատարելու մասին, բայց այսօրվա դրությամբ նշված աշխատակիցներին դատի տալու դեպքեր չեն եղել. «Տվյալ անձինք հանդիսանում են պետական հատուկ ծառայություն իրականացնող սուբյեկտներ և նրանց վերաբերյալ գործերը քննվում են հատուկ քննչական ծառայությունում»:

Անդրադառնալով Շիրակի պետական համալսարանում կատարվող ենթադրյալ չարաշահումների մասին բարձրաձայնումներին, դատախազը նկատեց, որ այս դեպքում հանցակազմ չկա` «Բայց կատարվում են ուսումնասիրություններ, բազում հարցումներ են արվել, որոշ մասի պատասխանները ստացել ենք, որոշինը` ոչ, նաև լրացուցիչ հարցումներ են արվում: Վերջնական արդյունքներ ունենալու դեպքում` դրանք կհրապարակվեն»: Իսկ, թե ի՞նչ սկզբունքով է սահմանվում պրոռեկտորի աշխատավարձի չափը և արդյո՞ք տրամաբանական է, որ նա ամսեկան վարձատրվի շուրջ կես միլիոն դրամի չափով հարցին, դատախազը պատասխանեց. «Որքան գիտեմ, դրույքաչափի սկզբունքով է վարձատրվում, այդ փաստով ևս ուսումնասիրություն ենք տանում, թե արդյո՞ք աշխատավարձերի չափերն իրավաչափ են»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print

406