Հանձնվելու տարբերակ չկա ⋆ «Շրջապատ»
ՀՈՒՇԵՐ

Հանձնվելու տարբերակ չկա

2000 թվականի սովորական մի օր էր: Թամարա Վարդանյանը Ֆրանսիայից ժամանել էր Մոսկվա: Իսկ Ֆրանսիա էր մեկնել իր բիզնեսն ընդլայնելու խնդիրներով: Այդ ընթացքում նրան փոխարինել էր գործընկերը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Ալեքսանդրը: Նիցցայից բերած տպավորությունները կարծես հաճելի տրամադրություն էին կանխատեսում ամբողջ օրվա համար, սակայն գրասենյակ մտնելով, Թամարան նկատեց սեղանին դրված մի երկտող: Ճանաչեց աղջկա ձեռագիրը: Երկտողում գրված էր, որ նա՝ իր կամքով, մոր արտադրամասում աշխատող տաջիկի հետ գնում է նրա հայրենիք՝ ընտանիք կազմելու. «Ինձ մի՛ փնտրիր, ես երջանիկ եմ»: Աղջկա այս քայլը մեծ հարված էր մոր համար

Թամարա Վարդանյան

Թամարա Վարդանյանը ծնվել է 1954 թվականին՝ Լենինականում, հաճախել է Անաստաս Միկոյանի անվան դպրոցը (այժմ՝ Արտյոմ Պետրոսյանի անվան): Մանկության ու պատանեկության տարիներն անցել են «Կինո Երևան» թաղում: Այժմ ապրում է Երևանում: Իմ ծանոթությունը նրա հետ կայացավ Գյումրիում: Հայրենի քաղաքից տարիներ բացակայելուց հետո, նա դարձյալ այստեղ էր: Մեր ծանոթությունը պատահական ստացվեց: Նրա գեղանկարիչ եղբայրը ծանոթացրեց մեզ: Բարձրահասակ կին է, անմիջական, շփվող, ձայնի ինքնօրինակ ինտոնացիայով, արիստոկրատ պահվածքով: Մեր ամբողջ զրույցի ընթացքում սև ակնոցը չհանեց աչքերից:

Թամարան դպրոցական տարիներին բանասիրությունը համարել էր իրեն տրված ձիրք: Ուսուցիչները համոզված էին, որ լեզուներին տիրապետելու ընդունակություններով օժտված աշակերտուհի ունեն ու կգա մի օր, ու իրենք նրանով հպարտանալու առիթ կունենան: Բայց բոլորի համար անսպասելիորեն, 18-ամյա Թամարան ամուսնացավ և ամուսնու հետ մեկնեց Մոսկվա: Ծնողները դեմ էին նրանց ամուսնությանը, բայց վերջնական որոշումը Թամարայինն էր:

Ամուսինը, ումից երկու դուստր ունեցավ, մահացավ ավտովթարից: Թամարան տեխնիկական մասնագիտություն էր ստացել, Մոսկվայում և Պոլտավայում հիմնել հրուշակեղենի արտադրական ձեռնարկություն, ընկերության տնօրենն էր: Մոսկվայում իր գործունեության ընթացքում հասկացել էր, որ եթե ուզում ես Ռուսաստանում բիզնես հիմնել, անկախ նրանից՝ պետական հարկերը վճարում ես, թե՝ ոչ, պետք է անպայման ստացածդ եկամտից բաժին հանես այն հանցագործ խմբավորմանը, որը «վերահսկում» է այդ տարածքը: Իսկ Թամարայի բիզնեսից ստացված եկամուտը փողերով լեցուն պարկերով էին գալիս:

