Համայնքների խոշորացման եւ պոլիտբյուրոյի որոշումների համատեղելիությունը ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համայնքների խոշորացման եւ պոլիտբյուրոյի որոշումների համատեղելիությունը

«Համայնքների խոշորացում. ավելի արդյունավետ կառավարում, թե՞ նոր մարտահրավերներ» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին գյուղապետեր և քաղհասարակության ներկայացուցիչներ: Խնդրահարույց երևույթի շուրջ պարզաբանումներ տվեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական կառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ ՇՄ և ՀԳՄ վարչության պետ Արամ Անտոնյանը: Ընթացքում պետական պաշտոնյաները խոսեցին խնդրի լուծման դրական նախադրյալների մասին: Մասնավորապես` Շիրակի մարզի խոշորացվող համայնքներում առկա դժգոհություններն այս առնչությամբ դեռևս չի նշանակում, թե ծրագիրը անհաջողության է մատնվելու, վկա` արդեն իսկ որոշ խոշորացվածների կարճաժամկետ փորձը: Եվ ամենակարևորը ծրագիրը փող տնտեսելու խնդիր չունի և այն բաժանվելու է համահարթեցման սկզբունքով:

Շեշտվեց նաև, որ Շիրակի մարզում ևս այդ փորձն առկա է, բայց, ցավոք, փորձի պտուղները վայելող համայնքներից ղեկավարներ չէին եկել, որպեսզի այս մասին հավաստեին: Սակայն, փույթ չէ, իմիջիայլոց նշեց Ա.Գիլոյանը, կարելի է գնալ այդ համայնքներ և անձամբ համոզվել իր խոսքերի ճշմարտացիության մեջ: Այնպես որ, կառավարությունը գնալու է մինչև վերջ և հաջորդ տարի հանրապետությունում կունենանք ամբողջապես խոշորացված համայնքներ: Ներկաների մոտ հարց ծագեց, թե «մինչև վերջ գնալու» կառավարության անշեղ գծի կիրառման դեպքում, քննարկման արդյունավետության մասին խոսելն արդյո՞ք ավելորդ չէ:

Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի դիտարկմամբ, խնդրին այսպիսի մոտեցմանը ավելի շուտ կարելի էր վարչահրամայական բնորոշումը տալ, որովհետև` «Էն գլխից արդեն որոշված է եղել, թե ինչ պետք է լինի: Իսկ այն, ինչ հնչեց ձեր խոսքում, կարելի է հենց դրա ինքնախոստովանական ցուցմունք գնահատել: Եվ լավ կլիներ նաև այն փաստին անդրադառնալ, թե ինչու՞ չի եկել խոշորացված համայնքի ղեկավար: Ես, որպես քաղհասարակության ներկայացուցիչ, նրանց մեկ առ մեկ զանգել եմ, որպեսզի գան և հավաստիացնեն, թե իրենց մոտ ինչպիսի հաջողություններ են արձանագրվել: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել այդ համայնքներում և ասել, թե այնտեղ մեծ փոփոխություններ կան, ճիշտ չէր լինի, նույն խնդիրներն են առկա: Միջհամայնքային միավորումներ ստեղծելիս, հաշվի առնվե՞լ են բոլոր համայնքների ռեսուրսներն առանձին-առանձին»:

Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանի մտահոգությունն է, որ, ըստ նպատակահարմարության, հիմնականում հողագործությամբ զբաղվող համայնքի սեփականություն հանդիսացող հողեր, կարող են հայեցողաբար տնօրինվել: Նա գտնում է, որ դրական արդյունքների ակնկալման համար, լավ կլիներ, որպեսզի բնակիչների իրազեկման և նրանց առաջադրած հարցերին պատասխաններ տալու համար, համայնք այցելեին պատասխանատուները: Միաժամանակ` տեղում ծանոթանային բնակիչների մտահոգություններին:

