Համատիրությունները դեռ գումարները չեն ստացել ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Համատիրությունները դեռ գումարները չեն ստացել

Դեռևս հունիսի 5-ին Գյումրու ավագանին որոշում էր ընդունել՝ համայնքի թվով 18  համատիրություններին հատկացնել սուբսիդիա՝ 14 միլիոն դրամ, ծախսվելու է համատիրությունների կողմից սպասարկվող թվով 76 բազմաբնակարան շենքերի կտուրների,  պատուհանների, մուտքերի դռների վերանորոգման և այլ խնդիրների լուծման համար: Գումարի ամենամեծ մասը հատկացվել է «Գյումրի կենտրոն» համատիրությանը՝ 5 մլն դրամ, «Նոր Անի» և «Երևանյան 155» համատիրություններին համապատասխանաբար՝ 3 մլն և 1 մլն դրամ, մյուս համատիրություններին կհատկացվեն 800 հազարից մինչև 100 հազար դրամ: Սակայն մինչ օրս գումարները համատիրություններին չեն հասել:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ՝ Վարդգես Սամսոնյանը «Շրջապատի» հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու գումարները չեն տրամադրվել համատիրություններին. «Պայմանագրի և նախահաշվի թղթերն են պատրաստվում, մի քանի օրից երևի արդեն փոխանցումը կկատարվի: Հիմնականում կտուրների վերանորոգման վրա են ծախսվելու այդ գումարները: Նվազագույն հնարավորությունների սահմաններում նորոգվելու են: Մոտ օրերս երևի արդեն գումարները բաց թողնենք:

Վերանորոգվող շենքերի ընտրությունը կատարվել է համատիրությունների ղեկավարների կողմից: Ընտրվել են այն շենքերը, որոնք անհապաղ վերանորոգման կարիք ունեն կամ վթարայնության խնդիր կա: Ըստ «Գյումրի կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանի, իրենց համատիրության ենթակայության տակ կա 101 շենք, որոնք վերանորոգման կարիք ունեն, սակայն  ընտրվել է 9-ը:

Համատիրությունների ենթակայության տակ գտնվող գրեթե բոլոր շենքերում վերանորոգման և այլ աշխատանքների անհրաժեշտություն կա, սակայն դրանք տարիներ շարունակ գումարների բացակայության պատճառով չեն վերանորոգվում: Բնակիչները համատիրությանը գումարներ չեն վճարում՝ մտածելով, թե նպատակին չեն ծառայելու: Կան բնակիչներ, ովքեր պարտաճանաչ վճարում են, սակայն տարիներ շարունակ կտուրի և այլ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում:

Վարդգես Սամսոնյանը նշում է, որ համատիրությունները լուրջ խնդրի առաջ են կանգնում հատկապես բնակիչներից գումարների հավաքագրման հարցում: Կան համատիրություններ, որոնք մոտ 50 տոկոսով են կարողանում տարեկան հավաքագրում կատարել. «Հավաքագրման խնդիր կա, բացականերն են շատ կամ վճարունակ չեն: Բնակչի հետ հանդիպում ենք, վստահեցնում ենք, որ մենք այդ գումարով այս կամ այն խնդիրը հաստատ կլուծենք, բայց էլի հասկանում ես որ բնակիչն ի վիճակի չէ վճարելու: Համատիրություն կա՝ հավաքագրում է մինչև 100 տոկոս, համատիրություն էլ կա՝ մինչև 50 տոկոս»:

Խրիմյան Հայրիկ փողոց, թիվ 40 հասցեի շենքը «Գյումրի կենտրոն» համատիրության ենթակայության տակ է: Այն ևս գտնվում է վերանորոգման ենթակա շենքերի ցանկում, սակայն բնակիչներն անհանգստացած են: «Մենք պարտաճանաչ վճարում ենք գումարները, բաց չենք տեսել, որ բերեն վերանորգեն կտուրը, այն ահավոր վատ վիճակում է: Իմացել ենք նաև, որ մեր կտուրը հնարավոր է վերանորոգեն օգտագործված թիթեղներով, ինչին մենք դեմ ենք, քանի որ հնարավոր չէ օգտագործված շինանույթը օգտագործել նորի տեղ»,- դժգոհեցին բնակիչները:

Քաղաքապետարանի  պաշտոնյան վստահեցնում է, որ գումարների հատկացումից հետո, իրենք անձամբ կհետևեն աշխատանքների ընթացքին և կվերահսկեն ծախսվող գումարները:

Հ.Գ. Նշենք, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է համատիրություններին հատկացվող գումարի չափը: Եթե նախորդ տարիներին  հատկացվել է մոտ 25 մլն դրամ, ապա այս տարի՝ 14 միլիոն:

Է.ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ

print
1,033