Բիզնեսի ոլորտում «համահարթեցված» մեխանիզմ էր գործում, որի հիմքերը դրվել էին դեռևս 1990-ականների սկզբներին, երբ փլուզվում էր հսկա կայսրությունը՝ Խորհրդային Միությունը: Քրեական աշխարհը խրախճանքի մեջ էր: Պատմում է Թամարա Վարդանյանը. «Այդ տարիներն էին: Ունեի հացի և հրուշակեղենի արտադրամասեր: Ես միշտ վճարել եմ պետական հարկերը, նաև «աշխատել» եմ մի հանցագործ խմբավորման հետ՝ եկամտի «կեսկես» հարաբերակցությամբ: Դա ընդունված երևույթ էր: Հանցագործ աշխարհը սերտաճել էր իշխանական օղակների հետ: Աշխատել եմ այդ հանցագործ աշխարհի հետ` այլընտրանք չունենալով, բայց նաև ոչ մի խնդիր չեմ ունեցել: Երբ այդ աշխարհի հեղինակությունները տեսնում էին, որ դու պարտաճանաչ ես, նրանք ևս պարտավորություններ էին ստանձնում քո հանդեպ: Բայց նաև ընդունված «կոդեքս» էր. այդ հարաբերություններում քո կողմից սխալմունք թույլ պիտի չտայիր: Այդ նույն «կոդեքսի» գործադրումը պահանջում էր անթերիություն, այլապես՝ հաշվեհարդարն անխուսափելի էր: Գալիս էին սև կոստյումներով, սպիտակ վերնաշապիկներով, «հաճախորդի» նկատմամբ պատշաճ, նույնիսկ՝ պաշտոնական պահվածքով, ու տանում իրենց «հասանելիք» փողը: Տուրքը ոչ մի րոպե ուշացնել չէր կարելի, դա կարող էր թանկ արժենալ, քանի որ կմիացվեր «հաշվիչը», որն ահռելի տոկոսներ կգրանցեր»:



Բանդիտական խմբավորումը կամ, ինչպես պաշտոնապես է ընդունված կոչել՝ կազմակերպված հանցագործ խմբավորումը, որի հետ աշխատել է Թամարան, ֆիրմայի համար ապահովում էր առաքման կետեր, մեքենաներ, աշխատուժ: «Բայց, եթե անգամ 10 ռուբլու սահմանում նրանց խաբեի՝ ինձ կփոշիացնեին: Սակայն ես կարողացել եմ աշխատել նրանց հետ և երբևէ ոչ մի խնդիր չեմ ունեցել: Մյուս կողմից, ինձ հետ աշխատում էր նաև ՖՍԲի գնդապետ Ալեքսանդրը,- ասում է տիկին Թամարան,- ամեն ինչ լավ էր ընթանում, բայց չէի պատկերացնում, որ բիզնեսում իմ ձեռք բերած հաջողությունները կարող էին միանգամից հօդս ցնդել` աղջկաս՝ տաջիկի հետ կապված փախուստով: Ախր, ես այդ տաջիկին, ով իմ մոտ վարորդ էր աշխատում, վատ չէի վարձատրում, իսկ նրա հայրենակիցները շինարարական ընկերություններում իրենց չարքաշ, ուժասպառության հասցնող աշխատանքի դիմաց չնչին կոպեկներ էին ստանում: Ուրեմն՝ ինչո՞ւ ուրացավ իմ վերաբերմունքն իր հանդեպ և դիմեց այդ ապերախտ քայլին: Ես դա իմ հանդեպ մտադրված քայլ եմ համարում: Զանգեցի աղջկաս, խնդրեցի, որ վերադառնա: Չհամոզվեց: Սկզբում չէի կարողանում ներել, բայց հետո ինչքա՞ն կարող էի, ի վերջո, մայր եմ, սկսեցի օգնել նրանց: Զանգում էին, պատմում, թե որքան վատ են ապրում: Ամեն ամիս գումար ու հագուստ էի ուղարկում աղջկաս: 2005 թվականին, 5 տարի բաժանումից հետո, այնուամենայնիվ, որոշեցի գնալ Տաջիկստան, տեսնել նրանց վիճակը: Հետս տարել էի մեծ գումար և 140կգ ուղեբեռ՝ նվերներ թոռներիս: Գումարը տարել էի, որպեսզի աղջկաս օժիտը տայի, քանի որ մահմեդականների մոտ ընդունված է կանխիկ գումար տալ աղջկան: Բայց երանի չգնայիՏեսա նրա կիսավայրենի կյանքը՝ կեղտի ու փոշու մեջ: Մոլլա սկեսրայրի թույլտվությամբ, նրա ընտանիքը տեղափոխեցի մայրաքաղաք՝ Դուշանբե: Քանի որ աղջիկս հմուտ էր հրուշակագործի աշխատանքում, տաջիկ փեսայիս հետ որոշեցինք հրուշակեղենի արտադրամաս բացել: Նրա անունով պայմանագրեր կնքեցինք ու աշխատանքը սկսվեց: Երկու շաբաթից արդեն ստացվեց առաջին եկամուտը: Բայց ոչ ոք չտեսավ այն: Փեսաս ու նրա եղբայրը յուրացրին այն: Ես փորձեցի ձեռքս վերցնել գործը` հետագայում այն փեսայիս հանձնելու, աղջկաս կյանքը կարգավորելու նպատակով: Բայց փեսաս սպառնաց. «Էս ի՞նչ ես մտքիդ դրել, էդ լինելու բան չէ»: Ես բացատրեցի, որ իմ նպատակը միայն բիզնեսն արդյունավետ աշխատացնելն է, որպեսզի այն հեռանկար ունենա, մանավանդ ունեի այդ փորձը: Բայց նա չուզեցավ լսել: Իր մորաքրոջ ամուսնու հետ հավաքեցին իրենց 16 բարեկամներին ու իմ դեմ բողոք գրեցին ԿուրգանՏյուբե քաղաքի ոստիկանապետին՝ իբր ես մարդկանց խաբել եմ… 100 հազար դոլար գումարի չափով»:

