ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

«Հայաստանում կան վատ պայմաններով մարզադպրոցներ, բայց մեր մարզադպրոցի պես վատ վիճակ ոչ մի տեղ չկա»

Հարցազրույց ըմբշամարտի վաստակաշատ մարզիչ, սպորտի վարպետ ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Ալեքսանյան, ամեն անգամ Ձեզ հետ զրույցը սկսում ենք երկար տարիներ ձգձգվող, չարչրկված հարցից. ե՞րբ է կառուցվելու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի» շենքը: Էլ՛ կառավարություն, է՛լ Օլիմպիական կոմիտե, է՛լ բարերարներխոստումներ, խոստումներ, բայց արդյունքում՝ «սայլը տեղից չի շարժվում»:

— Նախավերջին տեղեկությունից սկսեմ. երբ մենք պատրաստվում էինք գնալ աշխարհի առաջնության, մեր մարզի օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները, մրցանակակիրները հավաքվեցին, նախաձեռնեցին նամակ-հարցում կառավարությանը, թե վերջապես երբ է մեր մարզադպրոցի վերականգնման հարցը առաջ գնալու, կամ ի՞նչ կարգավիճակ ունի: Եվ մեկնելուց առաջ ես տեղեկություն ստացա, որ նամակին քաղաքաշինության փոխնախարարն էր պատասխանել, որում մասնավորապես ասված էր. «…այդ մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները պլանավորվում են 2020-2022թթ. ծրագրերի մեջ, եթե նորից ձեր կողմից՝ Շիրակի մարզից լինի առաջարկ՝ մտցնելու առաջնահերթ ծրագիր, և գումարների առկայության դեպքում»… Դուք նկատեցի՞ք որքան «եթե»-ների ու հարցականների դեպքում:




Դա այսօրվա՞ իշխանության պատասխանն է:

— Այո, այս պահի դրությամբ փոխնախարարի պաշտոնակատար է, բայց պատասխանն եկել է հոկտեմբերի կեսերին: Եվ, երբ վերադարձանք աշխարհի առաջնությունից, ես հանդիպեցի Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի հետ, նորից այս խոսակցությունն է ընթացել, նա լրատվությանն էլ էր հայտնել, թե «սառույցը հալվել է», տեղաշարժ կա, աշխատանքները սկսվելու են… Թե երբ են սկսվելու, ինչ կարգավիճակով, ինչ ծրագրով, ով, ոնց՝ չգիտեմ: Միգուցե փուլ առ փուլ են աշխատանքներ իրականացնելու…

Դե, տարին ավարտվում է, ենթադրելի է, որ հաջորդ տարվա մեջ հստակեցում կլինի:

— Կարծում եմ՝ այո: Բայց նայեք, եթե 2019թ. բյուջեն արդեն ձևավորված է, ու դրա մեջ ներառված չէ մեր մարզադպրոցը, արդեն իսկ պարզ է, որ այն 2020-ին է բաժին ընկնելու: Օր օրի մարզադպրոցը քայքայվում է, ձմեռ է, երեխաները մրսում են, մենք ստիպված եղանք ջեռուցման համակարգ անցկացնել, որպեսզի ձմեռվա սեզոնին մարզումները շարունակվեին: Հին ջեռուցման համակարգը լրիվ շարքից դուրս էր եկել: Որքան հնարավոր է՝ կիտրոնը քամել, ես այդքան արել եմ, մի կերպ հասցրել, բայց պահ է գալիս, որ այլևս չես կարող:

Օրեր առաջ Գյումրու ավագանու նիստում դարձյալ խոսվեց Ձեր մարզադպրոցից, որ ջեռուցման համար մոտ մեկ միլիոն դրամ գումար է հատկացվելու:

— Այդ մի մաս գումարն անհրաժեշտ էր, որ ապրանքներ ձեռք բերվեր ջեռուցման համակարգի համար, իսկ մնացած աշխատանքները դարձյալ մեր ուսերին է: Հասկանում եք, եթե սպորտաձև կա, որ հնարավոր է սպորտային արտահագուստով մարզվել, իսկ ըմբշամարտը… Մկանը չտաքացավ, վնասվածքի ենթակա է յուրաքանչյուրը: Պահեր է լինում, որ լիահույս եմ, պահեր էլ գալիս են, որ հուսահատվում եմ, քանի որ տառապանքս ունի փորձ. այսքան տարի, այդքան հաստատուն խոստումներ տվեցին բարձր մակարդակով, ի վերջո, ոչինչ էլ չեղավ:

Ծառուկյանն էլ էր խոստացել

— Բացի նրանից, շատ ղեկավարներ էլ են խոստումներ տվել, բայց միայն խոստումների սահմանում է մնացել: Հենց որևէ խոշոր մրցաշարից հաղթանակած վերադառնում էինք, այդ ֆոնին խոսքեր ու խոստումներ շռայլել են, բայց հետո…

Խոսենք Ձեր որդուց, մեր պարծանք Արթուր Ալեքսանյանից:

— Արթուրն այս պահին Ամերիկայում է, ծնկի վնասվածքի և ողնաշարի բուժում է անցնում, իսկ ուսի վնասվածքի մասին արդեն չենք էլ մտածում: Բուժման ընթացքը նորմալ է, բայց դա այնքան ժամանակ է պահանջում, մինչև նա կամաց-կամաց կարողանա վերականգնել մարզավիճակը:

Պարոն Ալեքսանյան, անկախ այն բանից, որ Արթուրը բոլորիս պարծանքն է, Ձեր մարզադպրոցում Արթուրին փոխարինողներ կա՞ն:

— Ես միշտ էլ ասել եմ, որ փոխարինողներ կան, ու կլինեն: Մարզադպրոցում ունեմ շատ հիանալի մարզիկներ, պատրաստ են հասնելու բարձր արդյունքների, օրինակ՝ Չայլյան Կարապետը, երիտասարդներից՝ Կարեն Խաչատրյանը, որը այս տարվա աշխարհի պատանիների առաջնության հաղթող է: Ինչպե՞ս մարզադպրոցը կարող է մի լիդերով շարունակել, չէ՞ որ դպրոց է, որտեղ սաները պետք է հետևեն իրենց լիդերին, էտալոնին, փորձեն հասնել ու, ինչու չէ, անցնեն նրանից: Իրենցից աշխատասիրություն է պահանջվում, մեզանից՝ պայմանների ապահովում: Մեր երեխաները, տղաները նվիրված աշխատում են, մարզվում են, անկախ պայմաններից, բայց…

Կարո՞ղ է, էս ղեկավարները իրենք իրենց քցումբռնում են, թե՝ «այ մարդ, էդքան վատ պայմաններում մարդիկ չեմպիոն են տալիս, մինչդեռ լավ պայմաններում գտնվող մարզադպրոցներ կան, որ արդյունք չկաԿարո՞ղ է, էս գյումրեցոնց հաջողության բանալին հենց վատ պայմանների մեջ է…»: Ու, մտքի մեջ որոշում են հա ձգել դպրոցի կառուցումը, որ Հայաստանը ըմբշամարտից միշտ արդյունքներ ունենա: Իհարկե, սա զավեշտ է, բայց

— (Ծիծաղում է): Կարող է… Նման մի դեպք եղել է: Հանձնաժողով էր ստեղծվել սպորտի նախարարության կողմից, որտեղ ընդգրկված էին տարբեր բնագավառից անդամներ և լուրջ աշխատանքային խումբ էր ձևավորվել: Եվ այս խումբն ամբողջ Հայաստանի մարզադպրոցներում ուսումնասիրություն իրականացրեց, այդ թվում նաև մեր դպրոցում: Երբ աշխատանքներն ավարտել էին, ինձ իրոք, շատ էր հետաքրքրում, թե մեր դպրոցի նմանը կա՞: Հանձնաժողովի անդամներից մեկը (անունը չեմ ասի), ասաց. «Այո, Հայաստանում կային վատ պայմաններով մարզադպրոցներ, բայց Ձեր մարզադպրոցի պես վատ վիճակ ոչ մի տեղ չկար: Եվ զավեշտալին այն է, որ եթե արդյունքներն ենք դիտարկում, ապա, այո, Հայաստանում կան լավագույն դպրոցներ, որ արդյունքներ ունեն, բայց Ձեր մարզադպրոցի չափ արդյունք ոչ մեկ չունի»… Ենթադրությունները թողնում եմ ընթերցողին ու ղեկավարներին:

—  2019-ին ինչ է սպասվում:

— 2019-ը նախաօլիմպիական տարի է: Շատ կարևոր է այդ տարվա մեջ վարկանիշներ ձեռք բերել, որ պատրաստվենք 2020-ի Օլիմպիադային: Իսկ մարզադպրոցի առումով, սկսած դպրոցականներից, պատանիներից, վերջացրած մեծահասակներով, մենք ամեն տարի մեր առջև խնդիր ենք դնում՝ տարվա մեջ գրանցել բարձր ցուցանիշներ, մեծ արդյունքներ, հաղթանակներ: Իսկ մեր երկիրն էլ մտածելու է՝ եթե տվյալ մարզադպրոցի սանը գնում է աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, կամ Օլիմպիական խաղերի, որտեղ իր հաղթանակի շնորհիվ բարձրացվում է Հայաստանի դրոշն ու պատիվը, հնչում է մեր երկրի հիմնը, ուրեմն մեր երկիրն էլ իր հերթին պետք է փոխադարձաբար ուշադրություն դարձնի այդ մարզադպրոցին:

Օգտվելով առիթից, ուզում եմ մեր ազգին՝ համայն հայությանը, շնորհավորել գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ի սրտե մաղթում եմ ամենայն բարիք, համբերատարություն, լավատեսություն, աշխատասիրություն ու ձգտում: Մարզական ողջ հանրությանը մաղթում եմ հաղթանակներ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
1,088