Հայկական մեծ քիթ ու լեննականցու մեծ բերան. ահա քեզի սիմվոլիկ արձան ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Հայկական մեծ քիթ ու լեննականցու մեծ բերան. ահա քեզի սիմվոլիկ արձան

Հոկտեմբերի 25-ին «Գյումրիի Աբովյան ճեմափողոցում հուշարձաններ տեղադրելու նպատակով գյումրեցի թվով 12 անվանի անձանց ցանկը կազմելու մասին» հանրային բաց լսում և քննարկում է անցկացվելու համայնքապետարանում: Իսկ մինչ այդ, մենք խոսեցինք արվեստագետների և հասարակ գյումրեցիների հետ՝ նրանց մասնավոր կարծիքն իմանալու և, իհարկե, տեսակետներ ճշտելու համար:

ԱՐՏՈՒՇ ՊԱՊՈՅԱՆ (քանդակագործ). «Ես գտնում եմ, որ այդտեղ կարելի է արձաններ դնել, ավելի շուտ՝ մարդամոտ ձևակերպումով, դեկորատիվ ոճի, քան հուշարձանային: Տեսեք, ամեն լուսամփոփի տակ երկուական նստարան կա, եթե ամեն մեկի վրա մարդ նստած լինի՝ այդ տարածքը կճնշվի՞: Իմ կարծիքով՝ ոչ: Արձանն էլ, որքանով տեղյակ եմ, իր չափերով շատ տեղ չի զբաղեցնի: Թեպետ վերջնական դեռ ոչ մեկն էլ չգիտի, թե ինչպիսի լուծումներով քանդակներ են արվելու. ամեն քանդակագործ իր դիզայնն ու մոտեցումը կգտնի: Կամ՝ ասում են ցուցակով տրված արձաններն արդեն քաղաքում կան. կրկնությունը չի նշանակում նույն արձանները պետք է դրվեն, լուծումները տարբեր կլինեն: Եթե մի տեղ մոնումենտային լուծում է տրված, այս հատվածում կենցաղային, ավելի մտերմիկ լուծմամբ կարվի: Նման օրինակներ շատ երկրներում կա. ասենք Ավստրիայում Մոցարտի արձանը, այն ամեն քայլափոխի կարող եք հանդիպել: Ամեն քանդակագործ իր Իսահակյանն ու Շիրազը կարող է անել՝ իր պատկերացումներով: Իսկ ինչ մնում է ներկայացրած ցուցակում անուններին, իմ կարծիքով, Ատրպետինն է բացակայում: Իմ կարծիքով, Պոլոզ Մուկուչինը, նշված մյուս մեծերի շարքում, չի տեղավորվում: Կարելի է մեր օլիմպիական չեմպիոններին ևս անդրադառնալ. պետություններ կան, որ մեր քաղաքի ունեցածի չափ չեմպիոն չունեն: Մի նման միտք արտահայտել էի, քանի որ մեր քաղաքը ոչ միայն մշակույթի քաղաք է, այլ նաև սպորտի, կարելի է, ասենք, այդ ընտրված հատվածում զուտ մշակութային անել, մեկ այլ տեղ՝ սպորտի մեծերի: Իսկ ինչ մնում է արձանախեղդ անելը… Աշխարհ չտեսած մարդիկ միայն այդպես կարող են արտահայտվել: Մենք մշակույթի մարդիկ ենք, մեր քաղաքն ուզում ենք մնա մշակույթի մայրաքաղաք, կարծիք եք հարցնում, եթե «արձանախեղդ» չանենք, ապա ինչա՞խեղդ անենք՝ ռեստորանա՞, թե՞ հյուրանոցա… Քաղաքը միայն ապրելու և ուտելու տեղերով չեն սարքում, չէ՞: Կամ Գյումրիում քանի՞ ԶԼՄ կա, ասենք՝ ԶԼՄ-ախե՞ղդ է: Եթե կյանքում ինչ-որ բան ապրում է, ուրեմն պետք է»:

