Համեցեք «Արեգակ» փուռ-սրճարան ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համեցեք «Արեգակ» փուռ-սրճարան

Այս սրճարանը մտնելով, հենց առաջին պահից կզգաք հաճելի ու հանդարտ միջավայրի դրական ազդեցությունը, հոտառական զգայարանդ նրբորեն շոյվում է թարմ թխված հացաբուլկեղենի անուշաբույրով: Ցուցափեղկերի հետևում կոկիկ, բազմազան ու թարմ հացաբուլկեղենն ու թխվածքեղենն է ձգում, իսկ ավելի ձգողական է ցուցափեղկի հետևում կանգնած արև ճառագող ժպիտով քեզ նայող երիտասարդների՝ «Բարև Ձեզ: Ի՞նչ կկամենաք…»-ը:

Գյումրու Աբովյան 242 հասցեում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի և Գյումրիում Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի, «Կարիտաս Ավստրիայի» ներկայացուցիչ Վալտեր Շմոլի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանի, մարզային ու քաղաքային իշխանության, պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում ինքնատիպ՝ ներառական «Արեգակ» սրճարան-փռի բացումը:

Մինչ սրճարանի պաշտոնական կարմիր ժապավենի կտրումը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը ողջունեց, շնորհավորանքի խոսքեր ասեց և հայրապետական օրհնությամբ կիսեց մեծ հացի փոքրիկ պատառը…

Ի դեպ, սրճարան-փռում աշխատելու են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդները և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները: Եվ իզուր չէր, որ ելույթ ունեցողներն իրենց բարեմաղթանքի խոսքերն ասելուց պետք է կարևորեին նմանատիպ հաստատությունների հիմնումը, ինչը աշխատելու, զբաղվածություն ունենալու և ինքնադրսրևորվելու մեծ հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցողներին: Սա «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների աջակցության ռեսուրս կենտրոնի ծրագիրն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 300 հազար եվրո, որի շուրջ 90 տոկոսը տրամադրել է Եվրոպական Միությունը, մասնակցություն են ունեցել նաև «Կարիտաս Ավստրիա»-ի և Ավստրիայի զարգացման գործակալությունը:

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նախ ասաց. «Ես միշտ Գյումրին համարում եմ ամենաեվրոպական քաղաքը Հայաստանում, ներողություն Երևան, ու կարծում եմ, որ այս հրաշագործությամբ Գյումրին ավելի եվրոպական կդարձնենք: Ուրախ եմ, որ իմ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում մենք առաջ ենք տարել սոցիալական ձեռներեցության գաղափարը: Վերջին ամսվա ընթացքում սա 3-րդ նախաձեռնությունն է: Այս սրճարանով, ճիշտ է, մեծ թվով աշխատատեղեր չենք ապահովում, սակայն այն կարող է դոմինոյի էֆֆեկտ ունենալ: Ծրագիրը կոչված է ոգեշնչելու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց: Եվրոպան ունի այն հիմնական գաղափարը, որ հասարակությունում չի կարող լինել երկրորդ դասի շերտ։ Գաղափարն այն է, որպեսզի մենք կարողանանք խրախուսել մարդկանց, որպեսզի իրենք հասկանան, որ հասարակության լիարժեք մաս են կազմում: Մենք շատ էինք կարևորում, որ նախագիծն հենց Գյումրիում իրականացվեր, որպեսզի այն դառնա ներառական քաղաքի օրինակ»:

Ապա Պյոտր Սվիտալսկին իր անձնական կյանքի հիշողություններից մեջբերում արեց. «Իմ պապիկի հայրը հացթուխ է եղել և 100-110 տարի առաջ ունեցել է փուռ։ Նա մահացել է 1942 թվականին՝ գերմանական ճամբարում: Նրա փուռը, ամբողջ բիզնեսն ազգայնացվել են իշխանությունների կողմից։ Հացն իմ կյանքում շարունակում է մեծ արժեք ունենալ, հացն ամեն ինչի սկիզբն է ու վերջը։ Եվ պիտի ասեմ, որ Սվիտալսկիների ընտանիքը շարունակում է պահել հաց թխելու ավանդույթները»: Ապա կատակով դեսպան Քիսլերին ուղղեց խոսքը, թե. «այդուամենայնիվ, մենք ավելի լավ հաց ենք թխում» (նկատի ուներ այն, որ դեսպան Քիսլերը ևս սերում է հացթուխների ընտանիքից,- հեղ.):

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը նշեց.  «Աշխատանքն արժանապատիվ կյանքի գրավականն է: Եվ որքան էլ կարևոր լինի բարեգործությունը, ավելի շատ կարևոր է իրավունքի իրացման հնարավորությունը: Ցավոք, պետք է նշեմ, որ Հայաստանում պետությունը բավական ուշացել է հավասար հնարավորություններ ստեղծելու իմաստով: Մենք պետք շատ անելիքներ, ավելի մեծ քայլեր անենք՝ ավելի մեծ ներդրումներով, որպեսզի կարողանանք մեր բացթողածը լրացնել: Կարևորում եմ այս իմաստով համագործակցությունը համայնքի, կառավարության, հասարակության և միջազգային կառույցների միջև: Մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը, և պետք է ուղղակի պատասխանատվություն կրենք հավասար հնարավորությունների նվազագույն պայմաններ ապահովելու համար: Գյումրեցիներին կոչ եմ անում՝ նման արժեքները կարևորեն»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց գյումրեցիներին. «Սա Գյումրիում մի շատ կարևոր միջոցառում է: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կարիտասցիներին, ովքեր մեծ աջակցություն են ցուցաբերում Գյումրիին, նաև՝ Եվրամիությանը: Սա մի կենտրոն է, որի կարիքն ու անհրաժեշտությունը կար: Գյումրիում նման սրճարանի առկայությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդներին նոր հնարավորություններ է ընձեռնում»:

«Շնորհակալություն այսօրվա համար, քանի որ այսօրը ոչ միայն ինձ համար է պարգև, այլ բոլորի: Այսօրով մենք հաստատեցինք, որ պատրաստ ենք փոխել մեր մտածողությունը, մեր վերաբերմունքը և հավատալ նրան, որ գոյություն չունի սահմանափակ կարողություն հասկացողությունը: Սա յուրաքանչյուրի համար դարձավ ապացույց, որ բոլորն ամենակարող են և բոլորը կարող են անել այն, ինչ ցանկանում են: Այսօրվանից սկսվեց ներառականության կերտումը Շիրակի մարզում, և սա օրինակ է ողջ հանրապետության համար»,- ընդգծեց Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը:

print
2,620