Հայաստանի առաջնությունն ուժերի դրսեւորման հիանալի փորձաքննություն է ⋆ «Շրջապատ»
ՍՊՈՐՏ

Հայաստանի առաջնությունն ուժերի դրսեւորման հիանալի փորձաքննություն է

Հայաստանի լողի առաջնության նախաշեմին գյումրեցի լողորդները ներգրավվել են հիմնական մարզումային գործընթացում: Պաշտոնական մրցաշարի առանձնահատկությունն այն է, որ տարբեր լողաոճերում հաղթանակը հնարավորություն կտա ընդգրկվելու Հայաստանի հավաքականի կազմում: Պատանիների ու աղջիկների համար միշտ էլ այս տարիքային առաջնությունն անկանխատեսելի է, քանի որ լող մարզաձևում ամեն օր պարտավոր ես ապացուցելու քո գերակայությունը մրցակիցների նկատմամբ: Փոքրաթիվ մարզիկ-մարզուհիների կազմի հետ աշխատում են Գյումրու ջրային մարզաձևերի մարզադպրոցի ուսումնական մասի վարիչ, փորձառու մասնագետ Հովհաննես Մելքոնյանն ու ևս մեկ հնաբնակ մարզիչ Հրանտ Մխիթարյանը:

— Ապրիլի 27-29-ը Երևանում կայանալու է Հայաստանի լողի առաջնությունը: Մենք մասնակցելու ենք ընդամենը 6 մարզիկով: Իհարկե, հնարավորություններ ունեինք շատ երեխաների տանելու, ուղղակի, շատերը լավ պատրաստված չեն: Տանում ենք աշխատանքներ ու մեր պատվիրակներն ամեն ինչ կանեն մրցանակային տեղերի պայքար մղելու համար: Երևանցիների հետ դժվար է համեմատվելը, քանի որ նրանք ամբողջ տարին մարզվում են, իսկապես ուժեղ են, այդուհանդերձ, չենք վհատվում ու կփորձենք լավ արդյունքներ գրանցել,- «Շրջապատի» հետ զրույցում նշեց Հովհաննես Մելքոնյանը:

Մեր առաջատարը Անի Մանուկյանն է, որ արդեն Հայաստանի առաջնության մասնակցության փորձ ունի, սակայն շատ է ցանկանում այս ստուգատեսում նվաճել ոսկե մեդալ: «Հայաստանի առաջնություններում ստացած արծաթե մեդալներ շատ ունեմ: Էլ չեմ ուզում այդպիսի մրցանակ: Ամեն ինչ կանեմ, որ չեմպիոն դառնամ և ուրախացնեմ մեր քաղաքի լողի սիրահարներին», — ասաց Անին:

Մյուս լողորդները նույնպես մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց մասնակցությանը: Ցանկությունը մեծ է: «Ինձ դեռ չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել Հայաստանի աղջիկների առաջնություններում, թեև հանրապետական այլ մրցաշարերում մեդալներ ունեցել եմ: Այս առաջնությունում ուժերս փորձելու եմ «դելֆին» լողաոճում ու ամեն ինչ կանեմ մրցանակային տեղ զբաղեցնելու համար, թեև հասկանում եմ, որ բարդ պայքար է սպասվում», — ասաց Նելլի Խարաջյանը:

«Շատերն ինձանից այսօր մրցանակներ են ակնկալում: Հանդես եմ գալու թիկնալող և ազատ ոճ մրցաձևերում ու կաշխատեմ ուժերս ճիշտ տեղաբաշխել ու մրցանակային տեղերով հետ վերադառնալ՝ հանուն մեր մարզադպրոցի ու մեր սիրելի քաղաքի»,- Նելլիին լրացրեց մեդալների համար մղվող պայքարի ևս մեկ հավակնորդ Ավետիք Վարոսյանը:

Մարզիչ Հովհաննես Մելքոնյանը խոստում չի տալիս: Լավ է հասկանում մայրաքաղաքի գերակայությունը, կլոր տարին մարզվելու հնարավորությունները: Անգամ խորհրդային տարիներին էլ մյուս տարածաշրջանների նկատմամբ լողի բոլոր ոճերում երևանցիները միշտ ունեցել են առավելություն: Այո, ինչպես միշտ, այս անգամ էլ բոլոր լողաոճերում առաջատար մարզիկ-մարզուհիներ են համարվելու մայրաքաղաքի պատվիրակները: Միայն ազգային հավաքականի մարզչական շտաբի ներկայությունը բավական է լողորդներին վստահություն հաղորդելու համար: Իսկ Գյումրին հանդես է գալու «Լավ է քիչ, բայց՝ որակով» կարգախոսով:

Մարզադպրոցի տնօրեն Վարազդատ Ոսկանյանն էլ խոսեց Շիրակի մարզի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին: «Բազմաթիվ հարցեր են կուտակվել, հիմնականում գազի ու ջրի վարձավճարների հետ կապված: Եթե այդ հոգսերի որոշակի մասն իր վրա վերցնի ֆեդերացիան, շատ ավելի դյուրին կլինի մյուս խնդիրները կարգավորելը: Հիմա գլխավորը Հայաստանի լողի առաջնությունից մեդալներով վերադառնալն է: Եթե որևէ լողաոճում մեր 6 պատվիրակներից գոնե մեկին հաջողվի կանգնել հաղթողի պատվանդանին՝ կարելի է արդյունքները գերազանց համարել: Ամեն ինչ կախված է մեր մարզիկ-մարզուհիներից»,- նշեց տնօրենը:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ

print

701