«Հայերս ե՞րբ ենք դիմում բժշկի. երբ ցավից էլ չենք դիմանում» ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Հայերս ե՞րբ ենք դիմում բժշկի. երբ ցավից էլ չենք դիմանում»

Հարցազրույց Գյումրու Բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ հետազոտման կաբինետի բժիշկ ԱՐՍԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ հետ:

— Բժիշկ, ներկայացրեք էնդոսկոպիկ հետազոտման կաբինետի գործառույթները:

— Աղեստամոքսային համակարգի էնդոսկոպիկ հետազոտություններ՝ գաստրոսկոպիա, կերակրափող, 12-մատնյա աղիք, հաստաղիք և կոլոնոսկոպիա: Սա արդիական հետազոտություն է, անփոխարինելի, քանի որ աղեստամոքսային համակարգի 100 տոկոսանոց դիագնոստիկա է տալիս՝ հիվանդությունների առկայության դեպքում: Կաբինետը բավարարում է ոչ միայն մեր մարզի, նաև Լոռիի, Աշոցքի, Ջավախքի էնդոսկոպիկ հետազոտությունը:

— Քանի որ ընդարձակ հասկացություն է էնդոսկոպիկ հետազոտությունները, ավելի շատ կուզենայի խոսեինք լյարդ-լեղապարկ օրգանից:

— Աղեստամոքսային համակարգի ամենախոշոր գեղձերը՝ լյարդը և ենթաստամոքսային գեղձն են, առանց որոնց աղեստամոքսային համակարգը, ինչպես նաև ամբողջ օրգան-համակարգը պատկերացնել հնարավոր չէ:

— Լյարդ-լեղապարկային հիվանդությունների, քարերի առաջացման պատճառ հանդիսացող հանգամանքները որո՞նք են:

— Հաշվի առնելով մեր ժողովրդի մենթալիտետը, արագ սնվելու սովորությունը, ոչ կանոնակարգված սնվելը, նաև այսօրվա էկոլոգիապես ոչ մաքուր, մոդիֆիկացված սնունդը բերում են լյարդ, ենթաստամոքսային գեղձի խանգարման: Ամենաառաջին ախտահարությունը՝ ճարպակալումն է: Հայերս լավ ուտել-խմել սիրում ենք, անռեժիմ սնվել… Ցավոք, աղեստամոքսային համակարգը մեզ համար երկրորդային պլան է մղված: Գանգատներն ի հայտ են գալիս հիմնականում դիսֆունկցիաներով. ծանրություն, վքնածություն, ուտելուց հետո չմարսելու զգացողություն: Նման ախտանիշներն ազդակ են խանգարման, ինչի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

— Հա, բայց մտածում ենք սոդայաջուր, հանքային ջուր կխմենք՝ կանցնի… Իհարկե, սա կատակ էր: Է՞լ ինչպիսի ախտանիշներով է բացահայտվում հիվանդությունը, որովհետև երբեմն երկար ժամանակ կարող է հիվանդությունը չուղեկցվի ցավերով, սակայն բարդություններ ունենա:

— Դե, իհարկե… Հայերս ե՞րբ ենք դիմում բժշկի:

— Երբ ցավն այնքան ուժեղ է, որ մեզ համար շտապ բժիշկ են հրավիրում…

— Հիվանդը մեկ անգամ ցավային նոպա ունեցավ, դա այնքան անտանելի է, որ երկրորդ անգամ չի ուզենա զգալ: Իսկ լեղաքարային հիվանդությունների ժամանակ մոտավորապես 70 տոկոսի մոտ սկզբում ոչ թե ցավային սիմպտոմներով է ուղեկցվում, այլ տեղի է ունենում մարսողության խանգարում, այրոց, բերանում դառնահամություն, փքվածություն, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, առավոտ վաղ սրտխառնոց. սրանք առաջին համախտանիշներից են: Ցանկացած օրգան-համակարգում հենց սկզբից հիվանդություն չի առաջանում, սկզբից գնում է ֆունկցիոնալ խանգարում, հետո արդեն կամաց-կամաց բարդություններ են ի հայտ գալիս: Եթե մարսողության  ժամանակ լեղին պետք է ճիշտ կրճատվի, գնում է լեղապարկի տոնուսի անկում, սկսում է լեղին ավելի շատ լցվել կամ հակառակը՝ չի կրճատվում, դրանք են, որ կոչվում են դիսֆունկցիաներ: Ի դեպ, ասեմ, որ կանանց շրջանում այս հիվանդությունն ավելի շատ է տարածված: Ցանկացած կնոջ մոտ, հղիության ժամանակ, հատկապես տղա երեխայի ժամանակ, փորն ավելի վերև է տեղակայված, սեղմում է լեղուղիներին, առաջացնում լեղուղիների մոտորիկայի՝  կծկվողության խանգարում: Այդ դիսֆունկցիան մնում է, բարով-խերով ծննդաբերում են, դիսկենիզեային ուշադրություն չեն դարձնում, այսինքն, մեր օրգանիզմը ռեզին չէ, ձգվում է, ձգվում է, մնում է, դիսֆունկցիոնալ խանգարումն արդեն դառնում է հիվանդություն:

— Իսկ ժողովրդական բուժումների կամ դեղերի միջոցով քարերի թափումը չե՞ն «փրկում» լեղապարկին:

— Լեղապարկից նույնիսկ 1մմ քարը չի ընկնում, դա սխալ կարծիք է: Կան համապատասխան դեղորայքներ, որոնք բերում են մաշվածության, բայց 20 տարուց ավել այս բնագավառում եմ, հայտարարում եմ, որ տասնյակ տարիներով դեղորայք ընդունելը չի բերում լեղապարկի բուժման, այլ տանում է այլ հիվանդությունների: Եթե կա դիսֆունկցիա, ուրեմն՝ դիմել բժշկի, սա է ճիշտը: Ոչ մի խրոնիկական հիվանդություն չի բուժվում, հնարավոր է բացահայտման պահից բուժել, կանգնեցնել զարգացումը, չթողնել խորանա:

— Վիրահատությունից հետո առանց լեղապարկի մարդու օրգանիզմն ինչպե՞ս է վարվում:

— Լապարոսկոպիկ վիրահատությունը ատրավմատիկ է, ստատիկ բուժման օրերը կարճ են՝ 1-2 օր: Երբեմն հիվանդը կարծում է, թե լեղապարկը հեռացրին, վերջ, փրկված է: Բայց Աստված մարդու ունիկալ օրգան-համակարգում ոչ մի ավելորդ օրգան չի տեղադրել, որ ավելորդները հեռացնելով՝ փրկվենք: Լեղապարկի բացակայության ժամանակ ուրիշ բարդություն է առաջանում, երբ օրգանիզմը չի համակերպվում: Հիվանդներ կան, որ ասում են, թե ավելի լավ էր, եթե լեղապարկը հեռացրած չլինեին: Լեղին արդեն մշտական ներհոսում է 12-մատնյա աղիք: Սրա միակ չեզոքացնող բանը՝ սնունդն է: Դրա համար լեղապարկը հեռացրած ցանկացած հիվանդ առաջին 6 ամիսը պետք է 3 ժամը մեկ սնունդ ընդունի, մինչև օրգանիզմը ինքը համակերպվի:

— Դիետա պահի, կծու, թթու այլևս չընդունի…

— Ես հետևյալը կասեմ. դիետա պետք է պահպանել վիրահատությունից հետո սկզբնական շրջանում: Գտնում եմ, որ հետագայում պետք չէ դիետաների հետևորդ դառնալ: 3 ժամը մեկ պետք է սնունդ ընդունել, յուրաքանչյուրի մոտ ինդիվիդուալ է սննդատեսակը մարսելը, և յուրաքանչյուրս մենք ենք հասկանում, թե այս կամ այն սննդատեսակը մեր օրգանիզմն ինչպես է ընդունում: Կամ՝ Աստվածաշնչյան խոսքերով. «Ամեն ինչ չափավորության մեջ»:

print
619