Հանձնիր արյուն, փրկիր կյանք ⋆ «Շրջապատ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հանձնիր արյուն, փրկիր կյանք

Հարցազրույց «Գյումրու Արյան փոխներարկման կայանի» տնօրեն ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Անդրիասյան, մարտի 1-ին Շիրակի մրազպետարանի առողջապահության վարչությունը կազմակերպել էր «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանք» կարգախոսով արյունատվության ակցիա: Փաստորեն, դոնորների անհրաժեշտություն կա:

— Մենք, իհարկե, ունենք դոնորների մեր բազան, և այն սահմանափակ թվով է: Այսօր դժվար է դոնոր գտնելը: Մարդիկ կան, վախենում են բուն ընթացքից կամ իմանում են 450մլ մասին, դրանից են վախենում: Իրականում դժվարն առաջին արյունատվությունն է, իսկ երբ անցնում են այդ պրոցեսը, վախը հաղթահարվում է: Երբեմն մշտական դոնոր դառնում են նրանք, ովքեր անհրաժեշտության դեպքում իրենց հիվանդի համար արյուն են տվել, դառնում են մեր կադրային, վճարովի դոնորները:

— Վճարը որքա՞ն է կազմում:

-12 հազար դրամ: Քանի որ մենք վճարովի դոնորների սահմանափակում ունենք, պետությունը մեզ տրամադրում է տարվա կտրվածքով 148 դոնորի վճարում:

— Իսկ ինչո՞ւ է սահամանափակ:

— Ուղղակի, դա կոնստանտ թիվ է, արյունի պահեստի չափն այդքան է, և մենք պետք է դա ապահովվենք կամավորների, հիվանդների հարազատների միջոցով: Կամավոր դոնորներ ունենալն է խնդիրը: Եթե 148-ը չենք լրացնում, ապա նման ակցիաների անհրաժեշտությունը շատ է կարևորվում:

— Իսկ կամավորների կամ մշտական դոնորների թվի նվազումն ինչի՞ հետ եք կապում:

— Դե, տարբեր պատճառներ կան, սկսած բնակչության թվի նվազումից, վերջացրած հիվանդանոցներ դիմելիության նվազումը: Մեզ արյունը պետք է, որպեսզի կարողանանք արտոնություններ ունեցող հիվանդներին արյուն հասցնել: Անգամ, եթե արտոնություն չունի հիվանդը, մենք, իհարկե, նրան առանց արյուն չենք թողնում:

— Արյունը պահելու որքա՞ն ժամանակահատվածի իրավունք կա, խոսքս պահեստավորմանն ու պիտանելիության ժամկետներին է վերաբերում:

— Տեսեք, 450մլ արյունը վերցնելուց հետո մենք այն դնում ենք հատուկ սարքի մեջ՝ երկկարգանի սարք է, պարկը դրվում է ցենտրիֆուգի մեջ, 5 րոպեում այն պետք է կատարի 5000 պտույտ, որից հետո մենք ստանում ենք երկու պարկ զանգված, որից մեկը պլազման է, իսկ մյուսը էրիթրոցիտների՝ արյան բջիջների զանգվածն է: Այս երկրորդ մասսայի պահպանման ժամկետը 35 օր է: Խնդիրը հենց այս էրիթրոցիտար զանգվածի հետ է կապված: Ժամկետը լրանալուց հետո մենք այն խոտանում ենք:

— Ինչպե՞ս է ընթանում խոտանման ընթացքը:

— Էջմիածնում կա «Էկոլոգիա» կազմակերպություն, որը շաբաթը մեկ անգամ մարզի բոլոր առողջապահական հիմնարկների բիոթափոնները հավաքում է, տանում է Էջմիածին, որտեղ ունի հատուկ վառարաններ և ուտիլիզացնում է բիոթափոնը: Իսկ պլազման պահպանում ենք մինուս 25 աստիճան պայմաններում՝ 3 տարի: Այս պահին ունենք մոտ 450 պարկ, որը նույնիսկ շատ է: Հիմնական բաղադրիչը էրիթրոցիտար զանգվածն է, որը հեմոգլոբին է պարունակում, թթվածնի փոխադրիչ, էրիթրոցիտները արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ֆունկցիան թթվածնի փոխադրումն է։ Իսկ պլազման, կոպիտ ասած, արյան հեղուկային զանգվածն է: Սակայն կոնկրետ հիվանդի դեպքում, բժշկի ցուցումներ կան, թե որ պարագայում է անհրաժեշտ տալ մեկ կամ մյուս զանգվածը:

— Ո՞ր կարգի արյունն է դժվար գտնել, անգամ սոցցանցերում հայտարարություններ են տարածում:

— Կա դրական և բացասական ռեզուսով արյան 8 խումբ: 2-րդ դրականը համարվում է հայկական գենոֆոնդին համապատասխան՝ 60-70 տոկոսը բնակչության այս կարգի արյուն ունի: Ավելի քիչ առաջին դրականն է, շատ ավելի քիչ՝ դրական երրորդն ու չորրորդը: Իսկ առաջինից չորրորդ բացասականներն՝ ավելի քիչ են: Շատ հաճախ հենց այս խմբերի արյան անհրաժեշտությունն է, որ բարձրաձայնվում է: Մեր բազային բացասական դոնորներն էլ քիչ են: Երբ հրատապ անհրաժեշտություն է լինում, նույնիսկ զանգահարում, խնդրում ենք մեր մշտական հետազոտվող դոնորին ներկայանալ: Նշեմ, որ բազային դոնորները մշտական հետազոտություն են անցնում: Ցանկացած արյան դոնորների մոտ պարտադիր ստուգում ենք ՁԻԱՀ, հեպատիտ B, C, սիֆիլիս, բրուցելյոզ և այլն: Եթե հանկարծ ինֆեկցիակիր արյան պատասխան ստացվի, մենք անմիջապես խոտանում ենք:

— Ովքե՞ր չեն կարող դոնոր հանդիսանալ, բացառությամբ, իհարկե, Ձեր նշած վիրուսակիր արյուն ունեցողների:

— Կան մի քանի հիվանդություններ, որոնց պարագայում իրավունք չունենք արյուն վերցնել. խպիպ, զարկերակային ճնշում, շաքարային դիաբետ, լեղաքարային հիվանդությունները: Մենք նախօրոք կամավորից ճշտում ենք, գանգատները հարցնում, եթե հանկարծ կասկածներ լինեն, միանշանակ չենք վերցնում:

— Կարո՞ղ եք փաստել, արդյո՞ք ապահովված եք անհրաժեշտ սարքավորումներով:

— Պետությունը՝ իր հնարավորության սահմաններում, մեզ առաջին անհրաժեշտության սարքավորումներով ապահովում է: Ունեցած հնարավորություններով մեր կայանը կարող է արյունով ապահովել: Մեզ միայն բազային դոնորների թարմացման խնդիր կա, երիտասարդացման, դե, երիտասարդ ավիշը, բնականաբար, առավելություն ունի: Երբեմն ուսումնական հաստատությունների ենք դիմում, դրական արձագանքներ ենք ստանում: Շատ եմ կարևորում ԶԼՄ-ների ուշադրությունը և տեղեկության տարածումը:

print
740