Հայաստանն Իսրայելի օրինակով բանակը պետք է դարձնի նաեւ գիտության եւ կրթության օջախ ⋆ «Շրջապատ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն Իսրայելի օրինակով բանակը պետք է դարձնի նաեւ գիտության եւ կրթության օջախ

Վերջերս ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Թեմայի վերաբերյալ «Շրջապատը» զրուցել է քաղաքագետներ ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ և ՀԱՅԿ ԲԱԼԱՆՅԱՆԻ հետ:

Գեղամ Նազարյան. «Միանշանակ այս օրինագիծը մեկ կամ, եթե կուզեք, կես քայլ առաջ է դեպի արդարության հաստատման ճանապարհին, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք, ովքեր նախկինում բանակում հայտնվելուց խուսափելու համար բարձր գնահատականներով համալսարաններում չէին հայտնվելու, հիմա էլ ջանք ու եռանդ չեն խնայի ծանր հիվանդությունների մասին նշումներով խուսափել բանակից: Այնպես որ, պետք է հետևողական լինել և վերահսկել նաև բժշկական հանձնաժողովների աշխատանքը: Միանշանակ սխալ է այն պնդումը, թե բանակ գնալուց հետո երիտասարդները չեն ցանկանա զբաղվել գիտությամբ: Սուտ է, զբաղվողը, սեր ունեցողը միշտ էլ կզբաղվի: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը լավն են։ Դրանք արվել են, որովհետև դրա կարիքը կա։ «Ես եմ» ծրագրին զուգահեռ ինչո՞ւ չունենալ «Մենք ենք» ծրագիրը, որը կպարտադրի մինչ այս պահը լրիվ օրինական տարկետումով չծառայածներին մասնակցել պահեստազորի պարտադիր հավաքների՝ զորամասերում, դիրքերում։ Իսկ նրանք, ովքեր գոռում-գոչում էին գիտության մասին, թե իբր օրինագիծը վնասում է գիտությանը, թող նախաձեռնեն խորքային քննարկումներ մեր կրթական համակարգի, գիտության որակի վերաբերյալ: Ուրեմն՝ խոսենք բաց՝ ի՞նչ գիտության մասին է խոսքը, ո՞ւր է այդ գիտությունը, ո՞ր բուհում է զարգանում գիտությունը, ո՞ր ակադեմիական ինստիտուտում։ Ամենակարևորը, Հայաստանն Իսրայելի օրինակով բանակը պետք է դարձնի նաև գիտության և կրթության օջախ: Եկեք մտածենք այս մասին և ոչ թե հերոսացնենք կես օր իբր դասադուլ անող, բայց դաս չսովորողներին»:

Հայկ  Բալանյան. «Ուսանողներին ծառայելու տարկետումից զրկելուն ես կողմ եմ: Բացառություններ տեսականորեն կարելի է անել՝ բացառիկ շնորհաշատ երիտասարդների համար, սակայն նկատի ունենալով մեր վարչարարության ադեկվատությունը, նույնիսկ այդ դրույթը պահել պետք չէ, քանի որ մենք գիտենք, թե ովքեր են այդ լծակով ազատվելու:

Եթե գիտության մասին են խոսում, ապա անհրաժեշտ է բարձրացնել կրթության և գիտության ֆինանսավորման հարցը: Վերլուծաբան Արմեն Գրիգորյանը ներկայացրել է որոշ թվեր: 2018 թվականին պետական բյուջեի նախագծով կրթության ծախսերը 2017 թվականի համեմատ կնվազեն 712.4  մլն դրամով։ Եթե 2016-ին կրթության ֆինանսավորումը փաստացի կազմել է ՀՆԱ-ի մոտ 2,4%-ը, 2018-ին կկազմի 2,17 %-ը։ 2007-2016 թվականների ընթացքում կրթության բյուջեի փաստացի ծախսերի տեսակարար կշիռը 15%-ից իջել է մոտ 8,5%-ի:

Համեմատության համար նշենք, որ կրթության ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ, ասենք, Նեպալում 3,4%, Սենեգալում 3,6%, Կամերունում 3,8%, Գաբոնում 3,9% են կազմում: Այ, թե ինչի մասին է պետք խոսել: Նաև, եթե բանակի մասին է խոսքը, ապա պետք է խոսել այն մասին, որ հոգեկան առողջության խնդիրներով ազատվածներն հետագայում չկարողանան պետական պաշտոններ զբաղեցնել, մեքենա վարելու իրավունք ունենան, որ գիտության և կրթության ոլորտների կառավարումը չի համապատասխանում արդի պահանջներին, որ գիտնականները երկրից արտագաղթում են, որ կրթության ոլորտը մնում է ամենակոռումպացվածներից մեկը: Իսկ եթե պայքար է գնում, որ բանակից ազատման հետևանքով Ուգանդայից պակաս գիտական արտադրանք տրվի, ապա նման պայքարը դատապարտված է: Էլի հիմնականում ազատվելու են այն մարդիկ, որոնք գիտությանը մոտ չպետք է գնան: Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն, այս իմաստով, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և զորակոչն ապահովելու համար են: Ավելի մեծ կոնտեքստով՝ ՊՆ-ի գործառույթներից դուրս, ցավոք խոսակցություն չգնաց»:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ

print

2,410