Մոտ 2 հազար բնակիչ ունեցող, հինգ ամիս առաջ ընտրված Արևիկի համայնքապետ Վարդգես Մելքոնյանը նշեց, թե իրենց մոտ տեղական բյուջեն բաշխվում է արդյունավետ, իսկ այն դեպքում, երբ խոշորացված համայնքի կազմում են, կասկած չունի, որ ավագանու կազմը հիմնականում կլինի Ախուրյանից, արդեն հարցականի տակ կդրվի բաշխման արդյունավետության հարցը: Այսպիսի ավագանին, պարզ է, որ անտեղյակ լինելով փոքր համայնքի խնդիրներին, չի փորձի խորանալ դրանցում:

Համայնքապետերին նաև հուզում էր հաստիքների հավանական կրճատումների հարցը: Ա.Գիլոյանը նշեց, որ, իսկապես, համայնքապետարանները կլուծարվեն, բայց հուսադրեց, որ հանրային ծառայություններում ներգրավված աշխատողներին դա չի առնչվի, ընդհակառակը` այստեղ հնարավոր է անգամ հաստիքների ավելացում: Հաստիքների վերաիմաստավորմամբ պետք է առաջնորդվել. «Ասենք` հաշվապահը, որ առանձնապես մեծ անելիք չունի, նրա ստացած մեծ գումարը բաշխենք ագրոնոմ, բժիշկ և այլ կարևոր մասնագետներ ունենալու համաչափությամբ»:

Ըստ «ԲիոսոՖիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանի, այս նոր կառավարման համակարգը ոչ միայն առկա խնդիրների լուծմանը կոչված չէ, այլև հետագա բարդացումների նախադրյալ է ստեղծում: Նրա դիտարկմամբ, խոշորացմամբ համայնքի սեփականության իրավունքի երաշխավորությունը չի ապահովվում, ինչը դեմ է նաև սահմանադրական համապատասխան դրույթին: Մյուս կողմից, եթե մինչ համայնքների խոշորացումը, այն ճանապարհները, որոնք միջհամայնքային էին համարվում, կդառնան ներհամայնքային և դրանց հետ կապված խնդիրները կծանրանան հենց այդ համայնքների ուսերին: Այսինքն` այս ամենի ետևում մի հստակ գիծ է զատորոշվում. «Պետությունը հնարավորինս սակավ գումարներ ուղղորդելով համայնքներ, ուզում է ձեռքերը լվանալ, տեղական մակարդակով տարբեր որոշումներ կայացնելու և ներդրումներ անելու գործընթացներից իրեն զերծ պահելով: Մի պատկեր է նաև արդեն գծվում` բիզնեսի ոլորտն է տարածում գտնելու»: Համաշխարհային փորձն էլ ասում է, որ համայնք հասկացությունը վերաբերում է մարդկանց` սոցիալ-մշակութային առանձնահատկություններով, ոչ թե տարածքին, ուստի սա հաշվի չառնելու դեպքում, այդ սկզբունքն է խախտվում: Ուստի, ոչ թե պետք է այդ միավորումն համայնք կոչել, այլ` բնակավայր, իր վարչատարածքային բաժանմամբ: Ա.Գիլոյանը նախընտրեց համայնքների կոնսոլիդացիա եզրույթը:

Գ. Պետրոսյանին մտահոգում էր նաև սահմանամերձ գյուղերի դատարկման հեռանկարը խոշորացման դեպքում: Մարդիկ ձգտելու են կենտրոններում բնակություն հաստատելու, որտեղ բարեկեցության մակարդակն համեմատաբար բարձր է:

Ժողովրդագետ Արտաշես Բոյաջյանն այս գործընթացն համեմատեց խորհրդային տարիների կոլեկտիվացման գործընթացի հետ, որը միանգամայն բացասական  հետևանքների հանգեցրեց: Ա.Գիլոյանը պատասխանեց, թե ինքն էլ է ծնունդով գյուղից և շատ լավ հասկանում է գյուղացու դարդը, այս առումով` դասեր առնելու կարիք չունի: Նա հիմնավորապես բացատրեց, որ այս ծրագիրը մշակելիս, իրենք ուսումնասիրել են նաև խորհրդային տարիների պոլիտբյուրոյի որոշումները՝ հիշեցնելով ներկաներին, որ այո, այն ժամանակ գյուղերի «փակման» լոգիկայով, Հայաստանն ունեցավ Չարենցավան, Քաջարան, Աբովյան և այլն: Ի՞նչ վատ էր:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

print
1,145