Փեսայի մորաքրոջ ամուսինը ոստիկանության գեներալ էր՝ Կուրգան-Տյուբե քաղաքում: Նա երեք կին ուներ, բայց ուզում էր նաև Թամարային կնության վերցնել: Մի օր գեներալը հարբած մտել է Թամարայի սենյակ, սկսել է սիրահետել. «Քեզ լույսի պես կպահեմ, դու միայն համաձայնիր, այ, կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի»: Թամարան կտրուկ մերժել էր. «Հասկացի՛ր, դա լինելու բան չէ, ես չեմ կարող, ես քրիստոնյա եմ»: Սպասված վերաբերմունքին չարժանանալով, գեներալը սկսել է քաշքշել Թամարային, սակայն ստացել էր արժանի հակահարված: «Ես առողջ, մարզված կին եմ, հրեցի, ընկավ, քթից արյուն հոսեց: Ոտքի կանգնեց ու սպառնաց, որ ինձ պատժելու է: Հաջորդ օրը քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ եկան ու ինձ տարան ոստիկանական տեղամաս: Չորս օր պահեցին այնտեղ»,- պատմում է Թամարան:

Թամարային պարզ չէր, թե ինչի համար էին իրեն ոստիկանությունում պահում, մինչդեռ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, որով նա մեղադրվում էր խոշոր չափի դրամական միջոցներ հափշտակելու մեջ: «Գեներալը քրեական գործ հարուցելու համար ինձ մեղադրեց նրանում, որ ես խաբել եմ մարդկանց և 100 հազար դոլար փող կորզել նրանցից: Ի՞նչ փողերի մասին է խոսքը, երբ ամբողջ աշխարհը գիտի, որ տաջիկները Ռուսաստանում էժան աշխատուժ են: Փեսա կոչեցյալս էլ՝ ինձ մոտ մեքենա էր վարում, որտեղի՞ց այդ սովյալներին 100 հազար դոլար, որ կարողանային ինձ տալ»:

(շարունակությունը հաջորդ էջում)

print
11,113