Կուրությունից փրկված ամերիկաբնակ բարերարի «աչքի լույս» նվերը Գյումրուն ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կուրությունից փրկված ամերիկաբնակ բարերարի «աչքի լույս» նվերը Գյումրուն

«Շրջապատի» նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում հիմնվելու է ակնաբուժական կենտրոն: Այն արդեն իրականություն է. սեպտեմբերի 27-ին Գյումրու բժշկական կենտրոնում բացվեց Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը: Բացմանը ներկա էին ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր, ՀԱՆ-ի ղեկավարությունն ու բարերարները, ՀՀ առողջապահության նախարարության, հանրապետության առողջապահական համակարգի և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ:

Նշենք, որ մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» 5-ամյա ծրագիրն է, որի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար: Այս կենտրոններն անվճար բուժելու են սոցիալապես անապահով բնակչությանը, ինչպես նաև վճարովի ծառայություններ են տրամադրվելու վճարունակ բնակիչներին:

Գյումրու ԲԿ-ի ակնաբուժական կենտրոնը հագեցած է վիրահատական և ակնային զննման նորագույն սարքավորումներով, ինչը ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա: Իսկ վիրահատություններն իրականացնելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալյանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով, անհրաժեշտության դեպքում, տեղի բուժանձնակազմը կարող է տեսակապ հաստատել Ս.Վ.Մալյանի անվան կենտրոնի հետ և վիրահատությունների ընթացքում խորհրդակցել:

ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը մեր հետ զրույցում ներկայացրեց նախագիծը և բնական համարեց, որ 5 մարզերի թվում պետք է, որ Շիրակի մարզն ընտրվեր, մանավանդ Գյումրին, որտեղ կա Բժշկական կենտրոն, որը, ճիշտ է, ուներ ակնաբուժական բաժանմունք, սակայն բարձրակարգ վիրահատություններ իրականացնելու հնարավորություն չուներ: «Այդ իսկ պատճառով բանակցություններ են ընթացել բարերարների հետ, և մեկը համաձայնեց, որպեսզի Գյումրիում հիմնվի ակնաբուժական կենտրոն՝ վիրահատական և զննման ամբողջական ցիկլով: Մոտ մեկ միլիոն դոլար է ծախսվել, որպեսզի կենտրոնն ապահովվի ամեն ինչով և փակի 3-5 տարվա գործունեությունը, նաև Գյումրու ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանի հետ պայմանագիր կկնքվի, որպեսզի մշտական ապահովեն բժշկական պարագաներ, ակնաբուժական անհրաժեշտ սարքեր»,- ասաց Նունե Եղիազարյանը:

Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀԱՆ նախագծի երկարամյա բարեկամ և հովանավոր Լութեր Ջոն Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ: Նորաբաց ակնաբուժական կենտրոնը կրում է բարերարի հոր՝ Օհաննես Ջոն Խաչիկյանի անունը։ Բացմանը, ցավոք, ներկա չէր 82-ամյա բարերարը, սակայն մենք զրուցեցինք նրա ազգականի՝ Վահե Խրոյանի հետ: Նա պատմեց, որ բարերարն իրեն խնդրել է, որ ինքը հանդես գա իր կողմից. «Իմ մորս կողմեն մեծ հայրը և Լութերի հոր կողմեն մեծ հայրը կուզեններ են եղած, և ես ու Լութերը կուզեններ ենք: Ինքն ալ պիտի գար, բայց չկրցավ գալ… Լութերը գործարար է՝ ռիելթր»: Ապա պատմեց, որ դեռևս 1914-ականներին Ցեղասպանությունից փրկված մեծ մաման ու եղբայրը մազապուրծ փախել են: ԱՄՆ-ում զբաղվել են հողագործությամբ, և այս գիծը սերնդե սերունդ փոխանցվել է: Լութեր Խաչիկյանն իր աշխատասիրությամբ դարձել է խաղողի և նուշի տունկի Կալիֆորնիայի ամենամեծ ֆերմերներից մեկը: Նա զբաղվել է նաև տների առուվաճառքով: «Իր սերն ու փափագն էր աչքի լուս տալ ուրիշներուն… ուզած է սրտանց էնե…Ինքը պզտիկուց 30 տարեկան աչքի հարց ունեցած է, ադիկա դեպի կուրություն կտաներ և, փառք Աստծո, վիրաբուժական միջամտությամբ աչքերը տեսան: Եվ ադիկա իր մեջ սեր և գուրգուրանք ստեղծած է: Եվ երբ որ այս հարցը եղավ, իրեն հարցրի՝ ինչո՞ւ կուզես օգնել երեխաներին, ասաց՝ երբ որ կտեսնեմ հայ երիտասարդներուն անուշիկ, սև աչքերը, իմ աչքերը արցունք կլցվեն»,- պատմեց Վահե Խրոյանը։

print
336