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ (գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ). «Իմ կարծիքով, այդ նեղ հատվածում կարիք չկա արձանաշար դնել. հերիք է նման կերպ քաղաքը ծանրացնելը: Բացի այդ, որքան էլ շատ ենք հարգում ու սիրում մեր մեծերին, այդուամենայնիվ… Ֆրունզիկի, Իսահակյանի, Շիրազի, Տիգրանյանի, Պոլոզ Մուկուչի արձանները կան, հերիք է, բավական է: Այդքան երբ մի տարածքում հավաքում են, ստացվում է՝ ասես միասնական գերեզման՝ պանթեոն: Կենդանի ճեմափողոցին կարիք չկա նման լուծում տալ: Մանավանդ, չեմ կարծում արձանները դիզայներական մոտեցմամբ արվի, լուծումներն այլկերպ տրվի, ասենք՝ այլաբանորեն, այնպես որ, հավատացեք, սիրուն չի նայվի: Եթե ցանկությունը մեծ է, որպեսզի այդ փողոցում ինչ-որ լուծում գտնվի, կարելի է գոնե մոդեռն մոտեցմամբ գործ դրվի, արդեն դասական քանդակները չեն նայվում: Ճարտարապետական դիմագծի հետ են ուզում լուծում տալ, թող էլի ինչ-որ մոդեռնիստական դիզայն մտածեն, ժամանակակից ոճով մի բան անեն, բայց ոչ այդ քանակով… Ես կարծում եմ, այն, ինչ ուզում են անել, շատ տհաճ տպավորություն կթողնի»:

ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ (թոշակառու). «Ես գիտեմ ըդտեղ ինչ է պետք՝ մե մեծ հայկական քիթ ու լեննագանցու մե՜ծ բերան… Ըդորից էլ լավ սիմվոլիկ արձա՞ն: Օր տուրիստն էլ գա, իրան կտանին մոտը, կըսեն՝ աշե, ըսիգ մեր գենետիկ քիթն է, էս էլ, օր կըսեն լեննագանցիք մեծ բերան են, էդ մեծ բերանն է: Մե ուրիշ բանմ էլ կա. սովետմիության ժամանակ, աշխարհն օր առաջին անգամ իմացավ, թե բացի Մոսկվայից կա նաև Լենինական, ըդիկ 80 թվին էր ու Յուրի Վարդանյանի շնորհիվ էր: Ըսքան լեննագանցի չեմպիոն ունինք, օր աշխարհը չունի. Յուրիկին՝ շտանգով, Արթուրին՝ բառեցի տրիկոյով, բռասոկ էնելով, Էմմիյանին՝ թռնելով… է՞լ որն ըսեմ, ո՞րը մոռացա»:

ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ (տնային տնտեսուհի).  «Իմ կարծիքով, շատ գեղեցիկ կլինի: Ես ամուսնուս հետ շատ եմ շրջագայել, և շատ տեղեր եմ տեսել նման արձաններ: Օրինակ, շատ հեռու չգնանք՝ Դիլիջանում «Միմինոյի» արձանախումբը. ով այդ կողմերում է լինում, պարտադիր նկարվում է այդ արձանախմբի կողքին: Էլ չեմ ասում՝ Երևանում, այգիներում մեկ-մեկ արդեն նման արձանների կարելի է հանդիպել»:

ԺԱՆՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ (թոշակառու). «Իյա՜, էս մեզ էլ հարցնող կա՞, թե մենք ինչ կուզենայինք… Ամոթ է, ամո՜թ… Դոմիկների միջի ապրողներին նայենք, թե քաղաքով մեկ դրած արձաններին: Քաղաք ինչքան մարդ կա՝ էդքան էլ արձան կա: Կըսեն Սերժն է փողը տվողը. հա՛, եղավ էն խոսքը. «Շնեն մազ պոկելն էլ է քյար»: Ընձի օր մնա, ես մեր «քառուսնքի տորթը» սարքել կուդայի, գոնե մէ անգամմ տեսնեինք, էդ ֆանտանն ինչխ կքցե»:

print
1,824