ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ ընտրողի IQ-ն որոշող թեստ

1. Նախընտրական ելույթներում պատգամավորության թեկնածուները սովորաբար ի՞նչ են խոստանում բարձրացնել: (1 միավոր)

Ա — Ծանրաձող

Բ — Հեղինակություն

Գ — Աշխատավարձ

Դ — Տրամադրություն

 

2. Հայկական հեքիաթ. «Պրծա՜վ, Քաջ Նազարը էլ … (ո՞ւր) գնացողը չէ»: (1 միավոր)

Ա — Ընտրության

Բ — Կռիվ

Գ — Գրողի ծոցը

Դ — Հարևանի կնոջ ծոցը

 

3. Ի՞նչ են անում Ազգային ժողովի նիստը: (1 միավոր)

Ա — Գումարում

Բ — Հանում

Գ — Արմատ հանում

Դ — Արմատախիլ անում

 

4. Նշված բառերից գոյություն ունի միայն մեկը: Ո՞րը: (1 միավոր)

Ա — Գրպանմտուկ

Բ — Բերանմտուկ

Գ — Ականջմտուկ

Դ — Խորհրդարանմտուկ

 

5. Ո՞վ է հայրենի երկիրը լքած մարդը, գաղթականը: (1 միավոր)

Ա — Պաշտոնանկ նախարարը

Բ — Պարտված թեկնածուն

Գ — Հիասթափված գյումրեցին

Դ — Պանդուխտը

 

6. Ի՞նչ կամ ո՞վ է էլեկտորատը: (1 միավոր)

Ա — Հոսանքի դիմադրողականության միավոր

Բ — «Լևի» քաշած էլեկտրալար

Գ — Ընտրազանգված

Դ — «Տոկի տված» զանգվածներ

 

7. Այդ անվանումով լոտո Հայաստանում դեռ չի եղել: (2 միավոր):

Ա — Բարի

Բ — Համով

Գ — Ընտանեկան

Դ — Պատգամավորական

 

8. Պ.Դուրյան, «Լճակ». «… Զի քու խորքիդ մեջ անձկավո՞վ նայեցավ»: (2 միավոր)

Ա — Հուսահատ մը

Բ — Չոր թոշակով ապրող մը

Գ — Երեսփոխան մը

Դ — Մոլոր-շիվար ընտրող մը

 

9. Մեր երկրի տնտեսության համար հատկապես վտանգավոր է հենց այդ համակարգը: (2 միավոր)

Ա — Ազատ

Բ — Պլանային

Գ — Կլանային

Դ — Կու-կլուքս-կլանային

 

10. Ո՞ւմ ձին պետք է թամբած լինի, ըստ հայկական առածի: (2 միավոր)

Ա — Սուտ խոստումներ տվողի

Բ — Ճիշտ խոսողի

Գ — Նիկոլ Փաշինյանի

Դ — Սերժ Սարգսյանի

 

11. Ովքե՞ր չեն դավաճանում` համաձայն ՀՅԴ կարգախոսի: (2 միավոր):

Ա — Ընկերների ընկերուհիները

Բ — Հին ընկերները

Գ — ՀԱԿ-ից թռածները

Դ — ՀՀԿ օլիգարխները

 

12. Չերնիշևսկին ո՞ր վեպում է շարադրել իր ազատատենչ գաղափարները: (2 միավոր)

Ա — «Ի՞նչ ուտել»

Բ — «Ի՞նչ անել»

Գ — «Ո՞ւմ ընտրել»

Դ — «Ո՞ւմ տունը քանդել»

 

13. Ո՞վ է զբաղեցրել ԽՍՀՄ ղեկավարի պաշտոնը 16 տարի շարունակ: (2 միավոր)

Ա — Նիկոլ Վովայիչը

Բ — Լեոնիդ Իլյիչը

Գ — Վլադիմիր Իլյիչը

Դ — Վլադիմիր Վլադիմիրովիչը

 

14. Ի՞նչ է Ձեր անունը (1 միավոր):

Ա — Չոմբե

Բ — Լոմբե

Գ — Նդումբուկ

Դ — գրեք Ձեր անունը

Հուշում. եթե Ձեր անունը կհամընկնի Ա, Բ, Գ տարբերակների հետ, ուրեմն Դուք աֆրիկական երկրներից մեկի գործակալ եք (օրինակ` Զիմբաբվեի), տես արդյունքների 3-րդ կետը և հետևիր այդ կետում նշված հրահանգներին:

 

Ամփոփեք արդյունքները.

1. Եթե Ձեր IQ=21 («օչկո») միավոր, ուրեմն լավ եք իրազեկված, հստակ գիտեք՝ ինչ եք ուզում: Հետևաբար, արխային գնացեք ընտրությունների` երկրի ապագան Ձեր ձեռքում է: Այսինքն, մեր հաջորդ «բեզպիծիմինուտ» վարչապետը Դուք եք (ախր որտե՞ղ էիք մինչև հիմա):

2. Եթե Ձեր IQ=2-5 միավոր, ուրեմն այնքան էլ իրազեկված չեք, բայց էլի արխային գնացեք ընտրությունների, կամ արխային մի գնացեք, բան չի փոխվի: Միևնույն է՝ այդ դեպքում ապագան մնալու է նույնը` պայծառ ու անհասանելի:

3. Եթե Ձեր IQ=0 կամ գոնե 1 (տես 14-րդ հարցը), ուրեմն կարող եք ընտրության չգնալ, մնացեք տանը, որ Ձեզ հեշտ գտնեն: Ում որ պետք է, նա էլ կգա Ձեր ետևից, օրինակ՝ Վանեցյանը:

4. Եթե Ձեր հավաքած միավորների մեկնաբանությունը չեք գտնի 1-3 կետերում, ուրեմն արխային եղեք` Դուք շա՜տ նորմալ մարդ եք: Բայց «նորմալ մարդ» և «նորմալ ընտրող» բառերի միջև շա՜տ մեծ տարբերություն կա:

 

Պատասխաններ
1-Գ: 2-Բ: 3-Ա: 4-Գ: 5-Դ: 6-Գ: 7-Դ: 8-Ա: 9-Գ: 10-Բ: 11-Բ: 12-Բ: 14-Բ (Բրեժնև): 15-Դ (ի՞նչ է Ձեր անունը):

Կազմեց` ԱՇՈՏ ԳՈՄՑՅԱՆԸ

print
909